Վեդի-Բասարը Երևանի խանության օրոք

5264

Երևանի խանության օրոք Վեդի-Բասարի մահալը, որը տարածվում էր նաև այսօրվա Ադրբեջանին պատկանող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հյուսիսային որոշ հողերի վրա, ուներ 21 բնակավայր՝ բոլորն էլ բնակեցված մահմեդականներով, բացառությամբ Վեդի-Ուլիայի, որտեղ բնակվում էին 799 մահմեդականներ և 15 հայեր: Մահմեդականներ էին պարսիկները, քրդերը, կովկասյան թաթարները (ադրբեջանցիներ) և թյուրքալեզու տարբեր ցեղեր:

Երևանի խանությունը, որ շուրջ 200 տարի Պարսկաստանի մաս էր կազմում, 1828-ին՝ ռուս-պարսկական երկրորդ պատերազմի արդյունքում անցավ Ռոմանովների Ռուսաստանին: Խանության տարածքի մաս էին կազմում այսօրվա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, ինչպես նաև այսօրվա Նախիջևանին պատկանող Շարուրի հատվածը, և այսօրվա Թուրքիայի մաս կազմող Իգդիրի շրջանը:

Երբ 1828-ին ռուսները ստեղծեցին Հայկական մարզը, Վեդի-Բասարի երեք գյուղերում՝ Խոր Վիրապում, Դավալույում և Վեդի-Ուլիայում, հաստատվեցին ավելի քան հազար հայեր Պարսկաստանից: Նրանցից 633-ը հաստատվեցին Դավալույում, 430-ը՝ Վեդի-Ուլիայում, 6-ը (մեկ ընտանիք)՝ Խոր Վիրապում:

Վեդի-Բասարում բնակչության ընդհանուր թիվը, համաձայն ռուս պատմաբան Իվան Շոպենի «Камеральное описание Армянской области» աշխատության, կազմում էր 4.355 հոգի, որից հայեր՝ 1.069, մահմեդականներ՝ 3.449 մարդ:

Վեդի-Բասարում ամենամեծ բնակավայրը Վեդի-Ուլիան էր՝ 1.244 բնակիչ, ապա գալիս էին Սադարակը (այսօր Նախիջևանի կազմում է)՝ 878, Դավալուն (Վեդի Բասարի վարչական կենտրոնը)՝ 661 բնակիչ:

Երևանի խանությունը բաժանված էր 15 վարչական շրջանների: Ըստ հերթականության՝ դրանցից 4-րդը Վեդի-Բասարի մահալն (շրջան) էր: (Առաջինի՝ Քառասուն Աղբյուր (Քըրխ բուլաղ) մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/10/kanaker-1832/, երկրորդի՝ Զանգի-Բասարի մահալի մասին տես՝https://www.aniarc.am/2015/04/18/zangi-basar-1828-population/, երրորդի՝ Գառնի-Բասարի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/22/garni-basar-mahal-1832/, հինգերորդի՝ Շարուրի մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/09/sharur-nakhijevan-1921/, վեցերորդի՝ Սուրմալուի մահալի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/08/arart-igdir-surmalu-khanate-of-yerevan/, տասնմեկերորդի՝ Սարդարապատի մասին տես՝ https://www.aniarc.am/2015/04/20/sardarapat-mahal-1828/):

Երևանի վերջին խանը Հոսեյն Ղոլի Խան Ղաջարն էր, որ կառավարեց երկու տասնամյակ` 1807-1827 թվականներին:

Լուսանկարում՝ Արարատը Խոր Վիրապից