Բարեկամավան գյուղի բնակչությունը 1831-1931 թվերին. Նոյեմբերյանի շրջան/Տավուշ

5109

Այսօրվա Բարեկամավան գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 302 բնակիչ, բոլորն էլ հայ:

Նախկինում Բարեկամավանը ունեցել է Ղուրումսուլու և Դոստլու անունները: Բարեկամավան է կոչվում 1978-ի հունվարի 25-ից: Բարեկամավանը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում: Հարևանությամբ գտնվում են երեք խոշոր ադրբեջանական գյուղեր՝ Քամառլու, Ղայմախլու, Ալբայրամլու:

5

Բարեկամավանում բնակիչները միշտ եղել են բացառապես հայեր: Բարեկամավանի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 302 հոգի

1873 թվական – 427 հոգի

1886 թվական – 566 հոգի

1897 թվական – 740 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1916 թվական – 769 հոգի

1922 թվական – 635 հոգի

1926 թվական – 681 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար)

1931 թվական –  847 հոգի

Բարեկամավանի բնակչությունը ավելացել է նաև խորհրդային տարիներին՝ 1970-ական թթ. հասնելով 1000-ի:

Արտագաղթը գյուղից սկսվեց խորհրդային վերջին տարիներին՝ շարունակվելով անկախության շրջանում: Այսօր Բարեկամավանում բնակչության փաստացի թիվը չի հասնում 300-ի:

Պատմական

Բարեկամավանը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի: Ընդ որում, Բարեկամավանը և այսօրվա Նոյեմբերյանի շրջանը Ռուսաստանին միացվել են Հայաստանի մյուս հատվածներից շուրջ 30 տարի վաղ՝ 19-րդ դարի սկզբին: 1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների:

Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Բարեկամավանը, Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: Ինչպես հայտնի է, 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1922-1936 թվականներին, այսօրվա Նոյեմբերյանի շրջանի գյուղերը մտնում էին Իջևանի և Ալավերդու շրջանների մեջ: Բարեկամավանը մտնում էր Իջևանի շրջանի մեջ:

_______

Բարեկամավան. մաշվող հայրենիքի պատկերը

Իմ «Ջիփը» կանգնեց ոլորապտույտ ճանապարհի ամենավերին հատվածում, որտեղից Բարեկամավանը բացվում է իր ողջ հմայքով, մենությամբ ու տխրությամբ: Հունվարի վերջերին տեղացած առատ ձյունը դեռ շաբաթներ կմնա տների տանիքների, ծառերի ճյուղերի, նորակառույց մատուռի ու հին գերեզմանաքարերի վրա:

Երբ նայում ես ամենավերեւից` սպիտակ սավանով ծածկված տները նմանվում են մեղվի փեթակների: Պարզ, շատ պարզ երեւում են հայկական ու ադրբեջանական զինվորական դիրքերը, որոնք միմյանցից հեռու են մի քանի հարյուր մետր: Երեւում են ադրբեջանական տները: Հարյուրամյակների պատմություն ունեցող Բարեկամավանը սահմանակից է ադրբեջանական երեք խոշոր գյուղերի` Քամառլու, Ղայմախլու եւ Ալբայրամլու, որոնք միասին ունեն ավելի քան 20 հազար բնակչություն:

1999-ին, երբ առաջին անգամ այցելեցի Բարեկամավան, դպրոցում սովորում էր 62 աշակերտ: Երբ այցելեցի 2003-ին, դպրոցում աշակերտների թիվը նվազել էր մինչեւ 40: «Ամենակարեւորը դպրոցն է։ Բավական է դպրոցը փակվի, եւ վե՛րջ Բարեկամավանին։ Այսօր գյուղը պահողը այս 40 աշակերտներն են, պետք է այնպես անենք, որ դպրոցը չփակվի»,- 2003-ին ինձ ասել էր նախկին  գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը:

Դպրոցը եւ այնտեղ սովորող աշակերտությունը Բարեկամավանի սիրտն են: Նախ շարժվեցի դեպի դպրոց: Աստղիկ Ազատյանը տնօրեն է արդեն 17 տարի: «Երբ ես հաճախում էի այս դպրոց, մեր դասարանում սովորում էր 36 աշակերտ, իսկ ամբողջ դպրոցում աշակերտների թիվը հասնում էր 350-ի: Հիմա ես այս դպրոցի տնօրենն եմ, որտեղ 12 դասարաններում միասին սովորում է ընդամենը 30 աշակերտ:  Առաջին դասարանում սովորում է մեկ աշակերտուհի: Պատերազմի, իսկ հետո աշխատանքի բացակայության պատճառով, մարդիկ սկսեցին հեռանալ գյուղից»,- պատմում է Ազատյանը:

Բարեկամավանը, որքան էլ այդ անունը դրական զգացումներ առաջացնի ընթերցողի մոտ, որքան էլ իր անտառներով ու սարերով հմայի այցելուներին, կործանվող հայ գյուղն է: Բարեկամավանը արտագաղթից մաշվող Հայաստանի մանրապատկերն է: Ընդամենը 25-30 տարի առաջ ավելի քան 1000 բնակիչ ունեցող գյուղում այսօր մնացել է միայն 290 մարդ: 2013-ին գյուղում ծնվել է մեկ երեխա, մահացել է 10 մարդ:

Գյուղի ավելի քան 220 տների մեծագույն մասի դռները կողպված են: Հիմնականում կողպվել են պատերազմի ավարտից եւ 1994-ին հաստատված հրադադարից հետո: Պատերազմում հաղթած հայ գյուղը, հայ մարդը չի դիմանում խաղաղությանը: Զինված հակառակորդին ծնկի բերած հայ մարդը մերժում է ծնկի գալ երկրում տիրող անարդարության առաջ ու հեռանում է իր տնից: Ընդամենը 80 տների ծխնելույզներից է ծուխ բարձրանում: Այդ տների մեծ մասում մնացել են տարեցներ: Նրանց որդիները լավ կյանքի հույսով հեռացել Երեւան, Ռուսաստան, այլուր:

Բենիկ Անտոնյանը, որի չորս երեխաներից եւ ոչ մեկը գյուղում չի մնացել, ասում է, որ դժվարություններով ապրելն էլ տանելի բան է: Նրա համար կարեւորը խաղաղությունն է: Ոչ թե զինադադար, այլ խաղաղություն: Նա համոզված է` միայն խաղաղության պայմաններում է հնարավոր ունենալ շեն ու բարգավաճող Բարեկամավան:

Ադրբեջանական դիրքերից գյուղի տները շատ մոտ են: Գյուղի հողատարածքների մեծագույն մասը չի մշակվում, քանի որ հակառակորդի կրակի տակ է: Սերյոժա Վիրաբյանը սպանվել է շարքացանի վրա` իր հողը մշակելիս։ Ադրբեջանցի նշանառուն կրակել է մոտակա բարձունքի` Սերյոժայի ճակատին։ Էդիկ Ալավերդյանը սպանվել է ականի պայթյունից` իր հողը մշակելիս: Մարտիկ Միքայելյանը սպանվել է իր խոտհարքում` խոտհնձին: Մարտիկի եւ նրա երկու որդիների ու մեկ այլ համագյուղացու վրա կրակել են ադրբեջանցիները, երբ հնձվորները նստել են շունչ քաշելու: Խալաթ Միքայելյանը իր հողամասում հանդիպել է ցանած ականին եւ կորցրել ոտքը:

Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ունի շուրջ 350 կիլոմետր սահման, որից 17 կիլոմետրը բաժին է ընկնում Բարեկամավանին: Միջահասակ մի գյուղացի, ով ներկայացավ Ջոնիկ անունով, պատմեց.  «Պատերազմի ժամանակ այդ գյուղը իր ուժերով պահել է հայ-ադրբեջանական սահմանի 17 կիլոմետրանոց հատվածը: Երեխաներից սկսած մինչեւ 60 տարեկան մարդիկ կանգնել ու պաշտպանել են սահմանը, գյուղը»: Նա բողոքեց իշխանություններից, ասելով, որ գյուղը անուշադրության են մատնել: «Մենք մեր երեխաներին չենք պահում: Մենք մեր երեխաներին խաբում ենք: Մեր երեխաները սոված չեն քնում, մեր երեխաներ կոշիկ ունեն, բայց նրանք մեծանում են` աշխարհից կտրված: Այստեղ ոչինչ չկա երեխաների համար: Տարվա մեջ գոնե մեկ  անգամ չենք կարողանում մեր երեխաներին դուրս տանել եւ Հայաստանի որեւէ տեսարժան վայր ցույց տալ: Չկա երգի կամ պարի խմբակ: Այստեղ ոչինչ չկա երեխաների ու երիտասարդների համար: Գալիս է պահ, որ մտածում եմ` ես էլ թքեմ հեռանամ, բայց հետո մտածում եմ` իսկ մեր հողն ու ջուրը, մեր գերեզմանները»,- վրդովված խոսում է Ջոնիկը:

Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը պատմում է. «Մարդիկ մի ժամանակ հույս ունեին, որ պատերազմի ավարտից հետո կյանքի պայմանները կբարելավվեն, բայց արդեն քանի տարի է անցել: Մարդուն կյանքը մեկ անգամ է տրվում: Ես գնացողներին չեմ մեղադրում: Ինչքան էլ հայրենասեր լինես, գյուղդ սիրես, կյանքը մեկ անգամ է տրվում: Այստեղ կյանքդ անցնում է ու ոչինչ չես տեսնում»:

Երիտասարդ գյուղապետ Գագիկ Աբազյանը թվարկում է չլուծված խնդիրները, որոնք կան գյուղում, միաժամանակ նշում. «Գյուղը գտնվում է Հայաստանի նախագահի եւ կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում: Այս տարի գյուղացիները կունենան բնական գազի խողովակ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով արդեն չորրորդ տարին պահուստային հողատարածքների վրա աշնանացան ցորեն է ցանվում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգ-վեց անգամ այցելել է գյուղ, անցնող տարի գյուղում մարդկանց սպառած էլեկտրաէներգիայի գումարը վճարել է նախարարությունը: Գյուղին տրամադրվել է երկու ամենագնաց մեքենա»:

Գյուղի ապագայի հարցում նա այնքան էլ լավատես չէ: Ինչպե՞ս լինես լավատես, երբ ամեն տարի գյուղում ծնվում է մեկ երեխա, մահանում է 10 մարդ: «Ես չեմ ուզում մտածել, որ կգա մի ժամանակ, երբ Բարեկամավանը այլեւս չի լինի: Չեմ ուզում մտածել, որ կգա մի ժամանակ, երբ գյուղում այլեւս մարդ չի լինի»,- ասում է նա:

Թաթուլ Հակոբյան

Հ. Գ. Այս հրապարակումը՝ Բարեկամավան. մաշվող հայրենիքի պատկերը, գրել եմ 2014 թվականի փետրվարին

Կարդալ և դիտել նաև՝

 

 

https://www.aniarc.am/2019/04/01/ijevan-1831-korkotian-19-villages/