Փաշինյանի և Նալբանդյանի մեկնաբանությունները` կիսով չափ մոտ ճշմարտությանը. Թաթուլ Հակոբյան

1389

Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի հարցին, հայտարարեց. «Երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես: Ես չեմ ասում, որ դուք այդ տարբերակն ընդունել և ստորագրել եք»:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց՝ որպես վարչապետ առաջին շփումների ժամանակ ասել է, որ «առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, և հիմա էլ ասում է, հարցի լուծում հնարավոր չէ»։

Վարչապետի վերոհիշյալ հայտարարությունների շուրջ մեկնաբանության համար Tert.am կայքը դիմել է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին․ «Մենք բազմիցս ենք ասել և կարող եմ միայն վերահաստատել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին տարիների աշխատանքային բոլոր փաստաթղթերում կարմիր թելով անցնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից՝ միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Ցավում եմ, որ վարչապետին մոլորության մեջ են դրել՝ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելով»:

Վարչապետի և նախկին արտգործնախարարի հայտարարությունները, ըստ Արցախի հարցով փորձագետ Թաթուլ Հակոբյանի, 50-ական տոկոսով մոտ են ճշմարտությանը։

«2007թ․ Մադրիդյան փաստաթղթում և դրանից հետո կողմերին Մինսկի խմբի կողմից առաջարկված բարեփոխված, փոփոխված տարբերակներում միշտ էլ խոսք գնացել է Արցախի ինքնորոշոման իրավունքի մասին՝ ռեֆերենդումի, պլեբիսցիտի կամ կամարտահայոտության ճանապարհով։

Մի կողմից ճիշտ է, որ Մադրիդյան փաստաթուղթը ենթադրում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, մյուս կողմից այդ իրացումը թողնվում է անորոշ ապագային։ Մադրիդյան և նրանից ածանցյալ փաստաթղթերի հմայքն ու վտանգը հենց երկիմաստության մեջ է։

Այնպես որ, միանշանակ չենք կարող ասել, որ Մադրիդյան փաստաթուղթն Արցախին տալիս է կարգավիճակ, բայց չենք կարող ասել, որ կարգավիճակի հարցը դուրս է մնում։ Պետք է նշել նաև, որ բանակցությունների ընթացքում կարգավիճակի շուրջ քվեարկության և Քարվաճառի վերադարձի ժամանակացույցերն են եղել վեճի հիմնական առարկան։

2007-ից ի վեր առաջարկված բոլոր տարբերակներում կարգավիճակի և տարածքների վերադարձի հարցը փոխկապակցված է։ Ընդ որում, եթե տարածքների վերադարձի հարցը ենթադրում է հստակ ժամանակացույց, ապա կարգավիճակինը շատ ավելի անորոշ է, հետևաբար, պարոն Նալբանդյանի և պարոն Փաշինյանի մեկնաբանությունները 50-ական տոկոսով են մոտ են ճշմարտությանը»։

Մադրիդյան սկզբունքների ամբողջական տեքստը՝ այս հղումով։ 

Պատրաստեց Ստելլա Մեհրաբեկյանը

ՍիվիլՆեթ