Իմ ամենաերկար ճանապարհը. Երևան-Լոս Անջելես-Սան Ֆրանցիսկո-Տորոնտո-Չիկագո-Ֆիլադելֆիա-Նյու Յորք-Մոսկվա-Երևան

1208

2016 թվականի ապրիլյան պատերազմից անմիապես հետո ես գնեցի օդանավի տոմս և դասախոսությունների շարքով այցելեցի Լիբանանի, Միացյալ Նահանգների և Կանադայի հայաշատ քաղաքներ՝ Բեյրութ, Լոս Անջելես, Մոնրեալ, ինչպես նաև՝ Սան Ֆրանցիսկո, Լաս Վեգաս, Տորոնտո, Չիկագո, Նեշվիլ, Վաշինգտոն, Դիթրոյտ, Նյու Յորք, Բոստոն, Նյու Ջերզի:

Նույնն արեցի նաև 2018-ի Հայաստանի ապրիլյան իշխանափոխությունից հետո, որը լրագրողական և քաղաքագիտական գրականության մեջ է մտել Թավշյա հեղափոխության անունով: Օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 8-ը այցելեցի Միացյալ Նահանգների և Կանադայի մի քանի քաղաքներ:

Երևանից Մոսկվա և Լոս Անջելես

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ուղիղ չվերթեր չկան: Հայերը Լոս Անջելես հասնելու համար հիմնականում նախընտրում են Աերոֆլոտ-Ռուսական ավիաուղիներ ընկերությունը, քանի որ տոմսերն ավելի մատչելի են, քան մյուս ավիաուղիներն են առաջարկում: Երևան-Լոս Անջելես մեկնելու և Նյու Յորք-Մոսկվա հետդարձի թռիչքները միասին տևում է ավելի քան 20 ժամ:

Օգոստոսի 21-ի կեսօրից հետո հասա Լոս Անջելես: Օդանավակայան ինձ դիմավորելու էր եկել Արտյոմ Խաչիկյանը՝ իմ հարազատը, որի հյուրընկալ ընտանիքում մնացի ուղիղ մեկ շաբաթ: Նրա և ընտանիքի հետ ծանոթացա Լոս Անջելեսի ու Կալիֆոռնիայի հետ, հանգիստ անցկացրի Սանտա Բառբառայի հատվածում՝ Խաղաղ օվկիանոսի ափին:

Լոս Անջելեսում

Օգոստոսի 23-ի երեկոյան Վենտուրայում (Լոս Անջելես)՝ Մարտիրոսյան իրավաբանական գրասենյակում, տեղի ունեցավ իմ առաջին հրապարակային ելույթը, որը կազմակերպել էր Այլընտրանքային նախաձեռնություններ նորաստեղծ կազմակերպությունը: Այս հանդիպումը հնարավոր չէր լինի առանց Էդգար Մարտիրոսյանի և Ստեփան Խզրթյանի:

Հանդիպմանը ներկա էր շուրջ երեք տասնյակ մարդ՝ երիտասարդ իրավաբաններ, քաղաքագետներ, տնտեսագետներ, բարձր տեխնոլոգիաների մասնագետներ, որոնք Միացյալ Նահանգներ են տեղափոխվել Հայաստանից: Սա Մարտիրոսյան իրավաբանական գրասենյակում իմ երկրորդ ելույթն էր: Առաջինը տեղի էր ունեցել երկու տարի առաջ՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո:

Իմ երկրորդ հրապարակային ելույթը տեղի ունեցավ օգոստոսի 24-ի երեկոյան Գլենդեյլի հանրային գրադարանում, որը կազմակերպել էր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Նոր սերունդ մշակութային միությունը: Այս, ինչպես իմ մյուս 8 դասախոսությունների ընթացքում փորձեցի Հայաստանի թավշյա հեղափոխության մասին պատմել ներսից, բացատրեցի, թե ինչպես հնարավոր եղավ իշխանությունից անարյուն հեռացնել Սերժ Սարգսյանին, ովքեր էին հեղափոխության հիմնական դերակատարներն ու խմբերը, ինչ մարտահրավերների առաջ է կանգնած այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս հանդիպումը ամենից մարդաշատն էր իմ ունեցած բոլոր մյուս 8 դասախոսությունների շարքում: Ավելի քան 150 մարդ էր ներկա: Ինչպես ելույթս, այնպես էլ հարց-պատասխանը ընթացավ հայերենով: Վերջում ներկայացրեցի ԱՆԻ կենտրոնի վերջին հրատարակությունները, մասնավորապես՝ ՍԴՀԿ նշանավոր գործիչ և կուսակցության հիմնադիրներից Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» գիրքը, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու երեք աշխատությունները, երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», Ռուբեն Տեր Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» և այլ հատորներ:

Վերջում տեղի ունեցավ գրքերի ստորագրություն: Ի դեպ, իմ այցելությունները Միացյալ Նահանգներ, Կանադա, Լիբանան, Իրան և բազմաթիվ այլ երկրներ հնարավոր են լինում իրականացնել նաև այն պատճառով, որ ճամփորդությունների համար օգտագործվում է իմ հեղինակած և հրատարակած գրքերի վաճառքից ստացված գումարը:

Գլենդեյլի հանդիպումը կազմակերպել էին և օժանդակել Համբիկ Սարաֆյանը, Գրիգոր Խոտանյանը, Հարութ Տեր-Դավիթյանը: Հաճելի էր նրանց հետ անցկացրած երեկոն դասախոսությունից անմիջապես հետո: Մենք խոսեցինք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի հայ քաղաքական շարժումների, հայ-թուրքական շփումների ու հարաբերությունների, դրանցում հայ ավանդական կուսակցությունների դերակատարության, և իհարկե ու հիմնականում՝ այսօրվա Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների շուրջ:

Մեկ շաբաթվա ընթացքում, որ ես եղա Լոս Անջելեսում, հանդիպումներ ունեցա իմ հին ու նոր ընկերների հետ, այցելեցի Հոլիվուդում գտնվող ՀՅԴ Ասպարեզ թերթի խմբագրատուն: Այդ մեկ շաբաթը ինձ համար նաև հանգստի ժամանակ էր, քանի որ վերջին տարիների հայաստանյան և արցախյան իրադարձությունները թույլ չէին տալիս լիարժեք հանգիստ ունենալ:

Լոս Անջելեսից՝ Սան Ֆրանցիսկո

Օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքից օդանավով մեկնեցի Օքլենդ: Մեկուկես ժամ անց Սան Ֆրանցիսկոյում էի: Սա աշխարհի այն քաղաքներից է, որ մեկ անգամ լինելուց հետո ուզում ես անպայման այցելել կրկին ու կրկին: Երկու տարի առաջ էի եղել այս քաղաքում, որի անունը դեռ երեխա ժամանակից ականջիս մեջ է Միմինո ֆիլմից:

Օքլենդի օդանավակայան ինձ դիմավորելու էր եկել Ռոստոմ Այնթաբլյանը: 88-ի երկրաշարժի օրերին նա եկել է Աղետի գոտի և ժամանակավորապես իր հետ Միացյալ Նահանգներ բերել երկու տասնյակ որբ ու ջարդվածքներ ստացած երեխաների: Երեխաները Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի օգնությամբ ֆիզիկական ու հոգեբանական բուժումից հետո վերադարձել են տուն:

Երեք օրերի ընթացքում նախատեսված էր երեք դասախոսություն, որոնից առաջինը կազմակերպել էր KZV հայկական դպրոցը և որը կայացավ Խաչատուրյան հայկական կենտրոնի Սարոյան սրահում: Սան Ֆրանցիսկոյի շրջանում իմ երկրորդ ելույթը տեղի ունեցավ նշանավոր Բերքլիիի համալսարանում: Քանի որ շուրջ 100 ներկաների մի մասը հայեր չէին կամ հայերեն լավ չգիտեին, դասախոսությունը անգլերենով էր: Բերքլիի հանդիպումը կազմակերպել էր համալսարանի դասախոսներից պատմաբան, հայագիտության ամբիոնի ղեկավար Ստեփան Աստուրյանը, ով դասախոսության մոդերատորն էր։ Իմ երրորդ դասախոսությունը, կրկին անգլերենով, կայացավ Սիլիկոնյան դաշտում՝ Սան Հոզեի Կուպերտինո քաղաքի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցում:

Սան Ֆրանցիսկոյի շրջանում ինձ օգնեցին բազմաթիվ մարդիկ, որոնցից պետք է նշեմ Եդվարդ Մսրլյանին և ընտանիքին, Ռոստոմ Այնթաբլյանին, Անի Բաղդասարյանին, Նուբար Դեմիրճյանին, Հրայր Սարգիսյանին, Խաչիկ Թեզյանին, Ստեփան Աստուրյանին, Շահե Ենիգոմշյանին, Սուրբ Անդրեաս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տաթև Հարությունյանին:

Սան Ֆրանցիսկոյից՝ Տորոնտո

Օգոստոսի 31-ի վաղ առավոտյան Սան Ֆրանցիսկոյից օդանավով ուղևորվեցի Տորոնտո՝ Կանադա: Հինգ ժամ անց Տորոնտոյի օդանավակայանում էի, որտեղ ինձ դիմավորելու էր եկել իմ բարեկամներից Վահե Սաթուրյանը: Կարճ հանգիստ առնելուց հետո ուղևորվեցինք քաղաքի հայ կաթոլիկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որի սրահում կայացավ իմ ելույթը:

Շուրջ 100 հոգի հավաքվածները հայախոսներ էին, այդ պատճառով, ելույթս հայերենով էր: Տորոնտոյի ձեռնարկը կազմակերպել էր տեղի Հայ Ակումբը: Այստեղ ուրախ էի կրկին տեսնելու իմ հին ընկերներին ու բարեկամներին, առաջին հերթին Վահե Սաթուրյանին ու Անաբել Շառոյանին, Հայ Ակումբի վարչականներին, հայ կաթողիկե եկեղեցու հայր Եղիշեին, Արամ Ադամյանին:

Տորոնտոյից՝ Չիկագո

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան, Տորոնտոյից օդանավով ուղևորվեցի Չիկագո, որտեղ կայացավ իմ հաջորդ դասախոսությունը: Այն կազմակերպել էին Չիկագոյի հայ համայնքի ակտիվ անդամներից Միսակ Գալյանը և ՀԲԸՄ-ն, որի սրահում կայացավ ձեռնարկը: Այստեղ ելույթ ունեցա և ներկաների հարցերին պատասխանեցի անգլերենով, քանի որ հայերենով հասկանալու և հատկապես խոսելու դժվարություն ունեն:

Չիկագոյից՝ Ֆիլադելֆիա

Սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան Չիկագոյից օդանավով ուղևորվեցի Ֆիլադելֆիա: Ինձ դիմավորելու էին եկել Փոլ Շահինյանն ու Արա Արազը: Սեպտեմբերի 2-ն ու 3-ը Աշխատանքի տոնն է ԱՄՆ-ում: Շահինյանի և Արազի ընտանիքների հետ երկու հրաշալի օր անցկացրի Լոնգ Բիչ Այլանդում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին:

Նյու Ջերսիից՝ Վաշինգտոն

Սեպտեմբերի 4-ին Նյու Ջերսիից ավտոբուսով ուղևորվեցի Վաշինգտոն: Այստեղ ձեռնարկը կազմակերպել էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը: Հանդիպմանը ներկա էին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, դեսպանատան և ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցներ, հայ և օտար փորձագետներ, լրագրողներ, Վաշինգտոնում բնակվող հայեր: Շնորհակալություն պետք է հայտնեմ դեսպանության աշխատակիցներին, դեսպան Հովհաննիսյանին, Ամերիկայի ձայն ռադիոկայանին ու լրագրող Արամ Ավետիսյանին և իմ հին ընկեր ու բարեկամ Էմիլ Սանամյանին ու ընտանիքին:

Վաշինգտոնից՝ Նյու Ջերսի

Սեպտեմբերի 5-ի կեսօրից հետո Վաշինգտոնից գնացքով ուղևորվեցի Նյու Ջերսի: Հաջորդ օրը տեղի էր ունենալու իմ վերջին՝ 9-րդ դասախոսությունը: Այն կայացավ Ֆեյր Լոն քաղաքի Սուրբ Լևոն հայկական եկեղեցում՝ Չառլզ և Գրեյս Փինաջյան երիտասարդական կենտրոնում:

Նյու Ջերսիի ձեռնարկը համատեղ կազմակերպել էին ՀԲԸՄ-ն, ՌԱԿ-ը, Արդարություն Հայաստան միավորումը, Վարդանի ասպետները, NAASR-ը, Policy Forum Armenia-ն և Սուրբ Լևոն եկեղեցին: Հատկապես պետք է շնորհակալություն հայտնեմ Արա Արազին:

Այս դասախոսությունից հետո, որը անգլերենով էր, Փոլ Շահինյանի և Սեդա Արազ Շահինյանի հետ շտապեցինք Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայան: Նյու Յորք-Մոսկվա-Երևան թռիչքով վերադարձա տուն:

Իմ լրագրողական գործունեության շուրջ 25 տարիների ընթացքում այցելել եմ տասնյակ երկրներ ու հարյուրավոր քաղաքներ աշխարհի տարբեր մայրցամաքներում: Այս ճանապարհը, որ ես անցա օգոստոսի 21-ից սեպտեմբերի 8-ը, ամենաերկարն էր ու ամենահարուստը: Իմ այս ճանապարհին ես հանդիպեցի իմ հին ընկերներին, բարեկամներին ու հարազատներին, գտա նոր ընկերներ, ծանոթացա տասնյակ նոր մարդկանց հետ:

Նրանք ինձ օգնեցին՝ ինչպես կարող էին, օգնեցին անշահախնդիր կերպով: Առանց նրանց ընկերակցության այս ճանապարհն անցնելը դժվար կլիներ:

Թաթուլ Հակոբյան