«Նոր Ապրիլ, Նոր Հայաստան»՝ Թաթուլ Հակոբյանի հետ հանդիպում Տորոնտոյում օգոստոսի 31-ին

917

2018 թվականի օգոստոսի 31-ի երեկոյան Տորոնտոյում՝ Կանադա (Հայ կաթողիկե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, 100 Northdale Rd, North York, ON) «Նոր Ապրիլ, Նոր Հայաստան» թեմայով դասախոսություն կկարդա լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Հանդիպումը կազմակերպել է Տորոնտոյի Հայ Ակումբը՝ Armenian Association of Toronto.

Տորոնտոն կլինի Հակոբյանի՝ ԱՄՆ-ի և Կանադայի մոտ մեկ տասնյակ քաղաքներում դասախոսությունների շարքի կանգառներից: Մինչ այդ նախատեսվում են նրա ելույթները Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, ապա՝ Չիկագոյում, Նյու Ջերսիում, Վաշինգտոնում:

Հանդիպումների ընթացքում Հակոբյանը Հայաստանի թավշյա հեղափոխության մասին կպատմի ներսից, կփորձի բացատրել, թե ինչպես հնարավոր եղավ իշխանությունից անարյուն հեռացնել Սերժ Սարգսյանին, ովքեր էին հեղափոխության հիմնական դերակատարներն ու խմբերը, ինչ մարտահրավերների առաջ է կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա տարիներին:

Յուրաքանչյուր դասախոսության ավարտին Հակոբյանը կներկայացնի իր և իր կենտրոնի վերջին հրատարակությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու  աշխատությունները, այդ թվում՝ երկերի ընտրանին, երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», Ռուբեն Տեր Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը», Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» և այլ հատորներ:

Թաթուլ Հակոբյանը ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան է (2009-ից ի վեր), ՍԻՎԻԼՆԵԹ-ի լրագրող և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր):

Լրագրող Հակոբյանին շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: 2005-ին Երևանի մամուլի ակումբը նրան ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող: 2009-ին Երևանի մամուլի ակումբը նրան մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար: 2014-ին «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն