Շահեն Հարությունյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

1128

Նոր իշխանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում 5 տարի առաջ «արժեքների հեղափոխության» դուրս եկած և խուլիգանության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե նոր իշխանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում այդ գործին:

Շահենը երեկ բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ «շատ կարճ ժամանակում կլուծվի իր հորը արժանապատվությամբ ազատ արձակելու խնդիրը»:

«Մինչև հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, հեղափոխական շարժման ընթացքում նույնպես հայտարարում էր, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է», – ասաց Շահենը՝ շարունակելով․ – «Սա առաջին նամակը չէ, բազմաթիվ նամակներ եմ հղել, բայց կրկին արձագանք չկա: Կարծում եմ, որ այսպես երկար չի կարող շարունակվել: Ինչքա՞ն կարելի դիմել և ոչ մի տեսակի արձագանք, ոչ մի տեսակի պատասխան չստանալ: Սա հենց վիրավորանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ»:

Նամակում Շահեն Հարությունյանը շեշտում է, որ հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի նկատմամբ ժամանակին իրականացվել է անարդար դատավարություն և կայացվել է նրա արարքին ակնհայտորեն անհամաչափ դատավճիռ․ – «Մի քանի տեղ լսել եմ, որ իբրև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանն է հրաժարվել դուրս գալ: Նման բան չկա․ Շանթ Հարությունյանին որ մի բան չեն առաջարկել, և Շանթ Հարությունյանը ոչնչից չի հրաժարվել: Այլ խոսք, որ եթե առաջարկեն ներում, Շանթ Հարությունյանը հրաժարվելու է, որովհետև ինչի՞ համար Շանթ Հարությունյանը պետք է բանտից դուրս գա ներման համաձայն: Նա չի կատարել ոչ մի հանցանք և պետք է արդարացվի: Կամ գոնե դուրս գա բանտից այլ արժանապատիվ տարբերակով»:

Շանթ Հարությունյանը գրեթե հինգ տարի ճաղերի հետևում է և դեռ մեկ տարի էլ կմնա անազատության մեջ:

2013-ի նոյեմբերի 5-ին Հարությունյանը և նրա գաղափարակից մի քանի ընկերներ «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով երթ էին նախաձեռնել, որը սակայն ընդհատվեց Մաշտոցի պողոտայում, ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ: Այս գործով 14 մարդ դատապարտվեց, այդ թվում՝ նաև Հարությունյանի անչափահաս որդին:

Օգոստոսի սկզբին մի խումբ իրավապաշտպաններ նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով «հետին պլան չմղել» Շանթ Հարությունյանի ու առհասարակ քաղբանտարկյալների արդարացման գործը:

«Ազատության» հետ զրույցում խորհրդային տարիներին այլխոհության համար ազատազրկված իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ընդգծեց, որ Շանթի գործը լավ առիթ է Հայաստանում քաղբանտարկյալների թեման առհասարակ փակելու համար․ – «Երբ որ դու բաց ես անում բանտի դուռը և քաղբանտարկյալին աում ես՝ գնա տուն, դա դեռ չի նշանակում, որ փակվեց քաղբանտարկյալի թեման: Շանթ Հարությունյանի բանտում գտնվելը հենց դա է: Շանթ Հարությունյանը տուն գնալ չի ցանկանում, նա ցանկանում է արդարացում: Եվ հիմա մենք պետք է հասկանանք, կան Շանթ Հարությունյանի օրինակով գտնենք ճանապարհ, որպեսզի իշխանությունները քաղբանտարկյալների թեման փակեն: Ոչ թե քաղբանտարկյալներին ազատ արձակեն, այլ փակեն քաղբանտարկյալների թեման: Իսկ դա փակվում է մի ճանապարհով միայն՝ արդարացնել բացարձակապես բոլոր քաղբանտարկյալներին»: