Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը»՝ պարտադիր ընթերցանության հատոր

993

Ձեզ ենք ներկայացնում խորհրդային 8 տարիների քաղկալանավոր Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմությունը» հատորից մի կտոր՝ սկիզբը: Այս գրքում Հարությունյանը հիմնականում իր մասին չի պատմում, այլ այն մարդկանց, ում հանդիպել է կալանավայրում՝ ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, վրացիներ: 

—-

Այստեղ դրվագներ են իմ կյանքի ընդամենը ութ տարուց։ Տարիներ, որ հանուն  Հայաստանի անկախության անցկացրել եմ խորհրդային կալանավայրերում։ Թե ինչքան է եղել իմ ներդրումն անկախության կայացման գործում, ես չէ, որ պետք է ասեմ ու գնահատեմ։ Թե ինչքան են եղել իմ դերն ու նշանակությունը այդ գործում, կրկին իմ գնահատելիքը չէ։

Ես մենակ չեմ եղել։ Մենք շատ էինք։ Խոսքս միայն հայերի ու հայաստանցիների մասին չէ։ Խորհրդային միություն կոչվող պետության ու համակարգի դեմ բոլոր պայքարողները նպաստել են Հայաստանի անկախության կայացմանը։ Եւ ազատ աշխարհն էր իր արժեքները կոմունիստական ագրեսիայից պաշտպանելու նպատակով պայքարում դրանց դեմ, եւ միության ներսում ապրող այլախոհներն էին պայքարում, եւ եթե փորփրենք, այլ ուժեր էլ կգտնենք։ Բոլոր ուժերի համատեղ պայքարի արդյունքն էր աշխարհի անվտանգությանն սպառնացող, մարդատյաց գաղափարախոսությամբ առաջնորդվող այդ երկրի տապալումը, ինչի արդյունքում խորհրդային հանրապետությունները, Վարշավյան պայմանագրի երկրներն անկախություն ձեռք բերեցին։ Ուրախ ու հպարտ եմ, որ այդ պայքարի մասնակիցն եմ եղել։

Պատմական զարգացումները եւ արդեն գրանցված փաստը վկայում են, որ մեր այդ պայքարը հաջողությամբ է պսակվել։ Կարելի է միայն ուրախանալ։ Ես հաջողության եմ հասել։ Այդ հաջողությունից հետո ողջ եռանդս տրամադրել եմ արդեն անկախ հռչակված Հայաստանում ժողովրդավարության կայացման գործին ու․․․ պարտվել եմ։ Հայաստանն այդպես էլ չդարձավ իմ երազած ժողովրդավարական երկիրը։ Այս ճակատում հպարտանալու ոչինչ չունեմ։ Անկախության հռչակումից հետո գրանցած բոլոր ձեռքբերումները փոշիացվեցին, ու մենք այս բնագավառում տարեցտարի միայն նահանջ ենք արձանագրում։

Եթե ցանկանում ես, որ քեզ ճանաչեն ու գնահատեն, ապա, առաջին հերթին, պետք է ներկայացնես այն միջավայրը, որտեղ ձեւավորվել ես, մարդկանց՝ ում հետ առնչվել, շփվել ու մտերմացել ես։ Եթե կարողանաս ընկերներիդ ու մտերիմներիդ ճիշտ ներկայացնելով՝ օգնել մարդկանց ճանաչել նրանց, ապա, ճանաչելով ու գնահատելով ընկերներիդ՝ նրանք կճանաչեն ու կգնահատեն քեզ։ Իսկ եթե, ընկերներիդ մոռանալով, խոսես միայն քո մասին կամ՝ որ շատ ավելի վատ է, ընկերներիդ ու աջակիցներիդ արժեզրկես, տարված այդ ֆոնին արժեքդ էլ ավելի բարձրացնելու ու սեփական եսդ էլ ավելի ընդգծելու մոլուցքով, ապա, լավագույն դեպքում, կընկալվես որպես ուշադրության ոչ արժանի սովորական մի ինքնասիրահարված։ Մարդիկ կմերժեն ու կհեգնեն քեզ։ Ու ճիշտ էլ կանեն։ Ինքնասիրահարվածի ինքնամեծարման որոճանքը միշտ էլ վանող է ու ձանձրալի։

Ես մտադիր եմ պատմել ընկերներիս ու ծանոթներիս մասին։ Մարդկանց մասին, որոնց միջավայրում կայացել եմ։ Առանց իմ ճանապարհին հանդիպած այս մարդկանց՝ ես ես չէի լինի։ Նրանցից ոմանք խիստ էական ազդեցություն են թողել ինձ վրա, նպաստել են, որ լինեմ այնպիսին, ինչպիսին կամ, ոմանց բացասական կերպը տեսնելով հասկացել եմ, թե ինչպիսին լինել չի կարելի։ Գոհ եմ ճակատագրից, որ ինձ այսքան շատ լավ, արժանավոր ու հետաքրքիր մարդկանց է հանդիպեցրել։ Վատերն էլ են շատ եղել։ Նրանք էլ իրենց տեղն ունեն։ Ճակատագրից բողոքներ չունեմ։