Ռուսական սադրանք է Հայաստանի ինքնիշխանության դեմ

1964

Փանիկ գյուղում տեղի ունեցածը անթույլատրելի միջադեպ է, կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հուլիսի 17-ին Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան, առանց նախապես զգուշացնելու տեղի իշխանություններին և բնակիչներին, զորավարժություններ էր անցկացրել, ռազմական տեխնիկան մտցրել Փանիկ գյուղ։ Գյուղացիներն անակնկալի էին եկել և վախեցել այդ միջադեպից։

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է։ Եվ դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև նշել է, որ  դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերի ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել․ «Ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են և հույս ունեմ հետագա ընթացքը արդյունավետ կլինի»:

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին, ՀՀ-ում ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին:

Ինչպես հաղորդում է ՊՆ կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի մոտ ՌԴ զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Դավիթ Տոնոյանը պահանջել է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն տեղի ունեցածի կապակցությամբ:

ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարը զեկուցել է միջոցառման բնույթի, պլանավորման և իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, ըստ գնդապետ Ելկանովի զեկույցի՝ միջոցառումն ընդգրկված է եղել հայկական կողմի հետ նախապես համաձայնեցված, ՌԴ 102-րդ ռազմակայանի 2018թ. մարտական պարտաստության ծրագրում, որի վերաբերյալ բազայի հրամանատարությունը համապատասխան կարգով իրազեկել է ՀՀ իրավասու մարմիններին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

Դավիթ Տոնոյանը հորդորել է նմանատիպ հարցերում առավել սերտ և մանրակրկիտ աշխատանք իրականացնել թե ՀՀ պաշտպանության նախարարության և թե տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առավել մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական բնակչության հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը:

Հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց փաստաթղթերի մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ են հնչել:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն է խնդրել և նշել, որ միջադեպը անփութության արդյունք է եղել՝ վստահեցնելով, որ այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի: