«Աշխատավոր» թերթը Հայոց ազգային խորհրդի՝ Երևան տեղափոխվելու մասին

1700

«Աշխատավոր» թերթը Հայոց ազգային խորհրդի՝ Երևան տեղափոխվելու մասին

17 հուլիս 1918թ.

Անդրկովկասյան հեղափոխական ֆրոնտի պայթումից հետո, երբ կալվածատերերի և թավադների կամակատար մենշևիկների «նախաձեռնությամբ» Անդրկովկասը բաժանվեց երեք «անկախ» պետությունների, երբ այդ երեք հատվածների միացյալ աշխատանքը չունեցավ «ցանկալի» հետևանքներ, երբ անկախ Վրաստանում հիմնավոր կերպով տեղավորվեցին «բարեկամ» գերմանացիները, իսկ Ադրբեջանում՝ «արյունակից և կրոնակից» բարեկամ Տաճկաստանը, երբ, վերջապես, այդ երկու քաղաքական միավորներն աշխատում են իրենց «հզոր բարեկամների» միջոցով դնել իրենց պետական-վարչական կյանքի հիմքերը, երբ նրանք (թեպետ «ամեն գնով») աշխատում են «կարգ» հաստատել երկրի ներսում և բարեկամական կապեր՝ դրսում, այդ ժամանակ «Անկախ Արարատյան Հանրապետությունը», շրջապատված ամեն կողմից «բարեկամական» դաշինք ստորագրող թշնամուց [Օսմանյան կայսրություն], ստիպված էր շարունակել զենքը ձեռքին կռվել իր ֆիզկական գոյությունն ապահովելու համար:

Ու այդ կռիվը՝ ծանր, օրհասական, շարունակվում է մինչև օրս…

Մեր բնագավառի համար այս պատմական պատասխանատու րոպեին նրա անունից խոսող, իրեն հայկական գործերի գերագույն մարմինը հորջորջող <Հայոց> ազգային խորհուրդն ահա ամսից ավել է, որ ուզում էր գնալ <Երևան>, որոշեց գնալ…, բայց չէր գնում:

Ամսից ավել է, որ խոսվում է կառավարություն ստեղծելու մասին, և մինչև օրս այդ հարցն էլ չլուծվեց՝ մնաց առկախ, անորոշ:

Մինչև օրս պատահարների ու բախտի քմհաճույքին թողնված մեր բնագավառը պահպանում է իր գոյությունը շնորհիվ աշխատավորության ծոցից դուրս եկած անձնվեր մարդկանց, շնորհիվ կազմակերպված կամքի, որը գիտի և ընդունակ է զոհել անձնականը՝ հասարակականին, եսականը, կուսակցականը՝ պետականին, մի ընդունակություն, որից զգալի չափով զուրկ գտնվեցին «անաչառ» քննադատի դեր ստանձնած թե՛ աջակողմյան և թե՛ ձախակողմյան կուսակցությունները:

Այսօր, վերջապես, մեծամասնության ճնշման տակ Երևան է մեկնում Ազգային խորհուրդը: Վերջապես հերոսական ազատամարտ տանող ժողովուրդը կտեսնի իր բախտը տնօրինողներին և եթե այստեղից գնացողները նոր հոգով, նոր եռանդով գործի անցնեն, այն ժամանակ հոգնած մեր մարտիկները և հուսահատության դուռն ընկած կիսաքաղց աշխատավորությունը նոր թև կառնեն, նոր կյանքի հույսով կվառվեն:

Բարի ճանապարհ բոլոր տուն գնացողներին:

Հայրենի վաթանը կարոտ է շինարար աշխատանքի, և մենք կհուսանք, որ Ազգային խորհուրդը, դուրս պրծնելով Թիֆլիսի ճահճացած մթնոլորտից, ընդունակ կլինի այդ աշխատանքին:

«Աշխատավոր», 18 հուլիսի, 1918թ., թիվ 86

«Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը (1918թ. մայիս-հուլիս). փաստաթղթերի և նյութերի ժողովածու», Երևան, 2009, կազմող՝ Համո Սուքիասյան, էջ 161

Լուսանկարում՝ ՀՀ կառավարության շենքը 1918-1920-ին