Վարդան Հարությունյանի «Քաղբանտարկյալի պատմություն» հատորը՝ վաճառքում

1424

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ հրատարակել է 8 տարի խորհրդային կալանավայրերում անցկացրած Վարդան Հարությունյանի նոր գիրքը, որը կրում է «Քաղբանտարկյալի պատմություն» խորագիրը:

Խորհրդային այլախոհ Հարությունյանի առաջին գիրքը՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում», հրատարակվել է 2014-ին և հասանելի է ԱՆԻ կենտրոնի կայքում:

«Քաղբանտարկյալի պատմություն» գիրքը կարելի է ձեռք բերել Երևանի Նոյյան Տապան, Բուկինիստ և Արթբրիջ գրախանութներում: Բոլոր գրախանութներում գիրքն արժե 3.900 դրամ:

Հարությունյանի այս հատորը կարևոր տեղ է զբաղեցնելու ԽՍՀՄ-ում այլախոհության, քաղաքական բռնաճնշումների և տոտալիտար համակարգի մասին պատմող բազմաթիվ և բազմալեզու գրքերի շարքում:

«Քաղբանտարկյալի պատմություն» գիրքը, որ նաև բանտային օրագրություն է, արժեքավոր է հատկապես նրանով, որ հեղինակը չարությամբ չի խոսում այն մարդկանց ու համակարգի մասին, որոնք տառապանք էին պատճառում խորհրդային քաղբանտարկյալներին՝ մահվան դուռը հասցնելով նրանց:

Ներկայացնում ենք գրքի առաջին պարբերությունը և բովանդակությունը.

Այստեղ դրվագներ են իմ կյանքի ընդամենը ութ տարուց։ Տարիներ, որ հանուն  Հայաստանի անկախության անցկացրել եմ խորհրդային կալանավայրերում։ Թե ինչքան է եղել իմ ներդրումն անկախության կայացման գործում, ես չէ, որ պետք է ասեմ ու գնահատեմ։ Թե ինչքան են եղել իմ դերն ու նշանակությունը այդ գործում, կրկին իմ գնահատելիքը չէ։ Ես մենակ չեմ եղել։ Մենք շատ էինք։ Խոսքս միայն հայերի ու հայաստանցիների մասին չէ։ Խորհրդային միություն կոչվող պետության ու համակարգի դեմ բոլոր պայքարողները նպաստել են Հայաստանի անկախության կայացմանը։ Եւ ազատ աշխարհն էր իր արժեքները կոմունիստական ագրեսիայից պաշտպանելու նպատակով պայքարում դրանց դեմ, եւ միության ներսում ապրող այլախոհներն էին պայքարում, եւ եթե փորփրենք, այլ ուժեր էլ կգտնենք։ Բոլոր ուժերի համատեղ պայքարի արդյունքն էր աշխարհի անվտանգությանն սպառնացող, մարդատյաց գաղափարախոսությամբ առաջնորդվող այդ երկրի տապալումը, ինչի արդյունքում խորհրդային հանրապետությունները, Վարշավյան պայմանագրի երկրներն անկախություն ձեռք բերեցին։ Ուրախ ու հպարտ եմ, որ այդ պայքարի մասնակիցն եմ եղել։

Բովանդակություն

Որտեղից եմ գալիս

Առաջին բանտախուց

Նախաքննություն

Տարբերություններ եւ նմանություններ

Դատավարություն

Բանտից բանտ ճանապարհորդություն՝ էտապ

37-րդ կալանավայր

35-րդ կալանավայր

37-րդ փոքր կալանավայր ․

36-րդ կալանավայր

Կալանավայրերի կենսապայմանները

Դեպի Մագադան

Դեպի Բուրկանդիա

ԱՆԻ կենտրոն