Հայերը թուրքերին առաջարկում են դեսպաններ փոխանակել. Խատիսյանը՝ Հալիլին – 1918

1505

1918 թվականի մայիսի 28-ից հունիսի 5-ը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի պատվիրակությունը՝ Ալեքսանդր Խատիսյան (ՀՅԴ), Հովհաննես Քաջազնունի (ՀՅԴ) և Միքայել Պապաջանյան (Հայ ժողովրդական կուսակցություն), Բաթումում՝ թուրքերի պահանջով, բանակցություններ վարեց Օսմանյան կայսերական կառավարության պատվիրակության հետ (Հալիլ բեյ, Վեհիբ փաշա)։ Հունիսի 4-ին ստորագրվեց Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև։

Առաջիկա օրերին ԱՆԻ կենտրոնը կներկայացնի բանակցությունների մանրամասներ, ինչպես նաև արխիվային փաստաթղթեր, որոնք քիչ են ծանոթ հանրությանը։ Փաստաթղթերը վերցվել են Հայաստանի ազգային արխիվից, որտեղ 1918-1920 թթ․ հայ-թուրքական հարաբերությունների մասին նյութերը հիմնականում ֆրանսերենով, ռուսերենով, հայերենով և արաբատառ օսմաներենով են։

ԱՆԻ կենտրոն

*****

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆԸ՝ ՀԱԼԻԼ ԲԵՅԻՆ

Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 23, թերթ 82

Հայաստանի հաշտության պատվիրակություն

Հունիսի 3, 1918թ., Բաթում

Ձերդ գերազանցություն,

Հայաստանի հաշտության պատվիրակությունը, Օսմանյան կայսրության և Հայաստանի միջև կնքված հաշտության և բարեկամության պայմանագրին հարակից, պատիվ ունի առաջարկելու հետևյալը.

Մինչև ներկա պայմանագրի վավերացումը, անհրաժեշտ է Օսմանյան կառավարության և Հայաստանի միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու նպատակով, ինչպես նաև թյուրիմացություններից խուսափելու համար, Երևան ուղարկել անմիջապես Օսմանյան կառավարության դիվանագիտական գործակալ և զինվորական կցորդ, ինչպես նաև Օսմանյան կառավարությունից թույլտվություն ստանալ նորին գերազանցություն Վեհիբ փաշայի շտաբում հայկական կառավարության զինվորական կցորդ ունենալ, իսկ Կ. Պոլսում՝ դիվանագիտական ներկայացուցիչ:

Պատվիրակության նախագահ

Անդամներ

Նորին գերազանցության Հալիլ բեյին

Արդարադատության մինիստ Օսմանյան կայսրության

պատվիրակության նախագահ

Նորին գերազանցության Վեհիբ փաշային

Օսմանյան կայսրության զինվորական պատվիրակ

Կովկասի ճակատի Օսմանյան զորքերի ընդհանուր հրամանատար

*****

ՀԱԼԻԼ ԲԵՅԻ պատասխանը ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆԻՆ

Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 200, ցուցակ 1, գործ 23, թերթ 148

Հունիսի 4, 1918թ., Բաթում

Պարոն նախագահ,

Ստացել եմ Ձեր նո. 6, 3/6/1918թ. գրած նամակը:

Ես հաղորդեցի Կ. Պոլիս Ձեր առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան մեր կողմից դիվանագիտական ներկայացուցիչ ուղարկելու, ինչպես նաև Կ. Պոլսում Հայաստանի կառավարության դիվանագիտական ներկայացուցիչ ուղարկելու և մեր շտաբում զինվորական կցորդ նշանակելու մասին:

Ես ձեզ խոստանում եմ պատասխանը ստանալուն պես հաղորդել:

Վեհիբ

Կովկասի ճակատի Օսմանյան զորքերի ընդհանուր հրամանատար, գեներալ լեյտենանտ

Նորին գերազանցություն պարոն Խատիսովին

Հայաստանի Հանրապետության հաշտության պատվիրակության նախագահ

Լուսանկարում՝ Երևանի Սախարովի հրապարակի շենքերից մեկում է տեղավորվել Հայաստանում Օսմանյան կայսրության դեսպանությունը