Փաշինյանի հեղափոխությունից հետո Արագածի փեշերին արածող կովերը եռակի կաթ պետք է տա՞ն․ Շարմազանով

2082

Երեկ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որտեղ քննարկվել է կառավարության ծրագիրը, ներքաղաքական հարցեր, ինչպես նաև Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու հարցը, հաղորդում է Ազատությունը։

Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել իր անդամներից մի քանիսին գործուղել մասնակցելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մշակման աշխատանքներին, նրանց թվում եմ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը։

Շարմազանովը նաև բացառել է, որ արտահերթ ընտրությունների պարագայում Հանրապետականը դուրս մնա նոր խորհրդարանից։

«Ազատություն». – Նոր կառավարության ծրագրի, կազմի մասին Սերժ Սարգսյանն արտահայտվե՞լ է։

Շարմազանով. – Նոր կազմի մասին ոչ, ես բոլորին էլ շնորհավորում եմ վարչապետից մինչև բոլոր նախարարներին, և մենք ասել ենք, կներեք էս բառիս համար, ներողություն եմ խնդրում բառիս համար, բայց Հանրապետականն աբիժնիկ չէ։ Հանրապետականը պետականամետ ուժ է, մենք գոտկատեղից ներքև հարվածներ չենք հասցնելու, մենք հնարավորություն պետք է տանք, որպեսզի կառավարության ծրագիրն ընդունվի, և ինչպես մայիսի 8-ին այնպես էլ հունիսի 7-8-ին՝ քվեարկության ժամանակ, մենք համապատասխան քանակությամբ ձայներ կապահովենք, որպեսզի կառավարության ծրագիրը ընդունվի և Փաշինյանի կառավարությունը շարունակի գործել։ Դա նաև պարոն նախագահի համոզմունքն էր։ Երկրորդ՝ միևնույն ժամանակ մեր քաղաքական՝ թևը հաշվի առնելով ծրագրի բովանդակությունը, կամ շատ դեպքերում ծրագրի բովանդակության բացակայությունը և խնդրահարույց որոշ կետեր, մենք շատ հավանական է, որ քվեարկենք դեմ։ Այսինքն՝ մեր քաղաքական թևը կքվեարկի դեմ, ոչ թե դեմ Փաշինյանին, մենք անձերին դեմ չենք, զուտ փաստաթղթին, բայց հնարավորություն կտանք, ֆրակցիայից կլինեն մի շարք պատգամավորներ, ովքեր, որ կողմ կքվեարկեն։

«Ազատություն». – Ինչպես որ ընտրեցին Փաշինյանին։ Իսկ քաղաքական թևը կոնկրետ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրի ո՞ր դրույթներին է սկզբունքորեն դեմ։

Շարմազանով. – Նախ ասեմ, որ ես կառավարության ծրագրում ծրագիր չեմ տեսել, կներեք՝ ինքը ցանկությունների, երազանքների, միգուցե բաժակաճառերի փաստաթուղթ է, որտեղ կան բարի ցանկություններ, բարի երազանքներ, բայց չկան ինչպես, ոնց, ինչ թվեր, ումով… սա է մտահոգիչ։ Այսինք՝ Փաշինյանն առաջարկում էր թռիչքային զարգացում, թռիչքային զարգացումը ես հասկանում եմ առնվազն երկնիշ տնտեսական աճ, դրա մասին չկա։ Հասկացանք արտահերթ ընտրություններ, բայց մինչև էս արտահերթ ընտրություններն, անկախ նրանից, թե դրանք երբ կլինեն, մեր ժողովուրդը սպասելիք ունի, որևէ մեկը չի կարող մեկ-երկու տարի սպասել, ինչ է որ արտահերթ ընտրություններ են, արտահերթ ընտրությունների համար կան նաև այլ կառույցներ, որ պետք է զբաղվեն։

«Ազատություն». – Պետք է թվե՞ր լինեն նաև, թե որքան տնտեսական աճ են կանխատեսում։

Շարմազանով. – Չկան ոչ միայն թվեր, այլ նաև ռեսուրսը չկա, թե ինչպես պետք է անեն։ Գրած է՝ «գյուղատնտեսությունը պետք է հեղափոխական տեմպերով զարգանա», հեղափոխական տեմպերով զարգանալը ո՞րն է, Արագածի փեշերին արածող կովերը Փաշինյանի հեղափոխությունից հետո կրկնակի կամ եռակի կաթնարտադրություն պետք է տա՞ն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ