Հ․Յ․Դ․-Հնչակեան հակասութիւնները Երիտթուրքերի հետ գործակցութեան շուրջ

1364

Հատուած Ստեփան Սապահ-Գիւլեանի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ հատորից

—-

Պատմեցինք, որ «մենք արդէն մի քանի ժողովներ էինք ունեցած – Դաշնակցութիւնը այդ շատ լաւ գիտէր- «Երիտասարդ»ների հետ, եւ սակայն, անկարող էին եղած ո՛րեւէ դրական եւ յարատեւ համաձայնութեան գալու. որովհետեւ, բացի սկզբունքային, կազմակերպչական տարբերութիւններից, նրանք մերժում էին յեղափոխական տաքտիկա, պետութեանց միջամտութիւն. եւ՝ դրանք էլ դեռ մի կողմ թողնելով՝ մատնանշեցին, որ թուրք ընդդիմադիր կոչուածները բնաւ անկեղծ չէին: Նրանք, աւելացրինք, քաղաքական ներկայ դրութիւնից մտահոգուելով՝ պարզապէս ուզում են մեզ խաղալիկ, գործիք դարձնել. կա՛մ մեզ անդամալուծուել եւ կա՛մ մեզանից օգտուել՝ մեզ իրենց նպատակներին ծառայեցնել: Մինչդեռ մեր սեպհական շահը, այժմ, պահանջում է՝ հայկական ստուար զանգուած կազմել ու պէտք եղած պատրաստութիւնը տեսնելուց յետոյ՝ յարձակողականի մտնել, ջանալով նաեւ համագործակցութիւն ստեղծել մեր եւ Մակեդոնացիների, Արաբների ու Յոյների միջեւ»:

Մեր հակառակորդ կուսակցութեան ներկայացուցիչը՝ դրան ի պատասխան՝ այն միտքը յայտնեց, որ եթէ բոլոր Հայերը, մեր բոլոր կուսակցութիւնները միանային, դարձեալ ոչին՛չ չէին կարող անել. որովհետեւ ուժ չունէինք եւ թշնամին կարծուածից աւելի զօրեղ դուրս եկաւ: Քանի որ այդպէս, մեր սեպհական ուժերով մի բան անել չէինք կարող, ուստի՝ իր կուսակցութեան կարծիքով, անհրաժեշտ էր համերաշխիլ թուրքերի հետ եւ նրանց միջոցով տանիլ մի դրութիւն յառաջ բերել:

Դրան մեր պատասխանը եղաւ, որ յառաջ քշուած տեսութիւնը նոր չէ. արդէն մեր պահպանողականների, հակայեղափոխականների փիլիսոփայութեան էութիւնն էլ, գլխաւորապէս, հէնց նրա մէջն է կայանում, որ մենք՝ Հայերս, սեպհական ուժ չունենք թշնամին խորտակելու չափ: Հետեւաբար, մենք այդ թէզով չէինք կարող առաջնորդուիլ: Բայց իրականութիւնն այն է, որ Հայ Յեղափոխութիւնը անկարող եղաւ պէտք եղած ծաւալը եւ տարածականութիւնը ստանալ. դրա էլ անմիջական պատասխանատուները Հայ Յեղափոխական Կուսակցութիւնները եւ նրանց վարիչներն են, որ չկարողացան հայ ժողովրդին, յեղափոխական բարեխառնութիւն ունեցող բոլոր տարրերին կազմակերպել, միացնել եւ արտայայտել: Այնպէս որ մեր թուլութիւնը, մեր տկարութիւնը երեւութական է եւ պատասխանատուն՝ մենք, յեղափոխականներս. մինչդեռ Հայ Ազգը՝ իր խորութեանը մէջ՝ յեղափոխական անսպառ աղբիւր է միայն, որ մեր Կուսակցութիւնները որոշ հասկացողութեան գան, իրարու չջլատեն, իրարու գործունեութիւնը ամլութեան չդատապարտեն, եւ ապա՝ պատասխանատուութիւնը Ազգի վրայ ձգեն, մի ազգի՝ որ միայն իր գորութեամբ ապացուցել է, որ ինքը ազատագրուելու ներքին ուժ ունի իր հոգւոյ խորքերի մէջ: Ուրեմն՝ Համագործակցութի՜ւն. որպէսզի կարողանանք Հայ ուժի ամբողջութիւնը ասպարէզ հանել եւ կռուի բռնեցնել ու վարել:

Պատասխանուեցաւ մեզ, որ Հայութեան պէտքական մասը միայն բուն Հայաստանի բնիկներն էին, որ շատ սահմանափակ թիւ էին ներկայացնում, իսկ Հայաստանից դուրս եղածները մի առանձին արժէք չունէին. գալով Կիլիկիայի Հայ ժողովրդին, նա արդէն բարոյապէս փճացած էր:

Որ Հայաստանցին իր Հայերի արժանաւոր զաւակն էր մնացել, դրան ի՜նչ խօսք կարող էինք ասել.- բայց սխալ էր այն կարծիքը, ասացինք, որ Հայաստանից դուրս գտնւողները մի առանձին արժէք չէին ներկայացնում. մինչդեռ հէնց հայերի այդ ցրուածութիւնը ներկայացնում էր մեր անխոցելի կողմերից մէկը. ամբողջութիւնը չէր կարելի հարուածել՝ մէկ վայրի հարւոծելովը: Իսկ Կիլիկիացիների նկատմամբ եղած արտայայտութիւնը մենք բոլորովին անարդար համարեցինք եւ իրականութիւնից հեռու:

Ընդդիմախօսի պատասխանն այն եղաւ, որ դրա կարճ ապացոյցն այն էր, որ 1896ից յետոյ՝ այդ երկիրը, հակառակ ամէն ջանքերի, գործունեութեան ո՛րեւէ նշան ցոյց չտուեց. եւ իրենք նիւթական փաստեր ունին նրա փչացած լինելու մասին:

Մենք չկարողացանք համաձայնել: «Նախ մէջ բերելով այն իրողութիւնը, որ այդ շրջանում, բացարձակ տիրապետողը մեր Կուսակցութիւնն է եղել, որի տակտիկան թոյլ չէր տալիս մանր ցոյցերի տեսութեամբ առաջնորդուելու: Երկրորդ՝ Զէյթունի, Չորք-Մարզուանի, Ֆրնուզի, Սուէտիայի… նկատմամբ, ո՛րեւէ աննպաստ կարծիք չի կարելի ունենալ. եւ երրորդ՝ այն հանգամանքը, որ Դաշնակցութիւնը 200 ոսկի էր տուել Զաւարեանին, նա էլ Կիլիկեցիներին տանելով՝ թելադրել էր տեղական շարժումներ, ապստամբութիւններ յառաջ բերել ու նրանք էլ այդ դրամն առնելով՝ ոչինչ չէին արել.-իրարու դա բարոյական թերացման մի պարագայ է, բայց բոլորովին ներելի՝ հետեւանքի տեսակէտից. որովհետեւ 200 ոսկուով լուրջ ոչինչ կարելի էր անել. եւ այդ իրողութիւնը ինքնին գալիս է ասելու, որ այդ ժողովուրդը, բացի իր պատմական կորովից, ունի նաեւ որոշ աստիճանի քաղաքական հասունութիւն»:

Դաշնակցութեան ներկայացուցիչը մինչեւ վերջ իր հակակիլիկեան թէզը վրայ կեցաւ, մենք էլ՝ մեր:

Վերադառնալով Հայ Կուսակցութիւնների համերաշխութեան խնդրին, մեր հակառակորդը դարձեալ պաշտպանեց այն թէզը, թէ երբ մենք այս Կոնգրէսին կը մասնակցինք, դրանով է՛լ աւելի կը դիւրանայ գործը եւ կարող կը լինենք երկու Կուսակցութիւնների մտքերը պատրաստել այն ուղղութեամբ, որ ամբողջ երկիրը երկու շրջանների բաժնուի, որով իւրաքանչիւր Կուսակցութիւն իր շրջանի մէջ անարգել կը գործի…

Այդ բաժանումով, մօտաւորապէս, Կարինը, Վանը, Մուշը, Բաղէշը պիտի անցնէր Դաշնակցութեան, իսկ Կիլիկիան, Փոքր-Հայքը, Խարբերդը, Տիգրանակերտը՝ Ս. Դ. Հնչակեանութեան:

Կոնգրէսին մեր մասնակցել չկարողանալուն համար՝ ասացինք՝ յետոյ կը խօսուի. իսկ ինչ վերաբերում է ամբողջ երկիրը եւ Հայ ազգը երկու Կուսակցութիւնների միջեւ բաժանելուն, դա մի դժբախտ թէզ էր, որ այդ ուղղութեամբ ո՛չ միայն մտքեր պէտք էր պատրաստել, այլ պատրաստուած մտքերը պատրանքից դուրս բերել: Թաթարական կռիւների ժամանակ՝ այդպիսի համերաշխութեան արդիւնքը աւելի քան աղէտալի եղաւ. եւ նա անդարմանելի չարիքի առաջ մեզ կը դնէր, եթէ չփութացուէր առաջն առնելու: – Այդպիսի համերաշխութեան հետեւանքով՝ Հողացիմի (Նախիջեւանի գետ) յայնկոյսը Ս. Դ. Հնչակեաններին էր պատկանել, իսկ յայնկոյսը՝ Հ. Յ. Դաշնակցականներին: Հնչակեան զինուորները գետի այն կողմն էին կռւում, իսկ Դաշնակցականները՝ այս: Այս կողմի կռուողները այն կողմիններին օգնութիւն չէին տալիս, ասելով որ մեր բաժնի մէջը չէ, այն կողմիններն էլ այս կողմիններին չէին օգնում՝ ճիշդ միեւնոյն առարկութեամբ: Եւ դրա ծանր հետեւանքը կրեցինք: Իսկ Տաճկաստանի համար՝ մի այդպիսի դրութիւն ընդունելը պարզապէս, մի անիմաստ, այլանդակութեան հասնող գործ կը լինէր, որ ո՛չ միայն նորանոր կորուստների դուռ պիտի բանար, այլ է՛լ աւելի պիտի նպաստուէր մեր թուլացմանը, եւ իրարու մտաւոր, բարոյական, նիւթական ուժերից չպիտի կարողանայինք օգտուել՝ եթէ համերաշխէինք ի՛սկ: Միւսկողմից՝ մենք պիտի ստիպէինք՝ Դաշնակցութեան շրջանի մէջ  եղող մեր ընկերներին՝ Դաշնակցական դառնալ, Դաշնակցութիւնն էլ պիտի պարտաւորեցնէր, որ մեր շրջանի մէջ եղող իր ընկերներն էլ Ս. Դ. Հնչակեաններ դառնան. ինչ որ գաղափարական տեսակէտով, ո՛չ միայն անհեթեթութեան պիտի տանէր, այլ Կուսակցական ներքին ցնցումների տեղի պիտի տար:

Դա ապագայի խնդիր լինելով՝ ձգեցինք:

Հարցրինք՝ թէ իրա՞ւ է տարածուած այն լուրը, – եւ մեզ հաղորդողը եղած է ինքը՝ Շաքիր Պէհաէտտինը- որ իրենք յարաբերութեան մէջ են մտել եւ նախածրագրել  են համաձայնութիւն՝ «Երիտասարդ Թուրքեր»ի հետ՝ համապետական ուղղութեամբ, եւ Հայկական Դատը թողնելու նախապայմաններով:

Պատասխանը եղաւ դրական. ասելով՝ որ իրենց Ընդհանուր Ժողովը այդ որոշմանը յանգեցաւ՝ երկար ուսումնասիրութիւններից եւ վիճաբանութիւններից յետոյ:

Դիտեցինք, որ երբ վերջերս Կովկասյան Հայ մամուլի մի մասը, գլխաւորապէս Ռուս Սոցիալ Դեմոկրատիայի եւ Ռուս Սոցիալիստ-Յեղափոխականների հետ միացած՝ նախկին Հնչակեանները եւ Դաշնակցականները, ինչպէս եւ Հայ Սոցիալիստ Դեմոկրատ պիտակը կրողները, նրանց հետ միասին այլ եւ այլ անուններով յորջորջուող սոցիալիստները՝ երբ մի առանձին թափով մասնաւր արշաւանք էին սկսել Հայ Յեղափոխութեան Կուսակցութիւնների դէմ, սխալ եւ միանգամայն վնասակար համարելով նրանց հիմնական սկզբունքները, կազմակերպչական դրութիւնը եւ գործունեութեան եղանակը. ու փաստում էին, Տաճկաստանի մէջ գործող բոլոր Կուսակցութիւնների համար՝ ընդգրկել համապետական ուղղութիւն եւ լքումն Հայկական Դատի.- այն ժամանակ Դաշնակցական պաշտօնական եւ անպաշտօն օրգանները սկսեցին կատաղի պայքար այդ հոսանքի դէմ եւ կրակ ու բոց էին ժայթքում, անէծք էին կարդում ամէն նրանց, որոնք Հայկական Դատը թողնելու փաստաբաններն էին հանդիսանում: Ասացինք որ, երբ այդ արշաւողների հետ միասին, Թիֆլիսում հրատարակուող «Երկրի Ձայնը» Համապետական ուղղութեան հարց դրեց Տաճկաստանի մէջ, – ամենից աւելի ուժեղ ընդդիմադրող եւ յաճախ աւելի քան նեղ ազգայնական ոգու պատասխանող, հակառակորդ հանդիսացողները եղան իրենք՝ ա՛յն Դաշնակցականները, որնք Վիեննայի Կոնգրէսի մէջ՝ այդ որոշումն են քուէարկել: Արդ, ի՞նչ եղաւ մի երկու ամսուան մէջ, ինչո՞ւ թէզից հակաթէզ անցան, մէկ հակոտնեայից միւսը. մի՞թէ ազդուեցան «Երկրի Ձայն»ից եւ զանազան գրչակներից:

Այստեղ, Դաշնակցութեան ներկայացուցիչը իր կուսակցական արժանապատուութիւնը վիրաւորուած զգալով՝ մարտական մի առանձին շեշտով բացագանչեց թէ՝ ո՞վ է «Երկրի Ձայն»ի խմբագիրը. ի՞նչ արժէք ունին այս ու այն սոցիալիստները, որ Դաշնակցութիւնը նրանց գրածներից ազդուէր. «Այդ մենք որոշել ենք ինքնաբերաբար»:

Ասուեցաւ, որ «Երկրի Ձայն»ի խմբագիրը իրենց նախկին ընկերն էր. եւ Ս. Դ. Հնչակնների կատաղի հակառակորդը, նոյնիսկ այդ միեւնոյն խնդիրների առթիւ: Բայց այն իրողութիւնը, որ մի քանի ամիս առաջ որոշ հոսանք է տեղի ունեցել, իրենք՝ Դաշնակցականները այդ հոսանքի դէմ պայքարել են եւ յանկարծ, իրենց կռուի ճակատը փոխում են ու մի քիչ առաջուան հակառակորդի թէզը պաշտպանում, նրա դիրքի վրայ անցնում,- այդ ասել է կա՛մ պարտութիւն, կա՛մ ազդեցութեան ենթարկում:

Մեր ընդդիմաբանը նորից բողոքեց ազդեցութեան ենթարկուելու տեսութեան դէմ. ասաց՝ որ իրենց այդ ժամանակուայ դիրքը հետեւանք էր Վիեննայի Ժողովից առաջ տրուած որոշումներին. իսկ հիմակուան դիրքը բղխում էր Վիեննայի Ժողովի որոշումից. ինչ որ բոլորովին համապատասխան է կազմակերպչական օրէնքներին եւ կարգապահութեանը:

Ընդունելով որ՝ ասացինք, Դաշնակցութիւնը սկզբնաւորել է 1890ին, ուրեմն նա՝ 17-18 տարուան կեանք ունեցող մի քաղաքական մարմին է: Արդ, ի՞նչ զօրաւոր փաստեր եկան նրան համոզելու, որ իր առաջուան դիրքը սխալ էր, գծած ուղղութիւնը՝ վնասակար. արդեօք ի՞նչ կար փոխուած Թիւրքիայի մէջ. մի՞թէ Հայ Ազգի եւ Թուրք Պետութեան, Հայ տարրի եւ միւս տարրերի փոխ-յարաբերութիւնների մէջ այնպիսի զգալի փոփոխութիւններ էին կատարուել, որ իրենք չէին նախատեսել դեռ 1890ին, երբ ամէն ինչ ձեւակերպում էին Հայկական Դատի եւ անջատ ուղղութեան վրայ: Ի՞նչպէս կը լինի, որ 2-3 ամիս առաջ Հայ Ազգը ուժ ունէր, իսկ հիմա՝ ո՛չ: Կիլիկիան մի՞թէ մի քանի ամսուայ մէջ՝ չճանաչուելու աստիճան բարոյապէս այլակերպուեց…:

Դաշնակցութեան ներկայացուցիչը խօսքը շուռ տուեց, պատասխանեց՝ որ մի՞թէ Սոցիալ-Դեմոկրատների համար միեւնոյնը չէ. համապետական ուղղութիւն կամ ուրոյն գործունեութիւն. քանի որ նրանք ո՛չ Ազգ են ճանաչում, ո՛չ էլ Հայրենիք:

Շնորհավորելով «նորամանուկ սոցիալիստներին», պատասխանեցինք՝ որ նախ դա՝ յարուցուած խնդրի էութեան հետ կապ չունի: Երկրորդ՝ բոլոր սոցիալ-դեմոկրատները ա՛զգ էլ են ճանաչում, հայրենք՛ էլ. եւ եթէ այդ խնդիրների առթիւ, սոցիալ-դեմոկրատների մէջ տարակարծիքութիւններ կան, նոյնքան էլ այդ միեւնոյն տարակարծիքութիւնները գոյութիւն ունին ե՛ւ սոցիալիստ յեղափոխականների մէջ.- օրինակ՝ սոցիալիստ յեղափոխական Չիպրիտնին-. իսկ Հերվէիզմը սոցիալ-դեմոկրատութիւն չէր. հետեւաբար, իր քարը սխալ ուղղութեամբ գլորեց:

Համերաշխութիւնը փոխադարձ զիջում է պահանջում. հարկաւ մենք էլ մի բան պիտի զիջէինք. ամէն Կոնգրէսների եւ համաձայնութիւնների մէջ այդպէս է լինում.- մեր ընդիմախօսի վերջին փաստաբանութիւնը այդ եղաւ:

Մեր Հուսկ բանքը.-զիջումներ, անշուշտ, կարելի է անել. բայց ո՛չ թէ էական, գոյութեան հիմունքը քանդող: Տաճկաստանի նկատմամբ համապետական ուղղութիւնը սխալ է. իսկ Հայկական Խնդիրը թողնելը՝ ոճիր. դաշնակցութիւնը պատասխանատու է մնում Հայ Ազգի, Հայ Յեղափոխութեան եւ իր սեպհական նահատակ ընկերների առաջ, որոնց արեան շիթերը պիտի ցանուին կենդանի, ապրող, այդ ոճիրը գործող Դաշնակցականների խղճին, հոգուն, ճակատին…:

-Եւ այդ «ոճիրը» ձեր ընկերներն էլ գործեցին. ձեր մամուլը այդ ուղղութեամբ պրոպագանտա մղեց…:

-Այո՛, մեր անհատ ընկերները այդպիսի մի սխալ գործելու տեսակէտով, հակառակ մեր Կուսակցութեանց պաշտօնական դիրքին եւ որոշումներին. բայց մեր Հինգերորդ Ընդհանուր Պատգամաւորական Ժողովը եկաւ եւ այդ ընկերներին ճանապարհ դրեց. ու Կուսակցութիւընը շարունակեց քայլել, ամբողջութեամբ, իր պատմական հիմունքներով եւ ուղիով: Իսկ ձեր պատգամաւորական Ժողովը եկաւ՝ այդ ոճիրը սրբագործեց, նուիրագործեց, համակուսակցական դարձրեց եւ ձեզ էլ այդ ոճրի ներկայացուցիչն ու գործադրողը կարգեց…:

-Բողոքում եմ եռանդագին՝ այդ անարդար յարձակումների դէմ…:

-Դուք բողոքի իրաւունքը կորցրիք ա՛յն օրը, երբ Հայկական Դատի ուրացման փաստաբանը հանդիսացանք…

Մենք երկուսս էլ, անզգալի կերպով, նստած տեղերնիցս արդէն վեր էինք կացել…:

Ընկեր Մուրատը եւ մեր հիւրընկալը մէջ մտան, մեզ հանդարտեցրին եւ ամէն մէկիս մեր տեղը նստացրին:

Մեր բարի հիրւընկալը ասաց՝ ծայր աստիճանի յուզուած. «Ես աշխատեցի ձեզ իրարու մօտ բերել համերաշխեցնելու համար. հիմա վիհը առաջուանից է՛լ աւելի լայն բացուեց… երանի՜ կանչած, միջնորդած չլինէի… ինչո՞ւ չմնացինք ձեր առաջուան սիրալիր դիրքի վրայ…»:

Ներողութիւն խնդրեցինք. ասացինք, որ Հայ Յեղափոխականը «սիրալիր» յարաբերութիւնների իրաւունքը վաղո՜ւց կորցրել է. ո՛չ նրա հոգին է իրենը, ո՛չ էլ ջիղերը. եւ եթէ հասարակական գործը նրանց, երբեմն էլ, տմարդի է դարձնում, այդտեղ նրանք մեղաւոր չեն եւ ներողամտութեան արժանի. որովհետեւ դա փաստ է, որ նրանք իրենց կոչման բարձրութեան վրայ են…:

Կառք առանք, երեքով միասին իջանք քաղաքը: Անցնում էինք լուսով ողողուած Պարիզի պողոտաներով, բայց մեր սիրտը թախծալից էր, հոգին՝ մռայլ. կարծէք թէ՝ մեռելատնից էինք վերադառնում:

Ընկեր Մուրատը մի քանի անգամ «սառոյցը կոտրեց» եւ աշխատեց՝ զանազան խնդիրների շուրջ խօսակցութիւն բանալ. բայց անկարելի եղաւ. ընթացքը շարունակեց: Ապակին կոտրուել, փշրուել էր:

Առաւօտեան լուսադէմին, ժամը 4ին, Կեդրոնավայր հասանք…:

Ընկեր Արամը արթնցել, գործի էր սկսել:

Երբ անցած-դարձածը պատմեցինք, խեղճ ընկերը սառած մնաց. ասաց՝ որ մարդու «բան մը չըսինք»:

-Ինչո՞ւ:

-Ժողովուրդը կը լսէ, կը յուսահատի:

-Շա՛տ լաւ, մենք բան չենք ըսեր…:

«ԳՈՐԾԸ». Տեղի ունեցաւ «Օսմանեան ընդդիմադիր տարրերի Բ. Կոնգրէսը»:

Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնը չմասնակցեց: Մեզ ուղարկուած կոչին մենք պատասխանեցինք հրապարակապէս, որից այսօր մի բառ ջնջելու հարկի տակը չենք գտնւում. ամէն ինչ լի ու լի, ճիշդ կատարուեց: Այդ պատասխանը Ֆրանսերէն լեզուով թարգամնելով՝ ցրուեցինք բոլոր քաղաքագէտներին, պետական հաստատութիւններին, մամուլին եւ մասնաւորապէս՝ Արեւելյան Խնդրով շահագրգռուողներին:

Չմասնակից Մինաս Չերազը:

«Անկախ Արաբիա»ի խմբագիր Նէգիպ Ազուրին էլ մերժեց:

Բաղկացուցիչ ազգութիւններից եւ ո՛չ մէկը ներկայ եղաւ: