Լեռնային Ղարաբաղի մասին ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթից. 1994թ

1886

Քանի որ հայկական իրականության մեջ կրկին բանավեճ է սկսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանրամասների շուրջ, ԱՆԻ կենտրոնը կհրապարակի մի քանի փաստաթղթեր՝ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին:

Այժմ հրապարակում ենք ԵԱՀԽ/ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի տեքստը, որտեղ հղում կա նաև Ղարաբաղյան հակամարտությանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում արտահայտած ղարաբաղյան կարգավորման մոտեցումները քննադատել էր ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Վերջինիս կոշտ կերպով քննադատել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

ԱՆԻ կենտրոն 

6 դեկտեմբեր, 1994թ.

Մաս երկրորդ, Տարածաշրջանային հարցեր

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ ԵԱՀԿ գործողությունների ակտիվացում

1. Մտահոգություն հայտնելով հակամարտության շարունակության և մարդկանց համար դրա ողբերգական հետևանքների կապակցությամբ` մասնակից պետությունները ողջունել են հակամարտության կողմերի հաստատումը կրակի դադարեցման մասին, որը ձեռք էր բերվել 1994թ. մայիսի 12-ին Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցությամբ: Նրանք հաստատել են իրենց նվիրումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին և ողջունել Անվտանգության խորհրդի կողմից ԵԱՀԽ ջանքերին ուղղված քաղաքական աջակցությունը` հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Նրանք հակամարտության կողմերին կոչ են արել սկսել ավելի ինտենսիվ բանակցություններ էական հարցերի շուրջ, ներառյալ` ուղիղ շփումները: Տվյալ համատեքստում նրանք հստակ մտադրություն են հայտնել ընդլայնել ԵԱՀԿ-ի կողմից ձեռնարկվող ջանքերը և նրանց ցուցաբերվող աջակցությունը: Նրանք վճռականորեն աջակցում են ԵԱՀԽ Մինսկի խմբի միջնորդական գործունեությանը, ինչպես նաև` երախտագիտություն հայտնում Ռուսաստանին` վճռորոշ ներդրման և Մինսկի խմբի այլ անդամներին` անհատական ջանքերի համար: Նրանք պայմանավորվել են համակարգել և ԵԱՀԽ շրջանակներում ընդհանրացնել բոլոր ջանքերը:

2. Այս նպատակով նրանք գործող նախագահին հանձնարարել են մասնակից պետությունների հետ խորհրդատվությունների հիման վրա և հնարավորինս շուտ նշանակել Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին, որպեսզի ստեղծվի ընդհանուր և համաձայնեցված հիմք բանակցությունների համար, ինչպես նաև ապահովել ամբողջ միջնորդական եւ բանակցային գործընթացի լիարժեք համակարգումը: Համանախագահները բանակցային բոլոր ջանքերում պետք է առաջնորդվեն ԵԱՀԽ սկզբունքներով և համաձայնեցված մանդատով, համատեղ նախագահեն Մինսկի խմբի հանդիպումներին, համատեղ զեկուցեն գործող նախագահին: Նրանք պետք է իրենց աշխատանքի ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնեն Մշտական խորհրդին:

3. Իբրեւ առաջին քայլ` այդ ջանքերի շրջանակներում նրանք հանձնարարել են Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին Ռուսաստանի և Մինսկի խմբի առանձին անդամների աջակցությամբ և նրանց հետ համագործակցության պայմաններում անհապաղ ձեռնարկել քայլեր` ուղղված կրակի դադարեցման համաձայնության պահպանմանը` հենվելով միջնորդական գործունեության ընթացքում նախկինում ձեռք բերված առաջընթացի վրա, օպերատիվ կերպով անցկացնել բանակցություններ զինված հակամարտության դադարեցման քաղաքական համաձայնության ձեռքբերման նպատակով, որի իրականացումը կվերացնի հակամարտության հիմնական հետեւանքները բոլոր կողմերի համար և թույլ կտա գումարել Մինսկի խորհրդաժողով: Այնուհետեւ նրանք խնդրել են Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին հակամարտության կողմերի հետ շարունակել համատեղ աշխատանքը` հետագա վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների, հատկապես` մարդասիրական ոլորտում: Նրանք ընդգծել են ինչպես անհատական հիմքի, այնպես էլ միջազգային կազմակերպություններին համապատասխան շրջանակներում մասնակից պետությունների կողմից ձեռնարկվող միջոցառումների անհրաժեշտությունը տվյալ տարածաշրջանի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով փախստականների աղետալի վիճակի թեթեւացմանը:

4. Նրանք համաձայնել են, որ հակամարտության կողմերի տեսակետներին համապատասխան` վերոնշյալ համաձայնության իրականացումը հնարավորություն կտար ծավալել բազմազգ ուժեր խաղաղության պահպանման համար, իբրև այդ համաձայնության իրագործման կարեւորագույն բաղադրիչ: Նրանք հայտարարել են քաղաքական պատրաստակամության մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան բանաձև ի ընդունման դեպքում խաղաղության պահպանման նպատակով տրամադրել ԵԱՀԽ բազմազգ ուժեր զինված հակամարտության դադարեցման` կողմերի միջև համաձայնության ձեռք բերումից հետո: Նրանք առաջարկել են գործող նախագահին հնարավորինս սեղմ ժամկետներում մշակել ծրագիր, որը վերաբերում է նշված ուժերի ստեղծման կազմին և գործունեությանը, որոնք կկազմակերպվեն 1992թ. Հելսինկիի փաստաթղթի երրորդ գլխի հիմքի դրույթներով և լիովին համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրությանը: Այս աշխատանքում գործող նախագահը կհենվի Մինսկի խորհրդաժողովի համանախագահների և Մինսկի խմբի օգնության, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի կողմից ցուցաբերվող աջակցության վրա. համապատասխան խորհրդակցությունների անցկացումից հետո նա նաև Վիեննայում կստեղծի Բարձր մակարդակի ծրագրավորման խումբ` առաջարկների մշակման համար, որն այլ հարցերից բացի կմշակի տվյալ ուժերի չափի եւ բնութագրիչների, հրամանատարության եւ ղեկավարման, նյութատեխնիկական ապահովվածության, համապատասխան ստորաբաժանումների եւ ռեսուրսների բաշխման և այդ ուժերը տրամադրող պետությունների հետ ձեռք բերված համաձայնությունների և այդ ուժերի գործածության կարգը: Նա աջակցություն է հայցել ՄԱԿ-ից` նախկինում արտահայտված տեխնիկական, փորձագիտական, խորհրդատվական օգնություն տրամադրելու պատրաստակամությունից ելնելով: Նա նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից կձգտի ձեռք բերել երկարատեւ քաղաքական աջակցություն` խաղաղության պահպանման նպատակով ԵԱՀԽ ուժերի հնարավոր ծավալման վերաբերյալ:

5. Այսպիսի նախապատրաստական աշխատանքի և 1992թ. Հելսինկիի փաստաթղթի երրորդ գլխի դրույթների հիման վրա և կողմերի միջևհամաձայնության ձեռքբերումից ու Մինսկի խորհրդաժողովի համանախագահների միջնորդությամբ կողմերից գործող նախագահին պաշտոնական խնդրանք ուղղելուց հետո մշտական խորհուրդը որոշում կընդունի խաղաղության պահպանման նպատակով ԵԱՀԽ գործողության անցկացման մասին: