«Չկա մի մարդ, որ կարողանա ինձ պարտադրի՝ ես հեռանամ». Ռուբեն Հայրապետյան

2034

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անգամ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո, մտադիր չէ հրաժարվել ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախկին հանրապետական պատգամավորն ասաց, որ իրեն ոչ ոք չի կարող հեռացնել, հաղորդում է Ազատությունը:

«Ո՞նց եք պատկերացնում, որ պետք ա ձեր ասելով կամ ինչ-որ մեկի ասելով ես հեռանամ: Ես խնդիր ունեմ լուծելու, երբ կլուծեմ կավարտեմ, այն ժամանակ ես ինքս կորոշեմ՝ ինչ կանեմ: Ու չկա մի մարդ, որ կարա ինձ պարտադրի՝ ես հեռանամ»,- ասաց Հայրապետյանը:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորած Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ երևանյան քայլերթերի ընթացքում, որպես հայկական ֆուտբոլում առկա վատ վիճակի խորհրդանիշ, ծակ ու ցեխոտ գնդակ էր նետել Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի ուղղությամբ՝ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչ Հայրապետյանին կոչ անելով թողնել ՀՖՖ ղեկավարի պաշտոնը:

Մինչդեռ Ռուբեն Հայրապետյանն այսօր ևս հայտարարեց՝ ինքը չի ասել, որ եթե հավաքականը հաջորդ մրցաշրջանում դարձյալ ձախողվի, հեռանալու է ՀՖՖ ղեկավարի պաշտոնից: Իրեն ուղղված հրաժարականի կոչի հետ կապված մեկնաբանություններ էլ առաջարկեց ստանալ հենց վարչապետ Փաշինյանից․ «Ես չգիտեմ՝ ինքը ինչի համար է արել այդ [հայտարարությունը]»:

Հայրապետյանը հույս հայտնեց, որ նոր իշխանությունները, որպես ֆուտբոլասեր, կաջակցեն ֆուտբոլին, ինչպես դա անում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը: «Նոր իշխանությունները նույնպես ֆոտբոլասեր են և կաջակցեն: Իհրակե՝ չեն կարող այնպես սիրեն [ֆուտբոլը], ինչպես Սերժ Սարգսյանն է սիրել, բայց, այնուամենայնիվ, կսիրեն»,- լրագրողներին ասաց Ռուբեն Հայրապետյանը: