«Խորը զղջման հասցնել յուրաքանչյուր ուժի, որը կհանդգնի ոտնձգություն կատարել Արցախի անվտանգության նկատմամբ». Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Լեռնային Ղարաբաղ, 9 մայիսի, 2018թ

2878

Թավշյա հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր առաջին այցը կատարել է Լեռնային Ղարաբաղ, 2018 թվականի մայիսի 9: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը մասնավորապես ասել է.

«… կարևոր եմ համարում, որ իմ առաջին այցը վարչապետի կարգավիճակում կայանում է հենց Արցախի Հանրապետություն, որովհետև Արցախի Հանրապետության հետ մեր հարաբերություններն առաջնային են: Ես եկել եմ այստեղ հետևյալ երկու ուղերձով. առաջինը, որ լիարժեք և անվերապահորեն իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետությանը և նրա նախագահին, երկրորդը՝ երեկ ես իմ ելույթում ասել եմ, որ շատ կարևոր ենք համարում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Կհամարձակվեմ պնդել, որ պատճառներից մեկը, որ հարցի կարգավորման բանակցությունները մինչ այսօր ցանկալի արդյունք չեն տալիս՝ թերևս նաև դա է, որովհետև դժվար է պատկերացնել, որ ոչ լիարժեք, կիսատ ֆորմատով որևէ բանակցություն կարող է արդյունք տալ: Մենք նաև կարծում ենք, որ պետք է ջանքեր գործադրենք, այդ թվում՝ սփյուռքի ներուժն օգտագործելու ուղղությամբ, որպեսզի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ոչ միայն շարունակվի, այլ նաև նոր թափ ստանա: Մենք հավատարիմ ենք հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և դատապարտում ենք ուժի կիրառման որևէ գործողություն կամ սպառնալիք: Որևէ կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի շահերը պաշտպանելու համար, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, բայց կարծում եմ, որ Արցախի Հանրապետության և ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում լավագույնս կպաշտպանեն հենց Արցախի իշխանությունները: Ուստի մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ Արցախի Հանրապետությունը և իշխանությունն օր առաջ միջազգայնորեն ճանաչվի»:

«… շատ ուրախ եմ արձանագրել և համոզվել, որ Արցախի պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակն առաջնագծում, ինչպես նախկինում՝ ԱՀ ՊԲ-ի մարտունակությունը բարձր է, բայց ես կարծում եմ, որ այդ ավանդական մարտունակությանն ավելացել է ևս մի կոմպոնենտ՝ դա այն ազգային միասնության մթնոլորտն է, որ տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տիրում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Կարծում եմ, որ սա կարևոր ռազմաքաղաքական գործոն է և որևէ կասկած չկա, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ոչ միայն ի վիճակի է պաշտպանել իրեն, այլ նաև խորը զղջման հասցնել յուրաքանչյուր ուժի, որը կհանդգնի ոտնձգություն կատարել նրա անվտանգության նկատմամբ»:

Աղբյուրը՝ https://www.primeminister.am/hy/Nagorno-Karabakh-visits/item/2018/05/09/Prime-Minister-Nikol-Pashinyan-visited-Artsakh/