ՀՀԿ-ն որոշում կընդունի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո. Շարմազանով

1433
Vice President of the National Assembly of the Republic of Armenia Eduard Sharmazanov gave a press conference

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ խմբակցության ղեկավարը քվեարկությունից առաջ կհայտարարի մեր որոշման մասին»,- ասել է Շարմազանովը:

Խորհրդարանը այսօր՝ մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Ներկայացված միակ թեկնածուն ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է։

Ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հեռարձակման միջոցով հայտարարել է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը փորձում է տապալել մայիսի 1֊ին նախատեսված վարչապետի ընտրությունը, որին առաջադրված միակ թեկնածուն Փաշինյանն է։

«Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները», ֊ կեսգիշերից հետո հեռարձակված տեսաուղերձում ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն պատրաստվում խոչընդոտել «ժողովրդի թեկնածուի ընտրությանը»։

«Կոչ եմ անում բոլորիդ վաղ առավոտից ոտքի վրա լինել և վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ Սերժ Սարգսյանի և Հանրապետականի նոր պլանին հակազդելու համար»,- ասել է ընդդիմադիր առաջնորդը, նշելով, որ այդպիսով փորձ է արվելու վերականգնել Հանրապետականի իշխանությունը։ ֊ «Վաղ առավոտից կոչ եմ անում հարյուր հազարներով հավաքվել՝ թողնել բոլոր գործերը և հավաքվել Հանրապետության հրապարակում»։