Նիկոլ Փաշինյանը կարողացել է համախմբել բոլորին. Սեյրան Օհանյան

1239

Փաշինյանը իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները:

Օհանյանը [որի ղեկավարած Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը պարտություն է կրել 2017-ի ապրիլի խորհրդարանական ընտրություններում] իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ուղղված ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին և ՀՀԿ պատգամավորներին։

«Եթե երկրի քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանը, իր գաղափարակիցների հետ կարողացել է համախմբել բոլորին, ապա իրավունք է վաստակել առաջնորդելու հետագա քաղաքական գործընթացները:

Հրապարակներում համախմբված ժողովուրդը խառնամբոխ չէ՛, այլ համակարգված մի կուռ բանա՛կ, որը ինչպես այսօր, այնպես էլ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգի ցանկացած պահի պատրա՛ստ է կանգնելու առաջնագծում: Երկրի համար օրհասական պահին կատարե՛ք Ձեր քայլը»: