Վիգեն Սարգսյանը հույս ունի, որ բանակի ներգրավվածության կարիք չի լինի

774

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ասուլիս է հրավիրել և պատասխանել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի։

Երևանում և ամբողջ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններում բանակի հնարավոր ներգրավվածության մասին հարցին նախարարը պատասխանել է․

«Ինչ վերաբերում է բանակի ներգրավվածությանը, ապա դուք պետք է վստահ լինեք, և մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ զինված ուժերը կարող են ներգրավվել և ինչպես կարող են ներգրավվել նման իրավիճակների ժամանակ։ Դա միմիայն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում և շատ հստակ գործառույթներ կատարելու համար լրացուցիչ ուժի օգտագործման ձև է, բայց ոչ ֆիզիկական ուժի, այլ ուժի, որը անհրաժեշտ է պահպանելու համար համապատասխան ռեժիմի պայմանները։ Ես չասացի, որ կա նման մտադրություն, դո՛ւք ասացիք [նկատի ունի լրագրողի հարցը]։ Ես ասացի, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է, և իմ, ու նաև վստահ եմ՝ մեր բոլոր հայրենակիցների ցանկությունն է, որ արտակարգ դրության ռեժիմի կարիքը չպետք է լինի ոչ հիմա, ոչ հետագայում։

Բայց տեսեք օրենսդրությունը դրա համար էլ գրվում է, որ ինչ-որ մի պահի դրա անհրաժեշտությունը կարող է առաջանալ։ Հուսանք՝ դա տարիներ շարունակ մեր երկրում պետք չի լինի։ Բայց օրենսդրությունը դրա համար է գրվում։ Գրվում է այն ժամանակ, երբ որ հանգիստ վիճակ է, որպեսզի լարված վիճակում դու ունենաս համապատասխան ընթացակարգեր»։

ՍիվիլՆեթ

Արխիվային լուսանկար