Բաց նամակ Ավրորա մրցանակի հիմնադիրներ
Նուբար Աֆեյանին, Ռուբեն Վարդանյանին և Վարդան Գրիգորյանին
Հայաստանում ընթացող գործընթացները կրկին ծայրահեղ բևեռացված են` հարցերը դիտվում են «սև» և «սպիտակ», իբրև պայքար «բարու» և «չարի» միջև` «մենք» ընդդեմ «ձեզ»:
Նման երկբևեռ դիսկուրսի բովի մեջ վախճանվում է հավասարակշռված դատողությունը` տուրք տալով զգացմունքներին:
Թեպետ հնարավորություն էր ստեղծվել գործընթացը դեպի բանական դաշտ բերել, այդ պատուհանը հաշված րոպեների ընթացքում փակվեց կողմերի` բանակցելու անպատրաստակամության պատճառով: Վերջնագրերով խոսելը և բացահայտ կերպով արյունահեղություն սպառնալը երկրին տանում են դեպի անառաջնորդ քաոս և ատելությամբ զուգորդվող բռնություններ:
Գոյաբանական ճգնաժամի եզերքին է կանգնած Հայաստանը, և սա յուրաքանչյուր անհատի մոտ առաջացնում է բարոյական պարտավորություն` քայլ անել և կենսունակ լուծում գտնել ստեղծված լարված փակուղուց դուրս գալու համար:
Մեծարգո պարոնայք, մեր հայրենիքի զարգացմանն ուղղված ձեր բազմաթիվ գործողությունների շնորհիվ դուք վաստակել եք մեր ազգի խորին վստահությունն ու հարգանքը, իսկ նմանատիպ ժողովրդայնությունն ու սերը իր հետ բերում է առավել մեծ պարտավորություն ձեր ազգի հանդեպ:
Հիմնելով Ավրորա մրցանակը` դուք հաջողությամբ ստանձնեցիք ազգային հոգեբանության մեջ դարերով սերմանված մտածելակերպը փոխելու գործը` ատելությունը փոխարինելով գոհունակությամբ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին կրկին հրամայական է դառնում ձեր ողջախոհության բանեցումը` հանրային գործընթացների զարգացմանը ուղու վրա ներազդելու համար:
Այդ պատճառով ձեզ կոչ ենք անում խախտել ձեր ներկայիս լռությունը և դա անել անմիջապես…
Քանի որ երկրի վարչապետը հրապարակայինորեն սպառնում է արյունահեղությամբ հանդես գալ նույն այն մարդկանց նկատմամբ, ում նա ընտրված է ներկայացնելու:
Քանի որ Ազգային Ժողովի երեք պատգամավորների ազատազրկումը խաղաղ ցուցարարներին խոցելի է դարձնում սեփական ամբիցիաները հետանդող պատեհապաշտների նկատմամբ:
Քանի որ ցույցերը, որոնք իսկապես հետապնդում են ազնիվ նպատակներ, կարող են հիմք հանդիսանալ սադրիչների անօրենությունների համար:
Քանի որ Հայաստանի քաղաքացու խաղաղ երթեր և ցույցեր անելու իրավունքը և խոսքի ազատության իրավունքը բռնի կերպով ոտնահարվում է:
Եվ քանի որ իրավապահ մարմինները, թեպետ երբեմն գործելով պրոֆեսիոնալ և հարգալից, դիմում են ուժի անհամաչափ կիրառման:
Այսօր ավելի քան երբևէ մեր երիտասարդ հանրապետությանն անհրաժեշտ է լուծում` խարսխված սկզբունքների և ողջամտության վրա: Սրան հասնելու համար պետք է դիսկուրսն արմատապես փոփոխվի, պետք է գիտակցենք, որ սա «մենք ընդդեմ ձեզ»-ի խնդիր չէ, այլ խնդիր է մեզ` բոլորիս համար, և պետք է խղճի տեր հեղինակությունները քայլ անեն:
Դուք այդ մարդկանց թվին եք:
Լոս Անջելեսի հայերից
English text
Appeal to the Founders of the Aurora Prize Noubar Afeyan, Vartan Gregorian, and Ruben Vardanyan











