Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպում ապրիլի 22-ի առավոտյան

4158

Ապրիլի 22֊ի առավոտյան, ժամը 10:00֊ին տեղի կունենան ընդդիմադիր ցուցարարներին առաջնորդող Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի բանակցությունները։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ հայտարարել է «Ազատության» ուղիղ եթերում։

«Ինչպես հանրահավաքում հայտարարեցի, որ այսօր Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, ինչպես նաև երեկ երեկոյան՝ մեր հանրահավաքի ժամանակ, պատրաստակամություն էինք հայտնել քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման պայմանները», ֊ նշեց Փաշինյանը։

«Երեկվա հայտարարությունից, Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել և քննարկել այդ օրակարգը։ Եվ ահա, վաղը առավոտյան ժամը 10֊ին «Մարիոթ» հյուրանոցում», ֊ հավելեց ընդդիմադիր գործիչը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը, ժամը 11:00֊ին նախատեսում է քայլերթ անցկացնել Երևանի Էրեբունի համայնքում։ Նկատի ունենալով բանակցությունների մասին նոր ստացված պայմանավորվածությունը, Փաշինյանը նշեց, որ քայլերթը հետաձգվում է մեկ֊մեկուկես ժամով և կմեկնարկի 12:00 – 12:30֊ին։