Այդտեղ եմ ամբողջ սրտով ու հոգով, բայց Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ․ Էգոյան

765

«Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին դիմել էր աշխարհահռչակ հայ արվեստագետների՝ կոչ անելով գալ Երևան և միանալ ընդդիմության շարժմանը։

Factor.am-ը կապվել է կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ է նա մտածում Փաշինյանի կոչի մասին և արդյոք պատրաստվում է գալ Հայաստան։

«Ցավոք, ես չեմ կարող գալ, քանի որ նախապես ստանձնած մասնագիտական պարտավորություններ ունեմ, որոնք չեմ կարող խախտել»,- հայտնեց Էգոյանը, ապա Factor.am-ի միջոցով խնդրեց հանրությանը և Նիկոլ Փաշինյայնին փոխանցել հետևյալ ուղերձը․

«Եթե այժմյան ցույցերը տեղի ունենային մեկ տարի առաջ, մենք ոչ միայն այդտեղ կլինեինք, այլև մեզ հետ կլինեին նաև այն հարյուրավոր սփյուռքահայերը, որոնք եկել էին ընտրությունները վերահսկելու: Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի կառավարչի նշանակումը, կանխատեսելի էր դեռ մեկ տարի առաջ: Ես այդտեղ եմ իմ ամբողջ սրտով ու հոգով, բայց թույլ տվեք պարզորոշ ասել, որ Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների: Հավատացեք իմ սիրելի քույրեր ու եղբայրներ, որ դրսում գտնվող մեզանից յուրաքանչյուրը ուշիուշով հետևում է ձեր անկոտրում վճռականությանը, որը մարտահրավեր է նետում ներկա իշխանություններին, հենց դա է ապագայի կենսական ուժը: Երբ մենք ասում ենք «Ազատ, անկախ Հայաստան», մենք պետք է հասկանանք, որ դա նշանակում է նաև հոգու ազատություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Աջակցում եմ այս ազնիվ դիմադրության բոլոր մասնակիցներին»:

Արխիվային լուսանկարում՝ Ատոմ Էգոյանը Արսինե Խանջյանի, Էրիկ Նազարյանի, Սերժ Թանկյանի հետ