«Ես չեմ կարող բացառել, որ Փաշինյանը իշխանությունների կողմից է գործուղվել»

1513

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանից ու նրա ծավալած գործունեությունից ակնկալիքներ չունի:

«Ազատության հետ զրույցում Փոստանջյանն ասել է. «Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր բազմիցս ձախողվել են, բազմիցս տարբեր հայտարարություններ են արել, իրենց քվեարկություններով և իրենց վարքագծով բազմիցս նպաստել ու աջակցել են այս ապօրինի գործող իշխանություններին, այդ մարդկանց նկատմամբ ես չունեմ վստահություն»:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանադրական հանրաքվեն ուղղակի կեղծ օրակարգ է: Ազգային ժողովում Փաշինյանը նաև կողմ էր քվեարկում որոշ օրինագծերի, օրինակ՝ 1000 դրամների հավաքագրման հետ կապված, ինչը նույնպես նպաստում էր այս համակարգի ամրապնդմանը»,- ասել է նա:

«Պատահական չէ, որ մեկ տարի առաջ այս մարդիկ մտնում են խորհրդարան, հանդես են գալիս հայտարարություններով, լեգիտիմացնում են այդ ապօրինի խորհրդարանը, չեն բողոքարկում արդյունքները, դատարան չեն դիմում, այլ ասում են՝ այո, մենք իբրև թե մեր ստացած ձայների տերն ենք: Դրանից մի տարի անց նրանք գործուղվում են Ազատության հրապարակ ու ինչ-որ հայտարարություններով են հանդես գալիս: Իհարկե՝ սա անվստահության հիմք է: Ես չեմ կարող բացառել, որ նա [Փաշինյանը] իշխանությունների կողմից է գործուղվել: Ես ունեմ նրանց չվստահելու բոլոր հիմքերը»,- ասել է Փոստանջյանը: