Հայաստան․ ավտորիտար պետություն, որը փորձում է քողարկել ավտորիտարիզմը

1042

Սահմանադրությամբ՝ ժողովրդավար, իրականում՝ ավտորիտար․ Freedom House

Հայաստանի սահմանադրությամբ և օրենսդրությամբ կարծես թե ամրագրված են ժողովրդավարական սկզբունքներ, սակայն իրականում կառավարման ոլորտն աչքի է ընկնում ավտորիտարությամբ․ այսպիսի եզրակացություն է արել Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը իր հերթական՝ «Անցումային երկրներ 2018» զեկույցում։ Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, դասվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետությունների շարքին։

Ի տարբերություն 2017-ի՝ 2018-ին Հայաստանը հետընթաց է արձանագրել ժողովրդավարության ոլորտում, ինչի արդյունքում ընդհանուր գնահատականը 5.39-ից իջել է 5.43-ի։ Դիրքերի թուլացումը հիմնականում պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հետընթացով (5.25-ից 5․50-ի), որը պայմանավորված է Հանրապետական կուսակցության կողմից գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կոնսոլիդացիայով և որպես հետևանք՝ համակարգային կոռուպցիայի արմատավորմամբ։

Ինչ վերաբերում է մյուս ցուցանիշներին՝ այս տարվա զեկույցում Հայաստանն առաջընթաց չի գրանցել ոչ ընտրական գործընթացների, ոչ անկախ մամուլի, ոչ արդարադատության, ոչ տեղական ժողովրդավարության առումներով։

Հեղինակները մատնանշում են, որ 2017-ին նախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու առումով ամենակարևոր քայլը ապրիլյան խորհրդարանական ընտրություններն էին, որոնց արդյունքում ՀՀԿ-ն, որը «վերահսկում է իշխանության բոլոր երեք ճյուղերը», պահպանեց և ամրապնդեց իր գերիշխանությունը։

ՍիվիլՆեթ