1919 թվականի աշնանը Ադրբեջանում իշխող կուսակցությունը՝ Մուսավաթը, տեղի հայ առաջնորդներից՝ խորհրդարանի պատգամավորներ՝ անկուսակցական Արշակ Պարոնյանին և ՀՅԴ-ական Արշակ Մալխասյանին, առաջարկում է պաշտպանել Ադրբեջանի քաղաքականությունը և դրա դիմաց ստանալ նախարարական մեկ աթոռ Ադրբեջանի կառավարության կազմում: Ադրբեջանի հայերի առաջնորդները ներկայացնում են իրենց պայմանները, որոնք կարող եք կարդալ ներքո հոդվածում՝ վերցված Հայ ժողովրդկան կուսակցության Ժողովուրդ թերթից:
Հիշեցնենք, որ 1918-1920 թթ. Ադրբեջանի խորհրդարանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը կազմում էին հայերը՝ 12 պատգամավոր՝ մի մասը անկուսակցական, մյուս մասը՝ ՀՅԴ-ական։
1919թ. մարտին Ադրբեջանի վարչապետ Նասիբ Բեկ Ուսուբբեկովի կոալիցիոն կառավարության նախարարներից երկուսը ազգությամբ հայ էին՝ Խորեն Համասփյուռն ու Աբրահամ Դաստակյանը (Դաստակով): Երկուսն էլ ներկայացրել են ՀՅԴ-ն:
Հայաստանի խորհրդում՝ առաջին խորհրդարանում, 46 պատգամավորներից 6-ը մուսուլման էին, այն է՝ ադրբեջանցի։ 1919 թվականի խորհրդարանում, որը ձևավորվեց ընտրությունների արդյունքում, մուսուլման էր 3 պատգամավոր։
Ի տարբերություն Ադրբեջանի, որի կառավարության կազմում եղել են 2 հայ նախարարներ, Հայաստանի որևէ կառավարության կազմում՝ 1918-1920 թվականներին, մուսուլման նախարար չի եղել, թեև ծրագրվում էր ունենալ։ ՀՅԴ «Հորիզոն» թերթը 1918թ․ հուլիսի 6-ի համարում գրեց, որ Քաջազնունու կառավարության կազմում նախարարական պորտֆելներից երկուսը տրվելու են թուրքի։
ԱՆԻ կենտրոն
Մուսաֆաթ կուսակցությունը դիմել է Ադրբեջանի խորհրդարանի հայկական խմբակցությանը՝ առաջարկելով նրան կանգնել պետական տեսակետի վրա, որի համար նրան կտրվի մեկ պորտֆել կառավարության մեջ:
Հայկական խմբակցության պարագլուխներ Արշակ Պարոնյանը [անկուսակցական] և Արշակ Մալխասյանը [ՀՅԴ], ի պատասխան այս գրության հայտնել են այն պայմանները, որոնց իրագորուծմով հայերը կհամաձայնեն մտնել կառավարության մեջ:
Ահա այդ պայմանները.
- Հայերի նշանակումը վարչական պաշտոններում, թե բարձր և թե ցածր: Խառը տեղերում բարձր ոստիկանական պաշտոնյաների օգնականները պիտի լինեն հայերը:
- Հայերը կարող են տալ պետական հիմնարկություններին պատրաստված մարդիկ:
- Դատի պետք է ենթարկվեն և պատժվեն նրանք, որոնք մեղավոր են հայկական մասայական ջարդեր կազմակերպելու մեջ:
- Մահմեդականների կողմից գերված հայերը պետք է ազատվեն:
- Հայ գյուղացիները պետք է վերադառնան իրենց տեղերը, ըստ որում՝ նրանց կյանքը և ինչքը պիտի ապահովվի:
- Մարտի և սեպտեմբերի դեպքերի համար հալածանքները պետք է դադարեցնեն:
- Հանրապետության կիսապաշտոնական մամուլը պետք է դադարեցնի հակահայկական պրոպագանդան:
- Հայերին պետք է տրվի ազգային կուլտուրական ավտոնոմիայի մինիմումը, համապատասխան թվով դպրոցներ տալով հայերին:
- Որովհետև բոլոր պատերազմական գործողությունները հարևան հանրապետությունների միջև՝ միջազգային վեճերը լուծելիս կարող են սոսկալի արյունահեղություն առաջ բերել և խախտել հասարակական -պետական հիմունքները, այդ պատճառով՝ բոլոր վիճելի հարցերը նրանց միջև պիտի վճռվեն խաղաղության ճանապարհով:
Ժողովուրդ, թիվ 124, երեքշաբթի, 11 նոյեմբերի, 1919թ
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1919/1919(124).pdf
Լուսանկարում՝ Ադրբեջանի այն կառավարությունը, որի կազմում 1919-ին եղել են երկու հայ նախարարներ











