«Հայ-վրացական հարաբերությունները 1918-1919 թվականներին. (նամակներ, զեկուցագրեր)»

2000

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է նշանավոր ՀՅԴ-ական գործիչ Մարտիրոս Հարությունյանի «Հայ-վրացական հարաբերությունները 1918-1919 թվականներին. (նամակներ, զեկուցագրեր)» հատոր-ժողովածուն:

Գրքի կազմողը, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակը պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանն է, խմբագիրները՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը:

Ժողովածուի մեջ, որը լույս է տեսել 2017-ին, առաջին անգամ հրատարակվում են հայ նշանավոր քաղաքական գործիչ, դիվանագետ, 1919 թվականին Թիֆլիսի հայ-վրացական խաղաղարար կոնֆերանսում Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ Մարտիրոս Հարությունյանի շուրջ երեք տասնյակ նամակ-զեկուցագրերը, որոնք վերաբերում են 1918-1919 թթ. Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում առկա վիճելի խնդիրներին ու կողմերի՝ դրանք կարգավորելուն ուղղված ջանքերին:

Մարիրոս Հարությունյանը ծնվել է 1875-ին, Ալեքսանդրապոլում, այսօր՝ Գյումրի: 1919-1920 թթ. եղել է Ադրբեջանում Հայաստանի դեսպանը՝ դիվանագիտական ներկայացուցիչը:

Սփյուռքի մամուլում տպագրված տեղեկությունների համաձայն՝ 1930-ական թվականներին Հարությունյանը զոհ է գնացել ստալինյան հալածանքներին: Այդուհանդերձ, գրում է պատմաբան Համո Սուքիասյանը, դեռևս չի հաջողվել հայտնաբերել այդ տեղեկությունը հաստատող արխիվային վավերագրեր: