Կառավարությունը բոլորին բանակ է ուղարկում. «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Հովիկ Ներսեսյան

2008

Երևանի «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Հովիկ Ներսեսյանը, ով 2 տարի առաջ տեղափոխվել է Անգլիա` ՀՀ զինված ուժերում չծառայելու նպատակով, չի ցանկանում վերադառնալ հայրենիք, գրում է ԱՐՄՍՊՈՐՏը:

23-ամյա ֆուտբոլիստը, ով հանդես է գալիս անգլիական «Վիտչարչ Ալփորթ» ակումբում, հույս ունի քաղաքական ապատասխան ստանալ Անգլիայում: Այդ նպատակով ակումբը ստորագրահավաք է կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 1000 մարդ:

«Իմ երկրում փնտրում են ինձ: Եթե ես վերադառնամ, ինձ կբանտարկեն, որից հետո պետք է ծառայեմ ու կյանքս վտանգի ենթարկեմ: Հայաստանում ոչ ոք չի հետաքրքրվում քեզնով: Կառավարությունը բոլորին բանակ է ուղարկում:

Հայ-ադրբեջանական վատ հարաբերությունների պատճառով հայ զինվորներ են մահանում: Այստեղ` Շրոպշիրում ես ինձ անվտանգ եմ զգում և ինձ դուր է գալիս այստեղ ապրելը»,- Ներսեսյանի խոսքն է մեջբերում «Shropshirestar.com»-ը:

Հովիկի հետ կապված իրավիճակը մեկնաբանել է նաև թիմի գլխավոր մարզիչ Լյուկ Գոդարդը:

«Երբ հասկացանք, որ իրավիճակը բավականին լուրջ է, ակումբը սկսեց պայքարել նրա համար: Մենք լուրջ գործ ենք սկսել: Հույս ունենք` նա կկարողանա մնալ: Նա այստեղ վիզայով է: Դա նշանակում է, որ նա չի կարող աշխատանքի անցնել: Հովիկը հիանալի անձնավորություն է, ով արժանի է այս ամենին»,- ասել է Գոդարդը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, համաձայն ՀՖՖ-ի պաշտոնական կայքի, հետևյալ պարզաբանուն է տվել․

«Հովիկ Ներսեսյանը մինչև 2015 թվականը եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամ, ընդգրկվել է Հայաստանի պատանեկան, ապա երիտասարդական հավաքականներում: 2015 թվականին ձմեռային զորակոչից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ համաձայն ընդունված կարգի այդ ֆուտբոլիստները իրենց ծառայությունը պետք է անցկացնեին սպորտային վաշտում, որը գտնվում է Ադրբեջանի հետ հակամարտության սահմաններից շատ հեռու՝ Երևանում:

Ցուցակում ընդգրկված է եղել նաև Հովիկ Ներսեսյանը: Սակայն վերջինս հրաժարվել է ծառայել անգամ սպորտային վաշտում: 2015 թվականի աշնանը Հովիկ Ներսեսյանը ծնողների միջոցով՝ հիվանդության պատրվակով տարեկետման իրավունք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից և 2016 թվականին մեկնել է Անգլիա, որից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ակումբը ոչ մի կապ կամ տեղեկություններ չեն ունեցել նրանից:

Հիմա այդ երիտասարդը քաղաքական ապաստան է խնդրել այլ երկրից. կարծում եմ նրա միակ նպատակը Հայաստանից փախչելն է: Սա դասալքության վառ օրինակ է և ոչ մի կապ չունի նրա կողմից հնչեցրած պատճառնների հետ»,- ասել է ՀՖՖ-ի նախագահը: