Զարուհի Փոստանջյանի մուտքը Ջավախք, Վրաստան արգելվել է

1890

Վրաստանի սահմանապահներն արգելել են «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանին մուտք գործել այդ երկիր: Ընդդիմադիր գործիչը հատել է Հայաստանի «Բավրա» անցակետը, սակայն վրացական «Նինոծմինդա» անցակետում տեղի աշխատակիցներն ասել են, որ Փոստանջյանի մուտքն արգելված է այդ երկիր, հաղորդում է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ:

Փոստանջյանը փորձել է ճշտել արգելքի պատճառները` օրինակ, արդյո՞ք կասկածվում է որեւէ հանցագործության մեջ կամ վարակակիր է և այլն, Վրաստանի սահմանապահները, սակայն, Փոստանջյանին մի գրություն են փոխանցել, որում որպես արգելքի պատճառ նշված է «օրենքով նախատեսված այլ դեպքերը»` առանց մանրամասների:

​Զարուհի Փոստանջյանը կուսակիցների հետ հայաբնակ Ախալքալակի շրջան էր մեկնում «Երկիր Ծիրանի»-ի նախաձեռնած համահայկական ընդվզման քարոզչության նպատակով: Վերջին անգամ նույն ծրագրով Փոստանջյանը Ախալքալակում հանդիպումներ էր անցկացրել մոտ երկու ամիս առաջ, ինչպես փոխանցեց կուսակցության ղեկավարը, առանց միջադեպերի: ​

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆը հիշեցնում է, որ 2015 թվականին Փոստանջյանը համակիրների հետ բողոքի ակցիա էր կազմակերպել Թբիլիսիում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբացման արարողության ժամանակ: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի իշխող ուժի` «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

Զարուհի Փոստանջյանը հավանական է համարում, որ վրացական կողմն իր մուտքի արգելքը սահմանել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով:

Դիտել նաև՝

Սփյուռքի քաղաքական կառույցները սպասարկում են Հայաստանի ապօրինի վարչակարգին