Հայաստանում Ադրբեջանի դեսպան Թեքինսկու գաղտնի հեռագրերը Բաքու և Թիֆլիս- 1919 թվական

1317

Հատված Ռուբէն Տէր Մինասեանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ աշխատությունից:

Ռուբէն Տէր Մինասեանը եղել է Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ, Հայաստանի Հանրապետության երրորդ ռազմական նախարարը:

Հիշեցնենք, որ այս շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը ունեին դիվանագիտական հարաբերություններ դեսպանատների և դեսպանների մակարդակով, Ադրբեջանի խորհրդարանում հայերն ունեին 12 աթոռ, իսկ երկու հայեր մաս էին կազմում 1919-ի մարտին Ադրբեջանի վարչապետ դարձած Նասիբ Բեկ Ուսուբբեկովի կառավարությանը:

 

Թիւ 420, 14 Յուլիս, 1919

Բագու, Արտաքին գործերի նախարարին.

Բէիւք-Վեդիի դրութիւնը լուրջ է, Հայաստանը կեդրոնացնում է իր բոլոր ուժերը: Յայտարարուած է զօրահավաք: Քահանաներն իրենց քարոզներում կոչ են անում յարձակուել Բէքիւք-Վեդիի վրայ, համարելով այդ սրբազան արշաւանք: Մուսուլմաններին կարող է ազատել Ադրբեջանի զինուած միջամտութիւնը:

…Մահմետականների դիմումին՝ օգնութեան համար, յայտարարեցի, որ առայժմ Ադրբեջանը չի կարող օգնել զօրքով, բայց մահմեդականների բոլոր ծախքերն ու վնասներն անմիջապէս կը  վերադարձուեն Ադրբեջանի կողմից:

Սպասում եմ մեծ դէպքեր ամբողջ Շարուր-Նախիջեւան, Օրդուբադում եւ Կարսի շրջանում: Առանց մի օր կորցնելու ուղարկեցէք խոշոր գումար՝ զինուորական կազմակերպութիւնների համար:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փասթաթուղթ 29)

*****

Թիւ 432, 16 Յուլիս, 1919

Թիֆլիս, զինուորական կցորդ գնդ. Մահմեդ բէգ Ալիեւին.

Հայաստանն ունի 3 հետեւակ բրիգադ, իւրաքանչիւրը բաղկացած 2 գնդից: Գունդն ունի 3 գումարտակ: Երեք ձիաւոր գունդ, իւրաքանչիւրը բաղկացած 6 էսկադրոնից, բայց բոլոր էսկադրոնների կազմակեպումը դեռ չէ վերջացել. 12 մարտկոց՝ իւրաքանչիւրը 4 թնդանօթով: Բացի դրանից, կայ մէկ Ղարաբաղի ջոկատ, բաղկացած մէկ հետեւակ գումարտակից, 3 էսկադրոնից եւ 4 թնդանօթից: Կարսում մօտաւոր հաշուով կայ 500ից աւելի թնդանօթ՝ 8 դիւյմանոցից մինչեւ դաշտային, որոնց վրայ սպաներ եւ ծառայողներ չկան: Երեք զրահապատ գնացք: Ներկայումս ուժեղ զօրահաւաք կայ: Կարծում են, որ միայն զօրահաւաքով կարող են լրացնել մատնանշած գնդերի քանակը, որովհետեւ դասալքութիւն շատ կայ: Խնդրում եմ այս ամէնը հաղոևդէք զինուորական նախարարին:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 30)

*****

Թիւ 46, 19 Յուլիս, 1919

Երեւան, Դիւանագիտական ներկայացուցիչ՝ Թեքինսկուն.

Հետեւեցէք Բէիւք-Վեդիում եւ միւս գիւղերում կատարուող դէպքերին: Եթէ հնարաւոր է, ուղարկեցէք պաշտօնական ներկայացուցիչ, հակառակ պարագային՝ նշանակեցէք գաղտնի գործակալ: Դէպքերի մասին հաղորդեցէք:

Արտաքին գործերի նախարար՝ ՋԱՖԱՐՈՎ

(Փաստաթուղթ 33)

*****

Թիւ 461, 21 Յուլիս, 1919

Թիֆլիս, Ադրբեջանի միսսիա, զինուորական կցորդ Ալիեւին.

… Զօրավար Շելկովնիկովի գաղտնի հրամանները՝ ուղղուած (հայ) գնդերի հրամանատարներին, բռնուած են եւ ուղարկուած Շարուր-Նախիջեւանի մահմետականներին ի տեղեկութիւն: Այդ մասին հայերը հաւանօրէն չգիտեն:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 34)

*****

Թիւ 470, 21 Յուլիս 1919

Շտապ

Բագու, Արտաքին գործերի նախարարին.

Այսօր տեղս հասած մարդիկ հաղորդում են, որ Շարուրում սպասւում են դէպքեր, եւ որ հայերը մահմետականների երթեւեկութիւնը երկաթուղագծով արգիլւում են: Հայերը մի քանի գիւղերից փախել են Կանրուղլի գիւղը: Ջալալինսկին աւերուած է քրտերի կողմից: Սպասւում են խոշոր դէպքեր: Հայաստանը լարում է իր բոլոր ուժերը: Մահմետականներին օգնելու համար պէտք է որ մեր զօրքերը քաշենք դէպի Հայաստանի սահմանները:

Սահմանների վրայ մեր զօրքերի երեւալը խուճապ կը ձգէ հայերի մէջ, կ’ուժեղացնէ դասալքութիւնը եւ կը բարձրացնէ մահմետականների ոգին… Եթե ուզում էք օգտուել րոպէից, ձեռք առէք շտապ եւ վճռական միջոցներ… Կրկին յայտնում եմ, որ մեր թղթի յայտագրերին ու բանաւոր միջամտութիւններին Հայաստանը ուշք չի դարձնում: Արալըխում… հայերը սկսել են հաւաքել մահմետականների կողմից լքած 12 գիւղերի հունձը:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 36)

*****

Թիւ 558, 28 Յուլիս 1919

Բագու, Նախարարապետին,

Պատճէնը՝ Արտաքին գործերի նախարարին.

Կարծում եմ, որ մեր կառավարութիւնը պէտք է վճռական առաջարկ անէ անգլիացիներին, մեզ յանձնելու Ջուլֆա-Շահթախտի երկաթուղին, Ալեաթ-Ջուլֆա գծով, Պարսկաստանի հետ առեւտուր սկսելու համար: Յանձման ենթակայ այդ գիծը պէտք է երկարի մինչեւ Դաւալու գիւղը: …Մատնանշեցէք Հայաստանի անընդունակութիւնը, գնացքների երթեւեկութեան յաճախակի ընդհատումը: Ընդ սմին, խոստացէք Շարուր-Նախիջեւանում նոր կարգ հաստատել: Կարծում եմ անգլիացիք կը համաձայնեն:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 41)

*****

Թիւ 601, 1 Օգոստոս, 1919

Բագու, Արտաքին գործերի նախարարին.

Մահմետականների դրութիւնը օրէցօր վատանում է: Վերջապէս, թղթի յայտագրերից բացի, մենք պէտք է անենք իրական քայլեր:… Եթէ մենք ուզում ենք հանգստացնել հայերին եւ փրկել բազմաթիւ մահմետականների կեանքն ու ինչքը, ապա պէտք է անյապաղ պատերազմ յայտարարենք:

Բէւիք-Վեդիի, Շարուրի եւ Նախիջեւանի շրջաններում, կռիւներ են տեղի ունենում: … Մահմետականները դեռ չեն ցանկանում Երեւանը գրաւել:

Դիւանագիտական ներկայացուցիչ՝ ԹԵՔԻՆՍԿԻՅ

(Փաստաթուղթ 43)