Դոնալդ Թրամփը՝ Իրանի հարցով որոշում կայացնելու վերջնաժամկետի շեմին

1034
Republican presidential candidate Donald Trump waves to the crowd after speaking during a rally opposing the Iran nuclear deal outside the Capitol in Washington, Wednesday, Sept. 9, 2015. (AP Photo/Susan Walsh)

Նավթագազային ոլորտի քաղաքական-տնտեսական հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերությունը վերլուծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի վերաբերյալ արած հայտարարությունները և որոշումներ ընդունելու վերջնաժամկետները։ Հոդվածը տպագրվել է World Energy Weekly հանդեսի 2018թ․ հունվարի 8-ի համարում։

Իրանով հետաքրքրվող երկրները և ընկերությունները ուշադրությամբ և անհանգստությամբ են հետևում  երկիրը դեկտեմբերի կեսերից ցնցող բողոքի ցույցերին: Այս իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, Սպիտակ տունը մոտենում է վճռական վերջնաժամկետների և շուտով ստիպված պետք է լինի Իրանի հետ կապված մի շարք որոշումներ կայացնել: Առաջին վերջնաժամկետը  2018 թ. հունվարի 11-ն է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է որոշում կայացնի՝ արդյոք, իր կարծիքով, Իրանը կատարում է 2015թ. Իրանի և վեց տերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները («Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր» կամ JCPOA):

Երկրորդ վերջնաժամկետը  հունվարի 12-17-ի միջակայքում է: ԱՄՆ նախագահը պետք է որոշի՝ վերահաստատե՞լ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը, թե՞ ոչ (այդ թվում՝ նավթի արտահանման հետ կապված պատժամիջոցները): Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խիստ քննադատել էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը և խոստացել ընտրվելու դեպքում չեղարկել այն։ Առայժմ նա չի իրագործել իր սպառնալիքը։ Իսրայելը և Սաուդյան Արաբիան փորձում են նրան դրդել այդ քայլին, իսկ համաձայնագիրը ստորագրող երկրները՝ Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիանև Ռուսաստանը, ինչպես նաև ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթի մեծ մասը, ընդհակառակը, նրան հորդորում են ձեռք չտալ համաձայնագրին։ Ինչպե՞ս կվարվի Թրամփը։

Սպիտակ տան օրակարգը լի է Իրանին վերաբերող բազմաթիվ վերջնաժամկետներով՝ յուրաքանչյուր 90 օրը մեկ՝ 2015թ. միջուկային գործարքի վերահաստատման համար, և յուրաքանչյուր 120 օրը մեկ` որոշակի պատժամիջոցներից հրաժարվելու համար: 2017 թ. հոկտեմբերի 13-ին՝ նախորդ վերջնաժամկետին, Դոնալդ Թրամփը հրաժարվեց հաստատել, որ Թեհրանը կատարում է իր միջուկային պարտավորությունները՝ չանսալով Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (Մագատէ) հավաստիացումներին:

Թեև Թրամփը չի գնացել «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից» հրաժարվելու քայլին, նա մի յուրօրինակ վերջնագիր է ներկայացրել. «Եթե չհաջողվի Կոնգրեսի և մեր դաշնակիցների հետ լուծման հասնել,  ապա համաձայնագիրը կլուծվի»։ ԱՄՆ Կոնգրեսը որոշում կայացնելու համար 60 օր ուներ, սակայն դեռ չի կայացրել այդ որոշումը։ Որոշ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, փորձել են լուծում գտնել` առաջարկելով Իրանի հետ բանակցություններ սկսել վերջինիս բալիստիկ հրթիռային ծրագրի շուրջ, բայց դա էլ չի աշխատել:  Իրանական գնդակն այսպիսով վերադարձել է Սպիտակ տան դաշտ՝ Դոնալդ Թրամփին դնելով անհարմար վիճակում:

Ինչպես ակնհայտ դարձավ Երուսաղեմի հարցում, ԱՄՆ նախագահը ընդհանուր առմամբ նախապատվություն է տալիս այն ամենին, ինչը նրա կարծիքով նախընտրում է իր ընտրազանգվածը։ Նա հակված է նույն  կերպ վարվել Իրանի հարցում՝ խոստացածի պես հրաժարվելով «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից»։ Բայց դա նրա միակ տարբերակը չէ: Չնայած ԱՄՆ Կոնգրեսի կողմից երկկողմանի բանաձևի նախագիծը հավանական է (մեկն ընթացքի մեջ է), Թրամփը կարող է հետաձգել որոշումը: Միևնույն ժամանակ, նա կարող է նոր պատժամիջոցներ սահմանել վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանում տեղի ունեցած ցույցերի ճնշման համար պատասխանատու անձանց և կառույցների դեմ։ Ահա թե ինչու Սպիտակ տունը հունվարի 3-ին հայտարարեց, որ «կիրառելի տեղեկություններ» են հավաքվում նրանց մասին, ովքեր կատարում են ճնշում գործադրող գործողություններ: Հունվարի 4-ին ԱՄՆֆինանսերի նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց բալիստիկ հրթիռային ծրագրում ներգրավված իրանական հինգ կազմակերպությունների նկատմամբ: Հունվարի 2-ին արված իր թվիթում Թրամփը պաշտպանեց «Իրանի մեծ ժողովրդին»՝ ասելով, թե նա «երկար տարիներ ճնշված է եղել և ունի սննդի ու ազատության քաղց»։ Հետևաբար, Թրամփը կարող է ստանձնել իրանցիների «պաշտպանի» դերը և պատժամիջոցներ կիրառել այն անհատների և մարմինների դեմ, որոնք «ճնշել» են իրանցիներին՝ առանց հրաժարվելու Իրանի հետ կնքված համաձայնագրից։

Եթե Դոնալդ Թրամփը որոշի այդ քայլին դիմել, արդյունքը կգոհացնի համաձայնագրի ստորագրյալ կողմերին, սակայն ոչ Իրանին և այդ երկրի հետ աշխատել ցանկացող ընկերություններին։ Այդ քայլը չի վերացնի համաձայնագրի գլխին կախված անորոշությունը այն պահից, երբ Թրամփը մուտք գործեց Սպիտակ տուն։ ԱՄՆ նախագահն իր ձեռքում է պահում դամոկլեսյան սուրը, որը կարող է համաձայնագրի վրա ընկնել յուրաքանչյուր 90 օրը մեկ, երբ նա պետք է «հաստատի» (կամ ոչ), որ իրանցիները կատարում են իրենց պարտավորությունները: Այս անորոշությունը բազմաթիվ ընկերությունների (հատկապես եվրոպական) հետ է պահում Իրանում ներդրումներ անելուց՝ Վաշինգտոնի զայրույթն առաջացնելու վախից ելնելով։

Իրանի կառավարության քայլերի տարբերակները սահմանափակ են այս հարցում: Նախագահ Ռոուհանին, ով վարել է համաձայնագրի բանակցությունները, հույս ուներ, որ այն իր երկրի տնտեսական վիճակի բարելավման ուղի կհարթի՝  հատկապես նավթային ոլորտում օտարերկրյա ներդրումներ ներգրավելով: Այլ իրանցիների պես նա հիասթափված է, սակայն չի կարող չեղարկել համաձայնագիրը, քանի որ դա հավասարազոր կլինի տնտեսական բարելավման բոլոր հույսերի խափանմանը և ընդունելուն, որ երկրի ներսում իր քննադատները (Իսլամական հեղափոխական պահապանները) և նրա արտաքին թշնամիները (հիմնականում Սաուդյան Արաբիան և Իսրայելը) ճիշտ են:

Անցյալ տարվա դեկտեմբերին Թեհրանը բանագնացներ ուղարկեց Եվրոպա՝ հետևյալ ուղերձը հասցնելու համար. «Իրանը հավատարիմ է «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին», նույնիսկ եթե այն չի տվել ակնկալվող օգուտները: Եթե Եվրոպան հարգի այդ համաձայնագիրը, ապա Իրանը նույնպես կվարվի այդպես, անգամ եթե Միացյալ Նահանգները մերժի այն:

Այնուամենայնիվ, եվրոպացիները ստիպված կլինեն իրենց ընկերություններին «պաշտպանել» ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից, ինչը կբարդացնի նրանց հնարավոր ներդրումները Իրանում։

Մոտենում է որոշման համար կարևորագույն պահը. եթե Թրամփը որոշի չվավերացնել պատժամիջոցների չեղարկումը, դրանով նա փաստացի կհրաժարվի գործարքից և կկործանի համաձայնագիրը։ Այդ դեպքում ի՞նչ կանեն Իրանը և Եվրամիությունը: 1995 թ. Եվրամիությունն իր ընկերություններին «պաշտպանություն» շնորհեց, երբ Միացյալ Նահանգները 1996թ. առաջին անգամ արտերկրյա պատժամիջոցներ կիրառեց Իրանի նկատմամբ (Իրան-Լիբիա պատժամիջոցներ, ակտ ILSA): Այս ամենն այդ ժամանակ Total ընկերությանը թույլ տվեց Իրանում նավթի արդյունահանման պայմանագիր կնքել: Եվրամիությունը կարող է կրկին նման միջոցառումներ իրականացնել, սակայն 1995-ի համեմատ՝ իրավիճակն ավելի բարդ է, քանի որ Միացյալ Նահանգները ֆինանսական սահմանափակումներ է ավելացրել  պատժամիջոցների համակարգում: Այսպիսով, արևմտյան խոշոր բանկերը այլևս չեն ցանկանում գործ ունենալ Իրանի հետ: Չնայած Թեհրանը փորձում է ընդլայնել իր առևտուրը ԱՄՆ դոլարից բացի այլ արժույթներով, մինչ այժմ ստացված արդյունքները ավելի քան համեստ են:

Թարգմանությունը Զառա Պողոսյանի

ՍիվիլՆեթ