Ցույցեր Իրանում. իրավիճակը հյուսիսային նահանգներում

1459

Իրանում վերջերս տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաները և դեռևս շարունակվող լարված մթնոլորտը որոշակիորեն արտահայտվեց նաև Հայաստանին սահմանակից հյուսիսային նահանգներում:

Ցույցերի հաղորդումներ ստացվեցին դեկտեմբերի 30-ին Ուրմիա քաղաքից (Արևմտյան Ատրպատական) և 31-ին Արդեբիլ քաղաքից (Արդեբիլի նահանգ): Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզ քաղաքից էլ լուրեր կան 90 հոգու ձերբակալության մասին, սակայն հավաքներ ըստ ամենայնի չեն եղել:

Հետաքրքիրն այստեղ այն է, որ նահանգներում բնակվող, բավական ակտիվ, թուրքերենն իրենց մայրենի լեզուն համարող իրանցիների մոտ այս օրերին սոցիալական բողոքից վերաճած «վերադարձ դեպի ազգային արմատներ իսլամից դուրս», «խորհրդարանական միապետություն», «Փեհլևիների ընտանիքի վերադարձ» և նման այլ դիսկուրսները ընդունելի չեն: Սրա ապացույցը Իրանում մեծ տարածում ունեցող «ֆուտբոլային երկրպագուների ինստիտուտի» այս օրերի վիճաբանություններն էին: Հյուսիսային թուրքալեզու բնակչությունը այս կոնտեքստում միավորված է Թավրիզի «Տրակտորսազի» թիմի շուրջ, իսկ Թեհրանում մեծ համբավ է վայելում երկրի պրեմիեր լիգայի առաջատար «Պերսեպոլիսը»:

Եվ ահա այս թիմերը ցույցերի երկրորդ օրվա հետ մեկտեղ (դեկտեմբերի 29) հանդիպում են ունենում Թեհրանի Ազադի մարզադաշտում, որտեղ «Պերսեպոլիսի» երկրպագուները վիրավորական կոչեր են հնչեցնում հակառակորդի հասցեին: «Տրակտորի» ղեկավարությունը սա որակում է, որպես «անհարգալից վերաբերմունք իրենց լեզվի և նահանգի նկատմամբ» և բողոք է ներկայացնում ֆուտբոլի գլխավոր վարչություն, որի արդյունքում «Պերսեպոլիսի» երկրպագուներին պատժում են մեկ խաղ մարզադաշտից բացակայությամբ: Անցնում է մեկ շաբաթ և հունվարի 5-ին Թավրիզում նախատեսված «Տրակտորի» հանդիպումը «Էսթեղլալ» թիմի հետ հայտնվում է ուշադրության կենտրոնում:

Արդեբիլից Թավրիզ գնացող երկրպագուներին ոստիկանությունը կանգնեցնում է և նրանցից վերցնում ոչ տեղին բովանդակությամբ պաստառները: Դրանց բովանդակությունը հիմնականում «ո՛չ ռասիզմին թուրքերի հանդեպ» կոչեր էին՝ կապված Թեհրանի Ազադի մարզադաշտում միջադեպի հետ: Այս դեպքը արտերկրում գործող արմատական լրատու ցանցը որակում է, որպես պետական ապարատի կողմից երկրպագուներին մարզադաշտ չթողնելու միջոց՝ հնարավոր բողոքի ցույցերի վախի պատճառով: Այս պնդումը հեռու է իրականությունից, քանի որ նմանատիպ վախի իրական առկայության դեպքում կառավարական մարմինը ուղղակի կհետաձգեր խաղի անցկացումը:

Թավրիզի Յադեգարե Իմամ մարզադաշտը մեծությամբ երկրի 3-րդ մարզադաշտն է՝ 66.833 նստատեղով, «Տրակտորի» խաղերին համարյա միշտ բազմամարդ է և իրական լարվածության առկայության դեպքում այն կարող էր վերաճել այս ցույցերի համար աննախադեպ հավաքի, ինչը կառավարությունը շատ լավ հասկանում էր:

Վերոնշյալ դիսկուրսի բացակայության շրջանակներում «Տրակտորի»-«Էսթեղլալ» խաղի ընթացքում, ի պատասխան «Պերսեպոլիսի» հնչեցրած կոչերի, Թավրիզում սկսեցին վիրավորական կոչեր հնչեցնել Կյուրոս մեծի, «Փարսերի» (հիմնականում նկատի է առնվում Թեհրանի ազգայնական գաղափարներ ունեցող բնակչությանը) հասցեին: Այս կոչերը իրանական իրականության համար նորություններ չեն, թուրքալեզու բնակչությունը ֆուտբոլից դուրս էլ մի շարք տեղերում տարածվող «հակաիսլամական», «հակառեժիմային» գործողությունները որակում էր, որպես «պանպարսիզմի դրսևորումներ»:

Ամփոփելով այս ամենը՝ հարկ է նշել, որ հիմնականում արտաքին ազդեցությամբ (արտերկրում գործող իրանական կազմակերպություններ և իրանցիներ, այլ երկրներ) այս օրերին հնչեղություն ստացած հակառեժիմային շարժումները, մանավանդ ԱՄՆ-ի և դաշնակիցների լայն արձագանքի և աջակցության պատրաստության կոչերի առկայության պարագայում, փաստորեն չստացան հասարակության լայն աջակցությունը և իրենց հետևից թողեցին բավական բացասական հետևանքներ, որոնք անպայմանորեն անդրադարձ կունենան և նրանց վրա, ովքեր ընդամենը ուզում էին իրենց սոցիալական խնդիրների դեմ պայքարել:

Հրաչյա Հակոբյան

իրանագետ

Հատուկ ԱՆԻ-ի համար

Լուսանկարում՝ Թավրիզ

Կարդալ նաև՝

Իրանի ցույցերի մեկ շաբաթը