Հայաստանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև՝ բարեկամական օղակ․ Չիչերինի նոտան թուրքերին

987

ՌՍՖՍՀ կառավարության նոտան Թուրքիայի կառավարությանը՝ հաղորդված Արևելյան ռազմաճակատում թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Կարաբեքիրի միջոցով

9 դեկտեմբերի, 1920 թ

Ռուսական սովետական կառավարությունը, ստանալով թուրքական կառավարության առաջարկությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև Մոսկվայում կոնֆերանս հրավիրելու մասին [խոսքը 1921 թվականի մարտի 16-ին կայանալիք/կայացած խորհրդաժողովի մասին է- խմբ․ ԱՆԻ-ի], ուրախությամբ ողջունում է այդ նախաձեռնությունը, ընդ որում գտնում է, որ անհրաժեշտ է հայկական և ադրբեջանական սովետական կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությունը, քանի որ այդ պետությունների ու Թուրքիայի և Ռուսաստանի միջև ենթակա են լուծման տարածքային և այլ հարցեր։ Կովկասում խաղաղության և ամուր եղբայրական համակեցության հաստատումը սովետական կառավարության ջերմ ցանկությունն է։

Դաշնակցական Հայաստանը մինչև վերջին օրերը թույլ չէր տալիս, որ ժողովուրդների միջև հաստատվի եղբայրություն։ Հայաստանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև արգելապատ լինելուց, հայ բանվորների և գյուղացիների կամքով, դարձել է բարեկամական օղակ այդ նույն երկրների միջև։

Հայ աշխատավորները թշնամություն չունեն ո՛չ թուրք, ո՛չ ռուս ժողովրդի նկատմամբ, ճիշտ այնպես, ինչպես թուրք և ռուս ժողովուրդները բարեկամությունից և եղբայրությունից զատ ուրիշ ոչնչի չեն ձգտում հայկական տարածքում, նմանապես նրա հետ բարեկամություն և եղբայրություն են ցանկանում հաստատել ադրբեջանցի աշխատավորները, որոնք արդեն սերտ եղբայրական միասնության մեջ են Ռուսաստանի աշխատավոր մասսաների հետ։շ

Սովետական կառավարությունը կցանկանար, որ մոսկովյան կոնֆերանսն իր կազմում ունենար նաև ծրագրվող կոնֆերանսի բոլոր մասնակիցների համար եղբայրական ադրբեջանական ժողովրդի ներկայացուցչին։

Համոզված լինելով, որ չորս տերությունների մոսկովյան կոնֆերանսը կարևոր հետևանքներ կունենա եվրոպական միլիտարիզմից Արևելքի ազատագրման համար, հետևանքներ, որոնք այժմ մինչև իսկ չեն կարող գնահատվել, սովետական կառավարությունը շեշտում է այդ կոնֆերանսի շուտափույթ հրավիրման անհրաժեշտությունը։

Սովետական կառավարությունը կարգադրել է, որ ապահովված լինի թուրքական կառավարության պատգամավորների անարգել ուղևորությունը դեպի Մոսկվա։

Միաժամանակ, սովետական կառավարությունը հրավեր է ուղարկում Ադրբեջանի և Հայաստանի սովետական կառավարություններին։

Չիչերին

ДВП СССР, т. 3, стр 371-372, Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1972, էջ 463-464

Լուսանկարում՝ Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի կոնֆերանսի մասնակիցները