Վրաստանի ամբողջականությանն աջակցելու Փաշինյանի խոսքը վրդովմունք է առաջացրել Աբխազիայում – JAMnews

7826

JAMnews, Սուխում

«Իմ հրապարակային հայտարարություններում բազմիցս նշել եմ, որ մենք լիարժեք և միանշանակորեն աջակցում ենք Վրաստանի միասնականությանն ու պետականությանը»,- օրերս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աբխազիայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ, որոնք ազգությամբ հայեր են, հայտարարություն են տարածել, որում քննադատել են Հայաստանի վարչապետի այս խոսքերը։

«Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտեց վտարման, Փաշինյանի վերջին ելույթը կարելի էր թողնել առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ է հնչում։

Ցինիկ է ոչ թե այն պատճառով, որ Աբխազիայի Հանրապետությունը, լինելով անկախ պետություն, կապ չունի ինքնիշխան Վրաստանի հետ, այլ այն պատճառով, որ մի քանի տարի առաջ Երևանը բարձրաձայն հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, և ասում էր, որ թույլ չի տա Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգություն Ղարաբաղի տարածքում»,— գրում են պատգամավորներ Գալուստ Տրապիզոնյանը, Լևոն Գալուստյանը, Աշոտ Մինասյանը և Էրիկ Ռշտունին։

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ Փաշինյանի աջակցությունը «Վրաստանի միասնականությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ժողովրդավարությանը» սկզբունքորեն հակասում է Աբխազիայի ինքնիշխանության փաստին։

Նա հավելել է, որ Աբխազիայում հայ համայնքը ներկայացված է կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից մինչև մշակութային.

«Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել Ղարաբաղի հայերին, որոնք իր քաղաքականության արդյունքում բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային տեղահանման ողբերգությանը։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքն է նաև հենց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը»։

Սկզբում Բժանիայի հայտարարությունը ներառում էր նաև պարբերություն այն մասին, որ «Աբխազիան, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, վերահսկում է իր ողջ տարածքը»։

Դա դուր չէր եկել ընդդիմադիր RESPUBLICA տելեգրամյան ալիքին։

«Վրաստանը Աբխազիան և Հարավային Օսիան համարում է իր տարածքը։ Մենք այդպես չենք կարծում։ Բայց քանի որ Ասլան Բժանիան ընդունում է Վրաստանի տարածքում «սեփական»՝ չվերահսկվող տարածքների առկայությունը, դա նշանակում է, որ նա ճանաչում է դրանց գոյության փաստը։ Սպասում ենք պարզաբանման նախագահի վարչակազմից»,— գրում է RESPUBLICA-ն։

Պարզաբանումներ չհետևեցին, սակայն նշված պարբերությունը Բժանիայի հայտարարությունից անհետացավ։

Image source: Online magazine ‘Т — Ж’