Արթուր Բաղդասարյանը՝ «ավելի բարձր գին առաջարկողին վաճառվող, անսկզբունքային քաղաքական գործիչ»

4214

WikiLeaks – Armenia No 112

«Վիկիլիքս»-ի գաղտնազերծած հերթական փաստաթուղթը պատմում է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի և ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպման մասին:

Փաստաթուղթը հեղինակել է այն ժամանակ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Ֆիլիսը: ԱՄՆ պետքարտուղարություն ուղղված հաղորդման մեջ ներկայացված են ՕԵԿ խմբակցության ղեկավարի տեսակետները 2008թ. ընտրությունների, մարտի 1-ի ողբերգության, իշխանական կոալիցիայի շուրջ: Հատուկ ուշադրություն են գրավում ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի անձի ու գործունեության շուրջ ԱՄՆ դիվանագետի հնչեցրած գնահատականները:

2008թ. նախագահական ընտրությունների թեման քննարկելիս Բիշարյանը պատմել է, որ նախընտրական շրջանում իրենք ակտիվ բանակցությունների մեջ են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ: Բիշարյանի հաղորդմամբ՝ շաբաթներ տևած բանակցությունները տապալվել են այն պահին, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է հաղթելու դեպքում երաշխավորել կոնկրետ պաշտոններ Բաղդասարյանի ու նրա կուսակցության համար: ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն իր մեկնաբանության մեջ հստակեցրել է, որ թեեւ Բիշարյանը չի խոսում կոնկրետ պաշտոններից, այդուհանդերձ, իրենց աղբյուրները պնդում են, որ Բաղդասարյանը ցանկացել է վարչապետի աթոռը ստանալ:

Խոսակցության ժամանակ ՕԵԿ խմբակցության ներկայիս ղեկավարը բողոքել է Լևոն Տեր-Պետրոսյանից՝ ասելով. «Նա ուզում էր մեզ դնել նույն հարթության վրա, ինչ փոքրաթիվ կողմնակիցներ ունեցող Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին ու մյուսներին, և սպասեցնել մեզ իր հետընտրական որոշումներին: Մենք ակնհայտորեն չէինք կարող ընդունել այդ պայմանները»:

Բիշարյանը պատմել է, որ բանակցությունների ձախողումից հետո իրենք այլևս անկարող էին սատարել Տեր-Պետրոսյանին, հատկապես վերջինիս թիմի կողմից «դավաճան» որակվելուց հետո: Հատկանշական է, որ փաստաթղթի մեկնաբանությունների շարքում ԱՄՆ դիվանագետը հիշեցրել է, որ, այդ ամենով հանդերձ, Բիշարյանն անձամբ է մասնակցել Տեր-Պետրոսյանի հետընտրական հանրահավաքներից մեկին ու նույնիսկ ելույթ ունեցել: Հետաքրքիր է, մի՞թե տիկին Բիշարյանն այդ օրը մոռացել էր, որ «դավաճան» կոչվելուց հետո իրենք անկարող էին բանակցել Տեր-Պետրոսյանի թիմի հետ:

Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին՝ Բիշարյանը հատուկ ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանը դիտավորյալ կերպով օգտագործել է ՕԵԿ-ի՝ կոալիցիա մտնելու հանգամանքը և դրանով Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանդեպ իր բռնարարքներին քաղաքական աստառ տվել: Բիշարյանի պնդումների համաձայն՝ Քոչարյանը տվյալ իրադրությունն օգտագործել է երկու նպատակներով՝ դադարեցնել Տեր-Պետրոսյանի կողմնակիցների 10-օրյա բողոքի ցույցերը և քաղաքականապես մեկուսացնել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ֆիլիսը հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Բիշարյանը Սերժ Սարգսյանին ազատում է բռնարարքների պատասխանատուի դերից՝ մեղադրելով միայն Քոչարյանին:

Հեղինե Բիշարյանն անդրադարձ է կատարել նաև ստեղծված կոալիցիայի և դրա քաղաքական առաջնահերթությունների խնդրին՝ նշելով, թե Սերժ և Տիգրան Սարգսյանները պատրաստակամ են երկրում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել: Այդուհանդերձ, Բիշարյանն արձանագրել է կոալիցիայի ներսում փոխադարձ անվստահության ու կասկածամտություն մթնոլորտը:

Հատկանշական է, որ Բիշարյանը չի կաշկանդվել օտարազգի դիվանագետների առաջ իր կոալիցիոն գործընկերներից բողոքելու ու դժգոհելու հարցում: Կառավարության նոր ծրագրի քննարկումների ժամանակ հնչած կոալիցիոն ելույթները Բիշարյանը գնահատել է «արարողակարգային (դեկլարատիվ), անիմաստ և ոչ պրոֆեսիոնալ»: Տիկին Բիշարյանն ակնհայտորեն կա՛մ մոռացել էր, որ այլեւս ընդդիմադիր չէ, կա՛մ էլ պարզապես չարախոսել է գործընկերներին` այդպիսով փորձելով ամերիկացիների աչքին դրական լույսի ներքո ներկայանալ:

Փաստաթղթի շրջանակներում Ֆիլիսը հատուկ ընդգծում է. «Բաղդասարյանի մուտքը կոալիցիա ամրապնդեց հասարակական (և մեր սեփական) համոզմունքը, որ նա ավելի բարձր գին առաջարկողին վաճառվող, անսկզբունքային քաղաքական գործիչ է»:

Դիվանագետը նկատում է. «Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ Տեր-Պետրոսյանին խիստ բարձր է թվացել ՕԵԿ-ի առաջարկած գինը, որով կարելի էր գնել այդ աջակցությունը»: Ամերիկացի պաշտոնյան կասկածում է, որ ՕԵԿ-ին երբևէ կհաջողվի վերականգնել հասարակական վստահության նախկին մակարդակը: Նա կանխատեսում է, որ Բաղդասարյանի ու նրա կուսակցության մուտքը կոալիցիա շուտով ձանձրալի ու տհաճ կթվա իշխանություններին՝ հատկապես այդ կուսակցության էլեկտորատի շեշտակի կորստի արդյունքում. «Այդ ժամանակ Բաղդասարյանն ու իր կուսակցությունը կվերադառնան իրենց հին տեղը՝ բողոքելով իշխող ռեժիմի անարդարությունից ու տիրող համատարած կոռուպցիայից»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

http://armlur.am/55449/