Դաշնակիցների կողմից Հայաստանի անկախության ճանաչման առիթով տոնակատարություն Կարսում. 1920թ

1574

Հաղթանակի տոնակատարությունը Ղարսում

Հունվարի 24-ի առավոտյան բանվորական խմբերը, զորական վաշտերը և խուռն բազմությունը գնում է դեպի հուշարձանի հրապարակը, որտեղ պետք է կատարվեր զորահանդես:

Ժամը 11-ին բոլորը հրապարակում էին: Հրաշալի եղանակ էր: Երկնքից արևն էր ժպտում, իսկ գետինը փռված էր ձյան գորգով: Բերդից և մյուս ամրություններից որոտում էին թնդանոթները: Ժողովուրդը համակված էր վեհ տրամադրությամբ, նա ապրում էր մր սրբազան, խորհրդավոր պահ: Եկեղեցական դասի գլուխ ունենալով Ղարսի Կորյուն վարդապետին, կատարեց մաղթանք, որից հետո հայր սուրբն իր խոսքն ուղղեց քաջարի բանակին և տառապած ժողովրդին: Այնուհետև սկսվեց զորահանդեսը, որի ընթացքում արտահայտվեցին Սարդարապատի հերոոս գեներալ Բեգ-Փիրումյանը, քաղաքագլուխ Հ. Նորհատյանը, որը ողջունեց մեր դաշնակիցներին, առանձնապես Ամերիկային և Հունաստանին, պարլամենտի անդամ Ա. Աբեղյանը, ընկեր Գ. Ղազարյանը, հունաց ազգային խորհրդի ներկայացուցիչ Ի. Գալջիևը, թյուրքաց ազգային խորհրդի ներկայացուցիչ Մաշաղի Սամադը և Ղարսի ուսանողության ներկայացուցիչ Ումիկյանը:

Ի դեմս Հայաստանի ռամկավար հանրապետական կառավարության ընկ. Մ. Տ. Հովհաննիսյանը ողջունեց նահանգապետին: Այստեղից թափորը դիմեց դեպի ամերիկյան կոմիտեի և ապա հունաց Ազգային խորհրդի շենքը, որտեղ Հայաստանի հաղթանակը ողջունեց հույն քահանա Գաբիբովը ջերմ և զգացված խոսքերով:

Ժամը 1-ին ուրախ ու տոնական տրամադրությամբ ցրվեցին ժողովուրդն ու զորամասերը:

Երեկոյան … բերդի հրավառությունն այնքան հաջող էր ու գեղեցիկ, որ ստեղծել էր մի հեքիաթային, չնաշխարհիկ պատկեր: Մինչև ուշ գիշեր քաղաքից բաց էին թողնում հրթիռներ և քաղաքի վրա իջնում էր գույնզգույն ու գեղեցիկ լույսի կաթիլներ…

Ա. Արագածյան

«Յառաջ» օրաթերթ, թիվ 25, չորեքշաբթի, 4 փետրվար, 1920թ