Կաճաճկուտ գյուղի բնակչությունը 1897-1931 թվականներին. Լոռու ձոր

4764

Կաճաճկուտ գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, մարզկենտրոնից 58 կմ հյուսիս-արևելք, Ալավերդի քաղաքից 10 կմ արևմուտք, Լալվար սարի հարավ-արևելյան ստորոտին, ավելի քան 1400 մետր բարձրության վրա:

Նախկինում գյուղն ունեցել է Սեդվի անունը: Գյուղում բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկությունը պահպանվել է ցարական առաջին և վերջին՝ 1897-ի մարդահամարում:

Կաճաճկուտի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1897 թվական – 29 (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1916 թվական – 56 հոգի

1926 թվական – 391 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 500 հոգի, բոլորը՝ հայ

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Սեդվի

Գյուղի շրջակայքում պահպանվել են Սեդվի գյուղատեղին (10-13-րդ դդ.) և ամրոցի մնացորդները (13-14-րդ դդ.): Այստեղ են գտնվում նաև Սեդվու Սուրբ Նշան վանքը (13-14-րդ դդ.) և 13-14-րդ դդ. մատուռը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության Սեդվու վանական համալիրը գստնվում է գյուղից 3 կմ հարավ՝ Սեդվու ձորում: Համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին՝ կից մատուռով, օժանդակ շինությունների և պարսպապատերի մնացորդներ:

Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է XIII դ.: Ուղղանկյուն, միանավ դահլիճ է՝ կիսագլանաձև թաղով ծածկված, երեք զույգ որմնասյուներով և թաղակիր կամարներով: Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է՝ զգալիորեն առաջ ընկած ցածրադիր բեմով: Ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում (հյուսիսայինը բացվում է մատուռի մեջ): Ծածկը երկլանջ է՝ մեծ թեքությամբ: Կառուցված է կապտավուն բազալտե սրբատաշ քարերով: Առանձնանում է իր ընդգծված զուսպ հարդարանքով: Հարավային մուտքի առջև գտնվում է XIII դ. կառուցված, քառակուսի հատակագծով, խաչվող թաղերով ծածկված սրահը:

Մատուռը կից է եկեղեցուն հյուսիսային կողմից: Կառուցված է XIII դ.: Ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ կառույց է, որի մուտքը հարավային կողմից է և բացվում է Սուրբ Նշան եկեղեցու մեջ:

Վանքը շրջապատված է եղել անկանոն եզրագծերով, կապտավուն բազալտի մեծ քարերով շարված պարսպով, որը հարավային և արևելյան կողմերից ունեցել է երկու կամարակապ դարպաս, իսկ անկյուններում՝ կիսաբոլոր աշտարակներ: Մնացել են պարսպի հետքերը: Վանքի հարավարևելյան կողմում պահպանվել են կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներ: Վանքը գտնվում է անմխիթար վիճակում:

5.54.1_1

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Արևածագ, Աքորի, Այգեհատ, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝