Արդվի գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Լոռու ձոր

7095

Արդվի գյուղը գտնվում է Ալավերդու տարածաշրջանում, քաղաքից 9 կմ հարավ-արեւմուտք՝ Դեբեդ գետի բարձրադիր ձախափնյա սարավանդում, անտառապատ լեռան ստորոտում` ծովի մակարդակից 1450մ բարձրության վրա:

Նախկինում ունեցել է Արդու, Արտվի, Մելիքգյուղ, Մելիքքյանդ անվանումները:

Գյուղում կան երկու եկեղեցիներ: Դրանցից մեկը Հովհան Օձնեցու կառուցած Սուրբ Հովհաննես վանքն է (718-728թթ), որը վերակառուցվել է 17-րդ դարում: Եկեղեցու ներսում գտնվում է Հովհաննես Օձնեցու գերեզմանը: Մյուսը Սուրբ Հարություն եկեղեցին է` կառուցված 10-րդ դարում:

Արդվի գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական37 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 154 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 115 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1914 թվական – 158 հոգի

1916 թվական – 180 հոգի

1922 թվական – 274 հոգի

1926 թվական – 232 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 264 հոգի, բոլորը՝ հայ

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

4

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի: Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Արևածագ, Աքորի, Դանուշավան, Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Օձուն, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը