Տարկետում. քննարկում են Հայկական բանակում չծառայածները

2004

Հայկական բանակում տարկետման փաստացի վերացման նախաձեռնությունը, ինչպես նախորդ դեպքերում, դարձել է ամենահակասական մեկնաբանությունների և քննադատության առարկա:

Դեմ հանդես եկողները պնդում են, որ չի կարելի գիտության հաշվին բանակի համալրում իրականացնել, որ Հայաստանը կարիք ունի և՛ սահման պահող զինվորի, և՛ գիտնականի: Սա արդարացի փաստարկ է:

Հակառակ տեսակետի վրա պնդողները ընդգծում են, որ բոլորը պետք է իրենց պարտքը կատարեն հանուն հայրենիքի, և գիտությունը չպիտի դառնա փորացավ բանակից խուսափելու համար: Սա էլ է արդարացի փաստարկ:

Եվ, իրավամբ, հարցը սև ու սպիտակ չէ: 1997-ին նմանօրինակ քննարկումը պատճառ դարձավ լրջագույն քաղաքական ընդհարման իշխող ՀՀՇ-ի ներսում: Այն օրերի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը մտադիր էր բոլորին բանակ տանել, ինչը հանդիպեց ԵՊՀ դասախոս, Ազգային ժողովի խոսնակ Բաբկեն Արարքցյանի ընդդիմությանը:

Այս և բազմաթիվ այլ նախաձեռնությունների հետ կապված հիմնական հարց կա. երբ պետական համակարգը վերից վար կոռումպացված է, հնարավո՞ր է արդյոք արդարություն և հավասարություն կիրառել մեկ ոլորտում:

Հասկանալի է նաև, որ ինչ-որ տեղից պետք է սկսել: Ամեն գնով բանակից խուսափելու ցանկությունը չպիտի երիտասարդներին հնարավորություն տա որպես փրկության ճանապարհ ընտրել գիտությունը:

Մենք կարող ենք նշել բազմաթիվ օրինակներ, երբ գիտության ծարավ ՀՀԿ-ականները Հայկական բանակից խույս տալու համար ընտրել են հենց գիտական տարկետումը՝ օրինական տեսք տալով փաստացի դասալքությանը:

Ահա իշխող հանրապետականներից մի քանիսը միայն:

Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի բանբեր Էդուրադ Շարմազանով. Հայկական բանակում չծառայելը չի խանգարել, որ Շարմազանովն արժանանա «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալների և «ԵԿՄ 20-ամյակ» հուշամեդալի։

Երևանի քաղաքապետ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյան. Հայկական բանակում չի ծառայել, սակայն Արցախի պաշտպանության նախարարի կողմից արժանանացել է «Պաշտպանության բանակ» հուշամեդալի, Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալների, «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալի:

Իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյան. թեև չի ծառայել Հայկական բանակում, բայց պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։ Պարոն Աշոտյանը Հայաստանի զինված ուժերի պահեստազորի սպա է, փոխգնդապետ:

Բանակում չծառայածների մեջ են բազմաթիվ այլ հանրապետականներ ու նրանց որդիներ:

Ահավասիկ, Ազգ-բանակ կոնցեպտի ջատագովներից վարչապետ Կարեն Կարապետյան, որի որդին ևս չի ծառայել Հայկական բանակում և արդեն հասցրել է հիմնել կամ կառավարել մի շարք եկամտաբեր բիզնեսներ:

Ընդ որում, երբ անդրադառնում ես պաշտոնյաների կամ նրանց որդիների՝ Հայկական բանակում ծառայելուց խուսափելու կոնկրետ դեպքերի, միանգամից բերում են հակափաստարկը՝ երեխան հիվանդություն կամ այլ պատճառ ունի չգնալու: Գուցե ունի: Բայց ինչո՞ւ հենց առողջական կամ այլ պրոբլեմներ ունեն բարձրաստիճան պաշտոնյաների որդիները:

Եվ զավեշտալին. տարկետման փաստացի վերացման նախաձեռնությունը կառավարությունում և խորհրդարանում քննարկում են նաև նրանք, հիմնականում նրանք, ովքեր իրենց որդիներին բանակից կարողացել են հետ գցել:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ