«Հայաստանի վերամիավորման միությունը». այլախոհությունը Խորհրդային Հայաստանում

1266

Ծանոթ. – 1966 թ ապրիլի 24-ին հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ): ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը (մահացել է 1989-ին), Ստեփան Զատիկյանը (գնդակահարվել է Մոսկվայում 1979-ին) եւ Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայրը): ԽՍՀՄ տարածքում Հայաստանը դարձավ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն: Ներկայացնում ենք հատված խորհրդահայ այլախոհ, 8 տարի անազատություն կրած Վարդան Հարությունյանի ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ արժեքավոր հատորից:

download

Երկու դատավճիռ՝ մեկ գործով

«Հայաստանի վերամիավորման միությունը» կազմավորվել է 1969 թվականի աշնանը: Այս միության անդամ Վալտեր Մելիքյանն իր ազգային-հայրենասիրական գործունեությունն սկսել էր 60-ականների առաջին կեսից: 1965-1966 թթ. երկու անգամ Պետանվտանգության կոմիտեից նախազգուշացում է ստացել, բայց շարունակել է իր գործունեությունը:

«Հայաստանի վերամիավորման միությունը» ձեւավորվել է այնպիսի ժամանակահատվածում, երբ արդեն հրապարակ էին իջնում կազմակերպություններ ու գործիչներ, որոնք, հայրենասիրությանն ու տարածքային պահանջներին զուգահեռ, առաջ էին քաշում լիովին նոր խնդիրներ՝ անկախություն, պայքար սովետական կարգերի դեմ, ժողովրդավարություն:

«Հայաստանի վերամիավորման միության» ծրագրում նույնպես կար «անկախ հանրապետություն» ստեղծելու եւ ժողովրդավարության մասին հիշատակում, բարց պնդել, որ սա անկախական կազմակերպություն էր՝սխալ կլինի: Այս միությունն իր գլխավոր խնդիրն էր համարում Հայաստանի կորցրած տարածքների, մասնավորապես՝ Ղարաբաղի եւ Նախիջեւանի խնդրի լուծումը: Սրանից էլ բխում է կազմակերպության անվանումը:

Կազմակերպության ղեկավարներից Վալտեր Մելիքյանը՝ գալով 60-ականների առաջին կեսից՝ 60-ականների վերջ ու 70-ականների սկիզբ էր բերել նշված ժամանակահատվածին բնորոշ խնդիրները՝ հավելելով դրանք 60-ականների վերջին ձեւավորված խնդիրներին՝ ժողովրդավարությանն ու անկախությանը:

Սակայն, նպատակների այս խառնուրդում գերակշռում էր 60-ականների առաջին կեսի մտայնությունը: Անկախ պետականությունը եւ ժողովրդավարությունն այդպես էլ այս կազմակերպության գործունեության ընթացքում չդարձան հստակ ձեւակերպված պահանջ ու նպատակ: Չնայած սրան, ՊԱԿ-ը՝ հիմնավորելու համար, թե ինչու պետք է «Հայաստանի վերամիավորման միության» անդամները դատապարտվեն 65 եւ 67 հոդվածներով, նրանց նկատմամբ կայացված երկրորդ դատավճռում արհեստական ու ուռճացված շեշտադրում է անում անկախության մասին կազմակերպության ծրագրում եղած «անկախ պետականություն» ձեւակերպման վրա:

Կազմակերպության ղեկավարները շփումներ են ունեցել ժամանակին գործող այլ այլախոհների եւ այլախոհական կազմակերպությունների հետ: Նախաձեռնել են համատեղ քննարկումներ, փոխանակել գրականություն: Ի պատիվ «Հայաստանի վերամիավորման միության»  ձերբակալված անդամների՝ ընդգծենք, որ ՊԱԿ-ն այդպես էլ, ողջ նախաքննության ընթացքում, չկարողացավ իմանալ նրանցից՝ իրենց հետ շփումներ ունեցող այլ կազմակերպությունների ու անհատ այլախոհների անունները, ու ստիպված էր դատավճռում նշել, որ այդ մարդիկ մնում են գործով չպարզված:

Որքան էլ տարօրինակ է՝ «Հայաստանի վերամիավորման միության» գործով կայացվեց երկու դատավճիռ: Սա միակ դեպքն է 1960-1988 թթ. կայացված քաղաքական դատավարությունների պատմության մեջ:

Առաջին դատավճիռը կայացվեց 1971 թվականի հոկտեմբերի 18-ին՝ դատավոր Ն. Մանուկյանի նախագահությամբ: Նախագահող դատավորն իր հայեցողությամբ ամբաստանյալներին առաջադրված 65-րդ (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67-րդ (պետական հանցագործություններ նախապատրաստելուն կամ կատարելուն, այդպիսի հանցագործություններ կատարելու նպատակ ունեցող կազմակերպության ստեղծելուն ուղղված կազմակերպական գործունեություն) հոդվածները փոխում է ավելի մեղմ՝ 206 հոդվածով (սովետական պետական ու հասարակական կարգերն արատավորող ակնհայտ հերյուրանքներ տարածելը):

Գործը քննելով՝ դատավորը հետեւություն է անում, որ ամբաստանյալները խորհրդային իշխանությունը քայքայելու նպատակ չեն հետապնդել եւ նման կոչեր չեն հնչեցրել: Սա հիմնավորվել էր ե՛ւ վկաների, ե՛ւ ամբաստանյալների ցուցմունքներով, նաեւ գործում եղած այլ ապացույցներով: 206 հոդվածն առաջին հերթին նախատեսում էր, որ դատապարտյալներն իրենց պատիժը կրելու են ավելի թեթեւ՝ ընդհանուր ռեժիմի կալանավայրում ու մնալու են Հայաստանում:

Այս հոդվածով դատապարտվեցին Վալտեր Մելիքյանը՝ երեք տարի, Յուրիկ Բուդաղյանը՝ երեք տարի, Սերոբ Սարգսյանը՝ երկու տարի, Սուրեն Մելիքյանը երկու տարի եւ Արամայիս Խաչատրյանը՝ մեկ տարի ժամանակով:

Որպես կանոն, ՊԱԿ-ի վարույթով անցնող գործերով դատավորներն ինքնագործունեության իրավունք չունեին, եւ դատավորի այս ինքնագործունեությունն արժանանում է ՊԱԿ-ի խստագույն գնահատականին: Պետանվտանգության կոմիտեն պահանջում է նրա կայացրած դատավճիռը բեկանել ու իր առաջ քաշած մեղադրանքով նոր դատավարություն է կազմակերպում:

Փոխում են ե՛ւ դատավորին, ե՛ւ դատախազին, ու 1972 թ. մարտի 20-ին՝ առաջին դատավճռից հինգ ամիս անց, դատավոր Ա. Եղիազարյանի նախագահությամբ եւ դատախազ Գ. Ղալումյանի մասնակցությամբ, նրանց դատապարտում են 65 եւ 67 հոդվածներով: Այս դատավճռով մեղադրյալներին դատապարտում են ավելի մեծ պատժաչափերի, իսկ պատիժն արդեն պետք է կրեին խիստ ռեժիմի կալանավայրում: Սա նախատեսում էր, որ դատապարտյալներն իրենց պատիժը պետք է կրեն Հայաստանի սահմաններից դուրս՝ Ուրալում գտնվող քաղկալանավորների համար նախատեսված հատուկ կալանավայրերում:

Երկրորդ դատավճիռը կայացնելիս՝ առաջին դատավճռով մեկ տարի ազատազրկման դատապարտված Արամայիս Խաչատրյանը գործով արդեն որպես վկա է հանդես գալիս: