Ադրբեջանին սահմանակից Դովեղ գյուղի փողոցային լուսավորությունը բարելավվել է

1780

Երեկ հայկական բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդագրություն են տարածել, ընդ որում նույնանման բովանդակությամբ, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, Տավուշի մարզի սահմանային Դովեղ գյուղի փողոցները լուսավորվել են:

Հաղորդագրության հենց առաջին պարբերության մեջ ասվում է. «Տավուշի մարզի Դովեղ գյուղն արևելյան մասով 15 կմ երկարությամբ սահման ունի հարևան երկրի հետ: Չնայած անհրաժեշտությանը` սահմանապահ գյուղը տարիներ շարունակ ստիպված է եղել հարմարվել արտաքին լուսավորության համակարգի բացակայությանը»:

Այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. Դովեղ գյուղի փողոցները լուսավորվում էին արդեն 4 տարի անընդմեջ, առանց խափանման:

Տարիներ առաջ ես իմ ծննդավայրի, ավելի ճիշտ՝ Դովեղի և հարևան Քամառլու (Ադրբեջան) գյուղի միջև 1984 թվականին տեղի ունեցած ազգամիջյան բախման մասին մի հոդված էի գրել Բեյրութի հայկական թերթերից մեկում: Հոդվածը լայն արձագանք էր գտել: Հերթական անգամ, երբ Բեյրութում էի, ինձ հարցրեցին, թե ինչպես կարող են օգնել այդ գյուղին: Ասացի, որ անկախության առաջին տարիներին, էներգետիկ ճգնաժամի պատճառով, գյուղի փողոցային լուսավորությունը դադարեցվել է և լավ կլինի, որ սահմանից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղը կրկին լուսավորվի:

Բեյրութից բարերար Բյուզանդ Գևորգյանը անմիջապես արձագանքեց: Նա ինձ առաջարկեց հաշվարկել, թե որքան գումար է անհրաժեշտ: Գյուղապետ Սամվել Գորգինյանի հետ միասին մենք անցանք գյուղի հիմնական փողոցներով և որոշեցինք, որ 52 լապտերը բավարար է գյուղը լուսավորելու համար: Կարելի էր ավելի շատ տեղադրել, բայց ավելի շատը նշանակում էր ավելի շատ գումար վճարել օգտագործված էներգիայի համար, ինչին գյուղպետարանի սուղ բյուջեն պատրաստ չէր:

Մեր հաշվարկները ցույց տվեցին, որ ամբողջ աշխատանքի համար անհրաժեշտ է ընդամենը 6.500 դոլար, քանի որ խորհրդային տարիներին ներդրված փողոցային լուսավորության համակարգը մասամբ պահպանվել էր, մասնավորապես՝ սյուների մեծագույն մասը:

Բյուզանդ Գևորգյանը անմիջապես առձեռն փոխանցեց այդ գումարը, և երկու ամսվա ընթացքում, գյուղի փողոցային լուսավորությունը, 1992-ից ի վեր առաջին անգամ վերականգնվեց: 6500 դոլարից խնայվեց ևս որոշակի գումար, որն ուղղվեց էլեկտրաէներգիայի վճարների մի քանի ամիսների սպասարկմանը:

Այստեղ ուզում եմ անպայման նշել, որ Դովեղի փողոցային լուսավորությունը խորհրդային տարիներին հնարավոր է եղել իրականացնել գյուղացիներից Սերգեյ Ավագյանի անմիջական նախաձեռնությամբ: Սերգեյ Ավագյանը աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի հարազատ քեռին է:

Այսպիսով, երբ հաղորդագրություն է տարածվում, թե «սահմանապահ գյուղը տարիներ շարունակ ստիպված է եղել հարմարվել արտաքին լուսավորության համակարգի բացակայությանը», դա անխիղճ վերաբերմունք է և՛ Սերգեյ Ավագյանի, և՛ Բյուզանդ Գևորգյանի նկատմամբ:

Ի դեպ, երբ Բյուզանդ Գևորգյանին առաջարկեցի, որ իր բարերարության մասին լրատվամիջոցների համար մի փոքրիկ տեղեկատվություն պատրաստենք և տարածենք, նա կարևորություն չտվեց: Բավարարվեցի ընդամենը Ֆեյսբուքի մի ստատուսով:

Գևորգյանը տասնամյակներ շարունակ միլիոնավոր դոլարների օգնություններ է տրամադրել և ներդրումներ կատարել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Հատկապես սիրիական պատերազմի տարիներին, նա բազմաթիվ ընտանիքների է օգնել ամիսներ շարունակ: Այդ բարեգործությունների մասին շատ չեն գրվել, քանի որ մարդը գովազդի կարիք չունի:

Հանուն արդարության պետք է նշել, որ, այո՛, Դովեղում ներդրված նոր համակարգի շնորհիվ գյուղի փողոցային լուսավորությունը նախկինի համեմատ շատ ավելի լավն է, շատ ավելի արդիական:

Հենց այս պահին, երբ գրում եմ այս հոդվածը, իմ լուսամուտից տեսնում եմ, որ մեր գյուղի փողոցները ավելի լավ են լուսավորված:

Թաթուլ Հակոբյան

28 սեպտեմբեր, 2017թ, Դովեղ

—–

Վերջում ներկայացնենք այն հաղորդագրությունը, որ տարածել են լրատվամիջոցները.

Տավուշի մարզի Դովեղ գյուղն արևելյան մասով 15 կմ երկարությամբ սահման ունի հարևան երկրի հետ: Չնայած անհրաժեշտությանը` սահմանապահ գյուղը տարիներ շարունակ ստիպված է եղել հարմարվել արտաքին լուսավորության համակարգի բացակայությանը:

Ներկայումս իրավիճակը փոխվել է. համայնքների զարգացումը կարևոր առաջնահերթություն համարող գործընկեր կառույցների ջանքերով խնդիրը լուծվել է:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, Դովեղում ամբողջությամբ ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող նոր ենթակառուցվածք: Տեղակայվել է 73 LED լուսարձակ՝ լուսավորելով 2700 մ երկարությամբ տարածություն։

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը և համայնքի բնակիչները:

«Գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացումն առաջնահերթություն է: Հատկապես սահմանապահ գյուղերում դրանց կառուցումը կարևոր է մի քանի տեսանկյունից. գյուղն սկսում է համապատասխանել ժամանակի պահանջներին, բնակիչը փորձում է լավատեսորեն նայել վաղվա օրվան, գյուղի զարգացման հեռանկարին ու մնալ իր բնօրրանում և, որն ամենակարևորն է՝ լուծվում է մարդկանց անվտանգության հարցը: Իսկ մեզ՝ գործընկեր կառույցներիս համար, արձանագրվող ձեռքբերումներին զուգահեռ, ծրագիրն արժևորվում է նաև երկարաժամկետ արդյունքով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումն էականորեն կրճատում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Դովեղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաև ամբողջ գիշեր:

Մեկ տարի առաջ, ի թիվս Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջևան գյուղերի, Դովեղը ընդգրկվել է Տավուշի մարզի ընդլայնված՝ Նոյեմբերյան համայնքի կազմում:

Դովեղում ապրում է 185 ընտանիք։ Բնակիչները հիմնականում զբաղվում են բուսաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Լուսանկարում՝ Ռալֆ Յիրիկյանը Դովեղում