Վրացյան. ՀՅԴ-ն չի կարող դաշնակցել բոլշևիկյան իշխանության հետ

1597

Հատված Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխան է Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923 թ. խորհրդաժողովին ուղարկած զեկուցագրի:

Մեր անցյալն ու ներկան քրքրելուց հետո՝ Քաջազնունին եզրակացնում է, որ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» և որ, ուրեմն, պարտավոր է խարակիրի անել՝ ինքնասպանություն գործել: Եվ իր այս կարծիքը հիմնավորելու համար բերում է երկու կարգի պատճառներ՝ առարկայական ու ենթակայական:

Առարկայական պատճառները հետևյալն են.

  1. «Մեր կուսակցությունը արել է արդեն իր ամբողջ անելիքը ու սպառել է իրեն: Կյանքի նոր պայմանները առաջադրում են հրամայականորեն նոր պահանջներ. այդ նոր պահանջներին մենք անընդունակ ենք պատասխան տալու»:
  2. Դաշնակցությունը չի կարող հարմարվել նոր պայմաններին. «երեսուն տարվա կուսակցական կյանքը դրել է մեր վրա իր անջնջելի դրոշմը, հաստատել է ավանդներ ու սովորություններ, որոնցից մենք չենք կարող ազատվել»:
  3. Նոր պայմաններից գլխավորն այն է, որ «Հայաստանը պիտի դաշնակցի Խորհրդային Ռուսաստանի հետ», իսկ «մեր կուսակցությունը չի կարող դաշնակցել բոլշևիկյան իշխանության հետ»:
  4. «Խորհրդային իշխանությունը չի ուզում ճանաչել ո՛չ քաղաքական ազատություններ, ո՛չ էլ քաղաքական իրավունքների հավասարություն», որով «իբրև օրինական ընդդիմություն, մենք տեղ չունենք Հայաստանում»:
  5. «Ստորերկրյա, դավադրական գործունեություն չպիտի անենք» Հայաստանի խորհրդային իշխանությունը պայթեցնելու նպատակով, որովհետև «բոլշևիզմը հայկական ռեժիմ չէ և Հայաստանում չէ, որ պիտի տապալվի»:
  6. «Խոսքով պայքարել դրսից ու գաղութներում հակաբոլշևիկյան պրոպագանդ անել, երբ ներսից պայթեցնելու փորձեր չպիտի ցանկանանք անել, անիմաստ ու անվայել բան է»:
  7. Մնալով քաղաքականապես հակառակ բանակում՝ Դաշնակցությունը չի կարող դրսից օժանդակել Հայաստանի տնտեսական վերաշինությանը:
  8. Դաշնակցությունը «պարտված է ու կորցրած իր հեղինակությունը, երկրից դուրս է արված, չի կարող վերադառնալ տուն, իսկ գաղութներում գործ չունի անելու»:
  9. «Դաշնակցությունը վարել է հայ քաղաքական դատը ու բերել է քաղաքականապես ազատագրվող հայ ժողովուրդը, հասցրել մինչև մի որոշ տեղ. այստեղ իրեն փոխարինելու է, մինչև հետևյալ կայանը, հայ բոլշևիկը»:
  10. Մի խոսքով, «Դաշնակցական կազմակերպությունը դատապարտված է մահվան (ավելի ճիշտ՝ մեռած է արդեն), իսկ նրա տեղը բռնել են բոլշևիկները, «հայ բոլշևիկները մեր ժառանգներն են», «հայ բոլշևիկները դաշնակցականներ են, միակ դաշնակցականները այսօր»…

Դաշնակցության ինքնասպանության անհրաժեշտության իբրև ենթակայական պատճառներ՝ Քաջազնունին առաջ է բերում հետևյալ կետերը.

  1. «Կուսակցություն չկա այլևս: Կան միայն նախկին կազմակերպութjան բեկորներ, որ իներցիայի ուժով շարունակում են կրել զանազան անուններ և իրար թղթեր գրել, բայց կյանք չկա, որուհետև չկա գործ, չկա հավատ ու ոգևորություն»:
  2. «Այն օրվանից, երբ մենք իշխանության գլուխն անցանք, կուսակցական մթնոլորտը թունավորվեց»:
  3. Կուսակցությունը այլևս չի ապրում, «մի՞թե մենք ապրում ենք այսօր…Մի՞թե չենք տեսնում, որ քայքայման պրոցեսի մեջ ենք արդեն և որ քայքայման պատճառները՝ արտաքին ու պատահական չեն, այլ ներքին են՝ օրգանական»:
  4. «Երիտասարդությունը, նոր սերունդը մեզ հետ չէ այլևս, ինչպես էր 20-25 տարի ասաջ»:
  5. «Մեր կուսակցությունը քայքայվում է, որովհետև կորցրել է իր rasison d’etre-ը»:
  6. «Մի քանի տասնյակ, առ ավելին՝ մի քանի հարյուրյակ մարդ» կուսակցությունը դարձրել են իրենց համար «փեշակ», այլապես ասած՝ Դաշնակցությունը այլևս չի ծառայում հայ ժողովրդի, այլ «մի քանի հարյուր մարդկանց» շահերին:
  7. Եվ, վերջապես, «ամենից պերճախոս ապացույցն» է «խորհրդաժողովում ընդունված բանաձևը»՝ «հակասական, ոչինչ չասող, ոչինչ չպարտադրող ու ամեն բան պարունակող», «զուրկ շիտակութունից ու տղամարդությունից»:

Ահա սրանք են այն գլխավոր պատճառնները, որոնց վրա հիմնված Քաջազնունին եզրակացնում է , որ «Հ. Յ. Դաշնակցությունը այլևս անզոր ու անպետք գործիք է», «անելիք չունի» և, ուրեմն, պարտավոր է վերջ տալ իր գոյությանը, որովհետև, ասում է նա, «լինում են դրություններ, որոնցից միակ պատվավոր ելքը՝ ինքնասպանությունն է»:

Տեսնենք, որքա՞ն լուրջ ու հիմնավոր են Քաջազնունու այս պատճառաբանություններն ու եզրակացությունները:

Անցիալի մասին Քաջազնունին, ըստ երևույթին, դրական կարծիք ունի. «Անցյալում Հ. Յ. Դաշնակցությունը պետք էր Հայաստանին ու հայ ժողովրդին», բայց պարզ չէ, թե ո՞ր անցյալի մասին է խոսքը: 1914-ից հետո, օրինակ, Դաշնակցությունը պե՞տք էր հայ ժողովրդին: Մի կողմից, կարծես թե պետք էր, բայց մյուս կողմից, մենք արդեն տեսանք, թե Քաջազնունին ի՞նչպես է գնահատում Դաշնակցության բռնած դիրքը կամավորական շարժման և հետագա դեպքերի ընթացքում:

1918-ից հետո Դաշնակցությունը պէ՞տք էր:

1918-ից հետո նրա գոյությունն արդեն ավելորդ էր. «Երբ 1918թ. հունիսին ստորագրեցինք Բաթումի դաշնագիրը, որով հրապարակ էր իջնում և մյուս պետությունների կողքին իր համեստ տեղը գրավում հայ անկախ պետությունը և երբ նույն թվականի օգոստոսին բաց[եց]ինք հայ[կական] խորհրդարանը, որով նորածին պետությունը իրական ձև ու մարմին էր ստանում, ահա ա՛յն ժամանակ արդեն մենք պիտի կազմալուծվինք ու տեղ տայինք նոր քաղաքական խմբակցությունների. մեր պատմական միսիան վերջացրած էր արդեն… Եվ ի՜նչ գեղեցիկ վախճան  կլիներ դա»,- բացականչում է Քաջազնունին գեղասիրական հափշտակության մեջ…

Ըստ Քաջազնունու, ուրեմն, Դաշնակցության «պետքական» անցյալը տևում է մինչև 1918թ. հունիս կամ, ամենաուշը, օգոստոս ամիսը: Սրանից հետո նրա կյանքը եղել է ավելորդ, ապօրինի, մի տեսակ մաքսանենգությամբ անցկացված, աշխարհի ու մարդկային բոլոր օրենքների ու տրամադրության դեմ: 1918-ին Դաշնակցությունը պետք է հանդիսավոր կերպով ինքնասպանություն գործեր, և «ի՜նչ գեղեցիկ վախճան կլիներ դա»:

Լուսանկարում՝ Վրացյանը և Դրոն 1915-ին