PKK-ն շարունակում է ազդեցիկ լինել ոչ միայն Սիրիայում և Իրաքում, այլ նաև Թուրքիայում

829

Թուրքիան չի ուզում Սիրիայի քրդաբնակ կանտոնները միավորված տեսնել․ Սարգիս Գրիգորյան

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ՍիվիլՆեթին մեկնաբանում է թուրքական զինուժի կողմից սիրիական քրդերի դիրքերի հրետակոծությունը և առհասարակ Թուրքիայի ու Սիրիայի քրդերի հարաբերությունները։ Ըստ նրա՝ Թուրքիան չի ուզում Սիրիայի երեք քրդաբնակ կանտոնները միավորված տեսնել։

– Քրդական աղբյուրները հաղորդում են, որ Թուրքիայի զինված ուժերը հարվածներ են հասցնում Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանին ու հարակից բնակավայրերին: Ճի՞շտ են արդյոք այս տեղեկությունները, ինչու՞ հենց այդ շրջանները, ու ի՞նչ  է ուզում  Թուրքիան:

– Արդեն տևական ժամանակ է, ինչ Թուրքիայի տարածքից հարվածներ են տեղում Սիրիայի քրդաբնակ Աֆրինում գտնվող քրդերի դիրքերին: Թուրքերը չեն էլ թաքցնում, որ իրենց հրետակոծության տակ են Սիրիայի այդ հատվածը բնակեցնող քրդերը, մասնավորապես Քրդստանի դեմոկրատական միություն կուսակցության ստորաբաժանումները, որոնց Անկարան ահաբեկչական է համարում՝ մեղադրելով PKK-ի հետ համագործակցության մեջ: Աֆրինն այն երրորդ կոմպակտ քրդական բնակություն ունեցող հատվածն է, որը մնացել է առանձնացված՝ մյուս, արդեն միավորված քրդաբնակ հատվածներից՝ Քոբանիից և ալ-Ջազիրայից: Սիրիայի քրդական որոշ շրջանակների նպատակն է վերոհիշյալ երեք քրդաբնակ կանտոնները միավորված տեսնելը, ինչը չի խոսում հարևան Թուրքիայի շահերից:

-Ի՞նչ վիճակ է Սիրիայի քրդաբնակ կանտոններում: Կարո՞ղ ենք ասել, որ քրդերն ինքնավար են Սիրիայում, ո՞վ է այնտեղ հիմնական դերակատարը և արդյոք ահաբեկիչնե՞ր են, ինչպես ներկայացնում է Թուրքիան:

– Քրդերը Սիրիայում այս պահին վերահսկում են ոչ միայն քրդաբնակ հատվածները, այլև էլ ավելի առաջ են գնացել՝ ընդլայնելով այդ տարածքները ավանդապես արաբական համարվող տարածքների հաշվին: Այս իրողությունը անհանգստացնում է ոչ միայն պաշտոնական Դամասկոսին, այլև տարածաշրջանային այլ դերակատարներին, այդ թվում Թուրքիային: Չմոռանանք, որ հիշյալ քրդաբնակ երեք տարածքները տեղակայված են Թուրքիայի հետ սահմանի երկայնքով: Դեռևս սիրիական հակամարտության սկզբից քրդերն այդ տարածքներում ձևավորեցին սեփական ինքնապաշտպանական ստորաբաժանումները, տեղական ինքնակառավարման մարմինները, և այս պահին վերահսկում են ու փորձում են միավորել բոլոր երեք կանտոնները: Սիրիայի քրդերի շրջանում հիմնական ազդեցիկ կառույցը համարվում է Քրդստանի դեմոկրատական միություն կուսակցությունը, և նրա ռազմական թևը համարվող Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը (YPG): Ակնհայտ է, որ հիշյալ կառույցը ավանդական կապերով կապված է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ, և Անկարան համագործակցությունը ահաբեկչական բնորոշվող PKK-ի հետ ներկայացնում է որպես ահաբեկչական կառույցների հետ համագործակցություն:

Հակառակ իրողությունն այն է, որ ԱՄՆ-ն ունի բոլորովին այլ մոտեցում Քրդստանի դեմոկրատական միություն կուսակցության և նրա ռազմական թևի հանդեպ՝ որոշակի ծրագրեր կապելով հիշյալ ամենաազդեցիկ քրդական կառույցների հետ Սիրիայում, ինչին մենք ականատես ենք լինում:

– Թուրքիայի ղեկավարության շրջանում նկատելի՞ է արդյոք անհանգստություն, որ Սիրիայի ու Իրաքի օրինակը կարող է վարակել Թուրքիայի քրդերին: Արդյոք այդ անհանգստության նշան կարո՞ղ ենք համարել Թուրքիայում վերջին շրջանում պարբերաբար հնչող «Մեկ ազգ, մեկ լեզու, մեկ դրոշ, մեկ  պետություն»  արտահայտությունը:

– Այդ անհանգստությունն ակնհայտ է, հատկապես Սիրիայի քրդերի և վերջին շրջանում նրանց ձեռքբերումների հարցում: Որքան էլ, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում միտված է իրաքյան քրդերին Սիրիայի քրդերին հակազդելուն, մասնավորապես Բարզանիի Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը հակազդելուն Սիրիայի դեմոկրատական միություն կուսակցությանը, սակայն PKK-ն շարունակում է ազդեցիկ լինել ոչ միայն Սիրիայում և Իրաքում, այլ նաև Թուրքիայում, ինչը գլխացավանք է Անկարայի համար:

– Սիրիայի իշխանությունները կարծես պատրաստ չեն ընդունել քրդերի ինքնավարությունը:  Ի՞նչ մոտեցում ունեն այս հարցում միջազգային գլխավոր դերակատարները` Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Թուրքիան անընդհատ հայտարարում է, որ ԱՄՆ -ն ընտրություն պետք է կատարի «ահաբեկիչների» ու Թուրքիայի միջև: Կա՞ արդյոք նման երկընտրանք:

– Պաշտոնական Դամասկոսի մոտեցումը քրդական հարցում հետևյալն է՝ միասնական Սիրիայում չի կարող լինել քրդական ինքնավարություն: Արտաքին դերակատարների շրջանում էլ կարծես մոտեցումները Սիրիայի քրդերի հարցում հանգում են նրան, որ Սիրիայի քրդերին լայն ինքնավարության հնարավորություններից զրկեն: Սակայն մերձավորարևելյան ներկայիս զարգացումները տանում են նրան, որ ինչ-որ բան քրդերին տալու են: Ճիշտ է՝ պատերազմը դեռ շարունակվում է, և դժվար է կանխատեսել թե ինչ են ստանալու Սիրիայի քրդերը, սակայն հավանաբար դա կարող է լինել ոչ թե բոլոր երեք կանտոններում ինքնավարության տեսքով, այլ ինչ որ մի կանտոնում, հավանաբար ալ-Ջազիրայում քրդական որոշ ինքնավար տարածքի տեսքով:

 Ո՞րն է Սիրայի  քրդերի հաջողության գաղտնիքը, արդյոք կիրառվու՞մ է ժողովրդավարական ինքնավարության մոդելը, թե՞ այլ բանի հետ գործ ունենք:

Եթե խոսքը վերաբերում է Աբդուլլահ Օջալանի կողմից մշակված «Ժողովրդավարական համադաշնության» մոդելի կիրառմանը, ապա ներկայիս իրողությունները այդ մոդելի կիրառման հնարավորությունների մասին են խոսում, ինչը ենթադրում է որևէ երկրի տարածքում քրդական ինքնավար տարածքի գոյություն, այլ ոչ թե քրդական պետության առկայություն: Վերջինիս համար դժվարություններն ու բարդությունները, առավել ևս դրանց հաղթահարման հնարավորությունները սուղ են, ինչը հասկանում են նաև որոշ քրդական շրջանակներ:

– Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին հաստատակա՞մ է անկախության հանրաքվեի հարցում: Ինչպե՞ս է այժմ Թուրքիայի հետ հարբերությունները:

– Մասուդ Բարզանին մի քանի անգամ հայտարարել է Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման մասին, բայց դրանով փորձ է արվել ստուգել որոշ տարածաշրջանային և արտատարածաշրջանային տրամադրություններ ձևավորվելիք քրդական պետության վերաբերյալ։ Դա նաև Բաղդադի հետ որոշ խնդիրների՝ քրդերի համար շահավետ լուծումներին էր ուղղված: Անգամ եթե սեպտեմբերի 25-ին հայտարարված անկախության հանրաքվեն տեղի ունենա, այն ավելի շատ խնդիրներ է առաջացնելու հենց Իրաքի քրդերի համար, ինչպես ներքրդական միջավայրում, որոնք արդեն նկատելի են, այնպես էլ դրսում: Հետևաբար, եթե նույնիսկ Բարզանին այս անգամ վճռական է տրամադրված և ուզում է արձանագրել կոնկրետ հաջողություն և մնալ քրդերի հիշողություններում որպես 21-րդ դարում աշխարհի քարտեզին անկախ Քրդստան կերտած լիդեր, նա պետք է հաշվի առնի նշված բարդությունները, որոնք կարող են ցավալի լինել քրդերի համար:

Հարցազրույցը՝ Գոռ Երանյանի