Չորս գործոն, որ մեծացնում են պատերազմի գրավչությունը Ադրբեջանի համար․ ՍիվիլՆեթ

2110

Լոնդոնյան IHS Global Insight հետազոտական ընկերության վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը կարծում է, որ Ադրբեջանի համար պատերազմի գրավչությունը մեծացել է։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Լիլիթ Գևորգյանը նշում է չորս գործոն, որոնք 2016թ․ ապրիլից հետո փոխել են իրավիճակը և մեծացրել պատերազմի վերսկսման վտանգը։

– Ռուսաստանը անցյալ ամիս Ադրբեջանին մատակարարեց սպառազինությունների հերթական խմբաքանակը։ Սա կարելի՞ է համարել արտառոց, թե՞ ընդամենը նախկին գործարքների տրամաբանական շարունակությունն է։

– Կարծում եմ՝ Ռուսաստանի կողմից ռազմական բոլոր մատակարարումները Ադրբեջան արտառոց են Հայաստանի համար, որովհետև Հայաստանի միակ և կարևորագույն ռազմական դաշնակիցը և Մինսկի խմբի եռանախագահներից մեկը ակտիվորեն զինում է հակամարտության կողմ Ադրբեջանին: Ըստ ՀՀ իշխանությունների, այդ թվում՝ ՊՆ-ի [հունիսի 28-ի ասուլիսում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին ասել էր․ «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում: Առաջին ու պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով»], մատակարարումը վատ զարգացում է միայն այն պատճառով, որ Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է: Իհարկե, զարմանալի է նման գնահատականը, քանի որ Ադրբեջանն իրականում բավականին հստակ է իր քաղաքականության մեջ` այն է Հայաստանի թուլացում, ԼՂ-ի զավթում և իր սահմանների ընդլայնում: Իսկ ռազմական առումով, հարձակումների մասին իհարկե չեն հայտարարի, և այո պետք է լինեն անկանխատեսելի:

Ռուական զենքի մատակարարումները ոչ միայն ռազմական սպառնալիք են Հայաստանին, այլ դիվանագիտական ապտակ: Այս համատեքստում, Հայաստանի իշխանությունների անուղղակի փորձերը՝ արդարացնելու ՀՀ գլխավոր դաշնակից Ռուսաստանի՝ ըստ էության ՀՀ թիկունքին հարվածը՝ դարձյալ մեղադրելով Բաքվին, արտացոլում է ՀՀ-ի գերկախվածությունը Մոսկվայից:

Իրականում հենց նմանատիպ մատակարարումների շնորհիվ է, որ ռազմական հավասարակշռությունը խախտված է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայկական կողմը արդեն զիջում է Ադրբեջանին մի շարք մարտական կարողությունների կատեգորիաներում` ըստ մեր ընկերության [HIS Global Insight] ուսումնասիրությունների:

Ադրբեջանի ստացած վերջին զինատեսակները հատկապես պետք է մտահոգիչ լինեն հայկական կողմի համար, դրանք հստակորեն թուլացնելու են հայկական պաշտպանական կարողությունները: Շատ մտահոգիչ է, որ չնայած լարվածության աճին՝ 2016թ․ ապրիլից հետո Ռուսաստանը շարունակում է զինել երկու կողմերին: Սա նշանակում է, որ պատերազմի տարբերակը սեղանի վրա է` հենց նույն Ռուսաստանի հավանությամբ և աջակցությամբ, և ցանկացած պահի կարող է օգտագործվել Հայատանի դեմ:

Ավելին, Ադրբեջանին զենք վաճառելով` Ռուսաստանն իրենից էլ ավելի մեծ կախման մեջ է դնում Հայաստանին: Այս կախվածությունը օգտագործվում է Հայաստանի պետականության աստիճանական թուլացման համար: Այլ կերպ ասած` Մոսկվան ավելի հեշտ կարող է ուղղորդել թուլացող Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը, ազգային անվտանգության համար կարևոր էներգետիկ ոլորտը, ռազմական որոշումները: Դրա դիմաց Մոսկվան խոստանում է ֆիզիկական գոյության երաշխիքներ գոնե հայության որոշ մասի համար` ռազմական ագրեսիայի դեպքում, ագրեսիա, որy հենց իր` Մոսկվայի օգնությամբ է պատրաստվում:

Լիլիթ Գևորգյանի կարծիքով՝ Ադրբեջանի ստացած վերջին զինատեսակները հատկապես պետք է մտահոգիչ լինեն հայկական կողմի համար, դրանք հստակորեն թուլացնելու են հայկական պաշտպանական կարողությունները: Լիլիթ Գևորգյանի կարծիքով՝ Ադրբեջանի ստացած վերջին զինատեսակները հատկապես պետք է մտահոգիչ լինեն հայկական կողմի համար, դրանք հստակորեն թուլացնելու են հայկական պաշտպանական կարողությունները:

– Ապրիլյան պատերազմից հետո հաճախակիացել են նոր պատերազմի հնարավորության մասին խոսակցությունները։ Պատերազմի ռիսկի առումով ի՞նչ է փոխվել 2016թ․ ապրիլից հետո։

– Առաջին, Ադրբեջանը հաջողությամբ ծրագրված հետախուզական լայնածավալ հարձակում իրականացրեց, ինչն ավարտվեց տարածքներ վերցնելով: Սա վատ արդյունք չէր Բաքվի համար: Սա նաև նշանակում է, որ երկրորդ հարվածն ավելի հավանական է, քան երբ առաջին փորձն արվեց անցյալ տարվա ապրիլին` 22 տարվա զինադադարից հետո, երբ փորձագետների գրեթե բացարձակ մեծամասնությունը բացառում էր նման տարբերակ` Ռուսաստանի ներկայության շնորհիվ:

Երկրորդ, Ադրբեջանը ապրիլյան պատերազմի համար չի պատժվել: Հայկական կողմը լայնածավալ պատժիչ հարձակում չի իրականացրել, ուստի Ադրբեջանը տարածքային և մարդկային էական կորուստներ չի ունեցել: Դիվանագիտական առումով Ադրբեջանը որևէ հստակ քննադատության կամ պատժամիջոցների չի արժանացել:

Ավելին, բացի հողեր գրավելուց, Ադրբեջանի ամենակարևոր, այս անգամ արդեն դիվանագիտական հաղթանակն այն էր, որ կրկին սեղանի վրա դրվեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման Կազանյան փաստաթուղթը։ Ստացվում է, որ զինադադարի ոտնահարմամբ և արյունոտ ռազմական արշավով Ադրբեջանը ստիպեց, որ Հայաստանի վրա միջազգային ճնշումն ավելանա: Այժմ արդեն իրական պատերազմի սպառնալիքով, Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է հինգից յոթ տարածքների վերադարձ: Բայց ամենակարևոր հաղթանակն այն է, որ Բաքուն ստիպեց Մինսկի խմբի միջնորդներին ընդունել, որ ստատուս քվոն, որ թերևս հայկական կողմի ավելի նախընտրելի տարբերակն է, հայտարարվի անընդունելի:

Ավելին, ըստ էության՝ Ռուսաստանի օգնությամբ, Ադրբեջանը կարողացավ թաղել անվտանգության մեխանիզմների ներդրման հարցը, որը կարող էր որոշ չափով սառեցնել կոնֆլիկտը, և հետ բերել ստատուս քվոն:

Երրորդ գործոնը, որ խիստ տարբեր է մինչև 2016թ․ ապրիլի իրադրությունը, այն է, որ աշխարհաքաղաքական առումով Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն ավելի են սրվել։ Հետսառըպատերազմյան շրջանի միջազգային կարգը լուրջ տրանսֆորմացիայի է ենթարկվել, կարևոր իրադարձություններ են կատարվում թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրամիությունում: ԱՄՆ-ը, որոշ առումով նաև մի քանի եվրոպական երկրներ վերագնահատում են վերջին 25 տարիների սերտ ինտեգրացման, արևմտյան արժեքների պահպանման և տարածման քաղաքականությունը: Այս երկրներում էմիգրացիոն, տնտեսական անհավասարության և դեռ շատ բարձր պետական պարտքի խնդիրները ստիպում են շատերին գերակայություն տալ ներքին խնդիրներին: Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ վերանայվում են նաև այսպես կոչված համագործակցության խաղի կանոնները այնպիսի երկների հետ, որոնց իշխանություները և ժողովուրդը նախընտրում է, օրինակ, ռուսական արժեքները: Հայաստանն այդ երկրներից մեկն է: Եթե նախկինում, Արևմուտքն ավելի ներողմիտ էր և շռայլ, հիմա ավելի զգույշ է, նաև հաշվի առնելով վերջին 20 տարվա փորձը:

ՀՀ-ն շարունակում է իրեն ներկայացնել, և կա, իբրև «անվտանգության սպառող»: Այս բնորոշումն օգտագործում են նկարագրելու երկրների, որոնք հովանավոր են փնտրում իրենց անվտանգության խնդրիների լուծման համար, քանի որ իրենք կա՛մ չեն կարող, կա՛մ չեն ուզում սեփական խնդիրները լուծել: Նման մոտեցումը նշանակում է, որ ՀՀ-ն այնքան էլ հաջողակ կարող է չլինել իր համար բարեկամ գտնելու ջանքերում: Արևմուտքի նվազող հետաքրքրությունը ՀՀ-ի և որոշ առումով Ադրբեջանի նկատմամբ ստեղծում է վակում Հարավային Կովկասում, որը Ռուսաստանը օգտագործում է իր շահերի համար:

Ղարաբաղը գլոբալ այլ թեժ կետերի շղթայի մի մասն է, ուր Ռուսաստանն իր շահերն ունի։ Դրանցից մեկը Սիրիան է, մյուսը՝ Ուկրաինան: Այս թեժ կետերն օգտագործվում են ռուսական շահերի առաջխաղացման համար: Այս բոլոր հակամարտություններում շատ խաբուսիկ և կարճակյաց բալանսներ են ստեղծվում, ինչպես տեսնում ենք՝ Ուկրաինայում, Սիրիայում, Ղարաբաղում, որոնք արագ խախտվում են, եթե անհրաժեշտ է:

Չորրորդ գործոնը Ադրբեջանի քաղաքական և տնտեսական վիճակն է: Այնտեղ շարունակվում է տնտեսական հետընթացը, բավական մեծ գնաճ կա, քանի որ Ադրբեջանը ներկրումներից շատ է կախված, իսկ մանաթը թուլացել է դոլարի համեմատ: Այս պահին Բաքուն մտահոգված է իր համակարգաստեղծ բանկի՝ Ադրբեջանի միջազգային բանկի պարտքի վերակառուցման խնդրով, որը երկրի ամբողջ բանկային համակարգի 40 տոկոսն է կառավարում:

Պատերազմի ռիսկից բուն պատերազմին անցնելու խթանները կարող են լինել Ռուսաստան – Ադրբեջան – Թուրքիա եռանկյունում: Ի վերջո, շատ բան չի փոխվել 2016-ի ապրիլից: Ռուսաստանը վերահսկում է ԼՂ հակամարտությունը և ցույց տվեց Ադրբեջանին, որ պատրաստ է վերջինս թույլ տալ հողեր վերցնել, և անգամ լուծել այս խնդիրը, եթե Ադրբեջանը վերջ դնի իր անկախ արտաքին քաղաքականությանը և սկսի Ռուսաստանի հետ ինտեգրացիան: Իհարկե, կոնֆլիկտը լիովին չի լուծվի, այլ միայն մասամբ, որպեսզի պատճառ լինի ռուսական ռազմական ներկայության համար: Նման սցենարի դեպքում Հայաստանը կմնա գրեթե անելանելի վիճակում:

– Դուք ասում եք, որ Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը սեղանի վրա դրեց Կազանյան փաստաթուղթը, բայց չէ՞ որ այդ փաստաթուղթը 2011թ․ ինքը՝ Ադրբեջանն էր մերժել։ Ի՞նչ է փոխվել այժմ։

– Մերժեց, բայց Ադրբեջանը հիմա թերևս ուղղակի ցանկանում է հողեր՝ անորոշ կարգավիճակի դիմաց։ Այդ բանաձևն է փորձում առաջ տանել: Իսկ հայկական կողմի  համար սկզբունքային է մնում կարգավիճակի հարցի որոշումը՝ առանց հետաձգման։ Իմ կարծիքով՝ թե՛ Մադրիդյան, թե՛ Կազանյան սկզբունքները այլևս լուրջ ծրագիր չեն: Դրանք հետխորհրդային շրջանի փաստաթղթեր էին, որոնց իրագործման հիմնական սկզբունքները երկուսն են՝ ազգերի համակեցություն և միջազգային հանրության ռազմական ներկայություն՝ խաղաղապահների միջոցով: 1991-ից հետո որևէ խաղաղապահ առաքելություն առանձնապես լուրջ հաջողություն չի ունեցել աշխարհի որևէ հակամարտությունում: Եթե նույնիսկ նայենք ռուսական խաղաղապահների վերջին փորձառություններին, օրինակ՝ Հարավային Օսիայում, այն նույնպես չհաջողեց և, ըստ ռուսական աղբյուրների, մեծ թվով ռուս խաղաղապահներ սպանվեցին:

Այսինքն, նույնիսկ եթե համաձայնություն լինի խաղաղության պլանի շուրջ, դրա իրագործումը լուրջ խնդիր է ։ Նման «լուծումը» կարող է ավելի լայնածավալ պատերազմի հանգեցնել:

– Հայկական փորձագիտական հանրությունում հաճախ է խոսվում, որ Ադրբեջանի տնտեսական դժվարությունները ռազմական հավասարակշռության վերականգնման առումով աշխատում են հօգուտ Հայաստանի։ Որքանո՞վ են իրատեսական այս պնդումները։

– Ադրբեջանն իհարկե տնտեսական դժվարությունների մեջ է, բայց եթե համեմատենք Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական վիճակը, չնայած Հայաստանի տնտեսական աճին՝ Ադրբեջանը շատ ավելի հզոր է տնտեսական առումով։ Սա տարբեր չափորոշիչներով կարող ենք նայել՝ թե՛ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի, թե՛ աղքատության, թե՛ ժողովրդագրության։ Հայաստանում պաշտոնապես կա 30 տոկոս աղքատություն։ Ադրբեջանում աղքատությունը 6 տոկոսի մակարդակում է:

Պլանավորման առումով՝ կարծել, թե Ադրբեջանը երկարատև տնտեսական ցնցումների մեջ լինելով՝ չի կարող շարունակել սպառազինություններ ձեռք բերել կամ պատերազմ սկսել, անիմաստ է: Բայց, մյուս կողմից, Ադրբեջանը հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին, միջազգային կազմակերպությունների բաց տվյալներին։ Հստակ է, որ Հայաստանն ունի խորքային խնդիրներ, հատկապես՝ աղքատությունն ու արտագաղթը, որոնք թուլացնում են երկիրը։ Նման պայմաններում հյուծման քաղաքականությունը կարող է շատ արդյունավետ լինել:

Ավելին, գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական էլիտայի անդամների համար առաջնային է ոչ թե ԼՂ ներկայիս տարածքների ամրագրումը, այլ ներկայիս համակարգի պահպանումը, որն այս անդամներին նեպոտիզմի միջոցով տվել է պաշտնոններ, քաղաքական իշխանություն, օրենքից վեր կանգնելու և խոշոր և ոչ օրինական բիզնեսով զբաղվելու հնարավորություն: ՀՀ իշխանությունների համար ԼՂ-ն ծանր բեռ է, քանի որ այս խնդրի իրական լուծման համար ՀՀ-ն պետք է ինքնամաքրման ճանապարհով անցնի՝ տեսլական մշակելու համար: Սա ուղղակի դեմ է այպես կոչված քաղաքական վերնախավի շահերին: Շահերի այս բախումը ևս մեծացնում է պատերազմի գրավչությունը Ադրբեջանի համար, որի հակառակորդը այս պահին թույլ է:

Բայց, իհարկե, պատերազմ սկսելու գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններում վստահության պակասն է և անորոշությունը, թե արդյոք ինտեգրացիայի դեպքում Ադրբեջանը Հայաստանի բախտին չի՞ արժանանա, կամ որքանո՞վ կայուն կմնան Ալիև կլանի դիրքերը:

– Ադրբեջանը ներկայում տնտեսական հետընթացի մեջ է, ընկել են նավթի միջազգային գները, կրկնակի արժեզրկվել է մանաթը, սրվել են սոցիալական խնդիրները։ Այս ամենը ինչպե՞ս կարող է դրսևորվել Բաքվի ղարաբաղյան քաղաքականության մեջ։

– Այդ ամենից բացի՝ մեկ այլ տնտեսական խնդիր կա՝ Ադրբեջանի ռազմավարական կարևորությունը՝ որպես էներգակիրներ արտահանող երկիր, նվազել է և նվազելու է: Երկրի նավթային պաշարները նվազել են, իսկ գազի պաշարները և արտահանումը շատ քիչ է համաշխարհային ռազմավարական կարևորությունը պահպանելու համար: Հայաստանի համար սա թե՛ լավ, թե՛ վատ լուր է: Նախկինում Ադրբեջանի նավթային պաշարները կարևոր էին Արևմուտքի համար, և  վերջինս ջանք էր գործադրում ռեգիոնում հարաբերական կայունություն պահպանելու համար: Հիմա սցենարներից մեկը կարող է լինել այն, որ Ալիևը իր դինաստիական իշխանությունն ապահովելու համար ամեն դեպքում որոշի ընդունել ռուսական ինտեգրացիան` ԼՂ որոշ մասի և ռուսական ներկայության դիմաց:

– Հայաստանում կա բանավեճ՝ արդյոք Ղարաբաղի հարցը երկրի ժողովրդավարացման խոչընդո՞տ է, թե՞, ի վերջո, կապ չունի երկրի ժողովրդավարացման հետ։

– Ղարաբաղի անվտագության հարցը տարիներ շարունակ օգտագործվեց իբրև զսպաշապիկ ներքաղաքական ընվզումների բացառման համար, ինչն է գլխատեց Հայաստանի հնարավոր դեմոկրատական զարգացումը: Բացի այս, կոնֆլիկտը հոյակապ արդարացում է տնտեսական թերզարգացության և խիստ բարձր աղքատության համար: Օրինակ, շրջափակման խնդիրը մինչև այժմ օգտագործվում է ՀՀ իշխանությունների կողմից, իսկ բնակչությունը ընդունում է այս բացատրությունը իբրև տրամաբանական, չանյած նրան, որ շրջափակումը ավելի քան երկու տասնամյակ առաջ է եղել, և աշխարհում շատ երկներ կան, որոնք նմանատիպ հանգամանքներում են հայտնվել, բայց կարողացել են մի քանի տարի անց ադապտացվել:

Ավելին, Ղարաբաղի հարցն ըստ էության դարձել է հարմար գործիք ոչ լեգիտիմ իշխանությունների համար միջազգային ասպարեզում որոշակի լեգիտիմություն ձեռք բերելու համար:  Ղարաբաղի խնդրի շնորհիվ իշխանությունները պարբերաբար շփվում են կարևոր տերությունների`  Ամերիկայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հետ, դրանով իսկ իրենց համար ապահովում են որոշ լեգիտիմություն, հատկապես, երբ խոստանում են, որ կարող են նաև ի վերջո ստորագրել ներկայիս ճանապարհային քարտեզը:

Իսկ միջնորդների կողմից, իմ կարծիքով, լեգիտիմության այս պակասն օգտագործվում է իբրև լծակ այս ղեկավարներին համոզելու, ճնշելու, որպեսզի նրանք շարունակեն բանակցությունները և հարկ եղած դեպքում ստորագրեն քննարկվող փաստաթուղթը: Այսինքն՝ հակամարտությունն օգտագործվում է գրեթե բոլոր խաղացողների կողմից, ինչն արդեն ցույց է տալիս, որ սա մեռելածին վարժություն է, որը չի կարող տանել մշտական կարգավորման:

Կարեն Հարությունյան

ՍիվիլՆեթ

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյան