70-ամյա մանկաբույժ Արա Բաբլոյանը՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածու

1823

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բաբլոյանի թեկնածությունը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: ԱԺ փոխանախագահների պաշտոնում կառաջադրվեն Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: Կուսակցության խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Վահրամ Բաղդասարյանը: Խմբակցության քարտուղարը կլինի Գագիկ Մելիքյանը:

«Բոլոր թեկնածուներին առաջարկել է Հանրապետության նախագահը և կուսակցությունը ընդունել է միաձայն»,- ասել է ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Մայիսի 18-ին Հանրապետական խմբակցությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որով կառաջարկվի կրճատել մշտական հանձնաժողովների թիվը՝ 12-ից դարձնելով 9: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հանրապետական խմբակցությունը 9 հանձնաժողովներից 6-ում իրավունք կունենա նախագահելու՝ ներկայացնելով նաև նախագահների անունները:

Ըստ այդմ՝ Ֆինսանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի Գագիկ Մինասյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը՝ Արմեն Աշոտյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Խոսրով Հարությունյանը, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանը, Ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Հակոբ Հակոբյանը:

Շարմազանովը հիշեցրել է, որ կառավարությունը մայիսի 18-ին հրաժարական կտա, ինչից հետո իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի Կարեն Կարապետյանի թեկնածութունը: