Անկախության ձեռք բերումից ի վեր Հայաստանում արտագաղթը երբեք չի դադարել, ավելին՝ սկսած 2007 թվականից, արտագաղթի ծավալներն աճել են, մայիսի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, ըստ «Ազատության» ասել է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Պաշտոնական վիճակագրությունը, մինչդեռ, չի համապատասխանում ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյանի հնչեցրած թվերի հետ: Ընդհանուր առմամբ, ըստ Եգանյանի այսօր ներկայացրած տվյալների, 1991 թվականից ի վեր Հայաստանը լքել է մոտ 1 միլիոն 250 հազար մարդ: Այս թվից պետք է հանել 414 հազարը, որը բնական հավելաճի ցուցանիշն է:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 1991 թ․ Հայաստանի բնակչությունը կազմել է 3 միլիոն 574 հազար մարդ, իսկ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ 2 միլիոն 981 հազար: Միչնդեռ, Եգանյանի ներկայացրած թվերի համաձայն, այս տարվա հունվարի 1-ին Հայաստանի բնակչության թիվը պետք է կազմեր 2 միլիոն 738 հազար: Տարբերությունը կազմում է 243 հազար:
«1992-1994 թվականները մենք անվանում ենք զանգվածային արտագաղթի տարիներ: 3 տարիների ընթացքում բնակչության նվազումն արտագաղթի պատճառով կազմեց շուրջ 600 հազար: 1995-2001 թվականներ, երկրորդ փուլ, կայունացման բայց դեռևս համեմատաբար բարձր արտագաղթի ծավալներ: Մենք այդ 7 տարիների ընթացքում ունեցանք շուրջ 250 հազար բնակչության կորուստ: Այնուհետև, 2002 թվականից մինչև այժմ, գրեթե նույն տարեկան մակարդակի վրա է՝ 2002-2007 թվականներին 25-26 հազար, հետո մի քիչ բարձրացավ, մինչև 29-30 հազար»,- մանրամասնեց Եգանյանը:
Ըստ պաշտոնյայի, 2007-2015 թ․թ․ ընթացքում արտագաղթի ծավալները դարձյալ աճել են․ նշված ժամանակահատվածում Հայաստանից տարեկան արտագաղթել է միջինը 29-30 հազար մարդ: Հատկանշական է, որ նույն՝ Միգրացիոն պետական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն, 2004, 2005, 2006 թվականներին սահմանահատումների քանակի դինամիկան դրական է եղել:
Այսինքն, ավելի շատ մարդ մուտք է գործել Հայաստան, քան դուրս է եկել: Նշված երեք տարիներին Հայաստան մուտք գործած մարդկանց թիվը տարեկան միջինը 12,1 հազարով ավելի շատ է եղել, քան դուրս եկածներինը:
*****
ԱՆԻ կենտրոնի տեղեկանքը
1992-ից ի վեր Հայաստանում միայն երեք տարի՝ 2004, 2005 և 2006 թվականին է, որ երկրից միգրացիոն հոսքերը՝ ժամանածների և մեկնածների միջև տարբերությունը՝ միգրացիոն սալդոն, եղել է դրական: Թվերը, որ ներկայացվում են ստորև, վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայության հրապարակումներից:
Թվական Միգրացիոն սալդո (+, -) Երկրի նախագահը
1992 -228.600 Լևոն Տեր-Պետրոսյան
1993 -141.100 Լևոն Տեր-Պետրոսյան
1994 -127.800 Լևոն Տեր-Պետրոսյան
1995 -37.500 Լևոն Տեր-Պետրոսյան
1996 -20.500 Լևոն Տեր-Պետրոսյան
1997 -31.300 Լևոն Տեր-Պետրոսյան
1998 -24.400 Ռոբերտ Քոչարյան
1999 -7.200 Ռոբերտ Քոչարյան
2000 -57.500 Ռոբերտ Քոչարյան
2001 -60.400 Ռոբերտ Քոչարյան
2002 -2.700 Ռոբերտ Քոչարյան
2003 -10.200 Ռոբերտ Քոչարյան
2004 +2.100 Ռոբերտ Քոչարյան
2005 +12.500 Ռոբերտ Քոչարյան
2006 +21.700 Ռոբերտ Քոչարյան
2007 -3.200 Ռոբերտ Քոչարյան
2008 -23.059 Սերժ Սարգսյան
2009 -24.978 Սերժ Սարգսյան
2010 -46.486 Սերժ Սարգսյան
2011 -43.820 Սերժ Սարգսյան
2012 -42.784 Սերժ Սարգսյան
2013 -41.800 Սերժ Սարգսյան
2014 -41.235 Սերժ Սարգսյան
2015 -43.438 Սերժ Սարգսյան
2016 – 48.200 Սերժ Սարգսյան
Խորհրդային Միության տարիներին անցկացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում բնակչության թիվը կազմել է՝
1926 881.300
1939 1.282.300
1959 1.763.000
1970 2.491.900
1979 3.037,300
1989 3.304,800