Ո՞վ է ստում տանկերի վառելիքի մասին. Կարեն Կարապետյան vs Սեյրան Օհանյան, Վիգեն Սարգսյան

2869

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 1-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով անցյալ տարի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում:

«Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,– ասել էր Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից:

Նույն կարծիքը ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանն արել էր Ավանում կուսակցության քարոզարշավի ժամանակ մարտի 13-ին:

«Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում»,– ասել էր վարչապետը:

Կարեն Կարապետյանի այս հայտարարությունները, սակայն, ըստ այլ գերատեսչությունների չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, մարտի 14-ին ՊՆ-ն պաշտոնապես հերքել է բանակում անորակ վառելիքի հետ կապված խնդիրները՝ նշելով, որ վառելիքը ենթարկվում է ստուգումների, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ տեխնիկայի խափանման դեպքեր չեն արձանագրվել:

«2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման և հետևաբար մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել»,– հայտարարել է Գլխավոր դատախազությունը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը մարտի 17-ին:

Այս տեսակետը, փաստացի, հաստատում է նաև պաշտպանության նախկին նախարար, «ՕՐՕ» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը, ով շաբաթներ առաջ հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի որակի խնդիր չի եղել:

Այսպիսով, ստացվում է, որ ՀՀ վարչապետի հայտարարությունները հերքվում են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նման իրավիճակում ակնհայտ է, որ կողմերից մեկն ակնհայտորեն ստում է:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես եկավ զեկույցով, ուր նաև նշվում էր, որ մարտական տեխնիկան չի կարողացել հասնել դիրքեր մարտկոցների և վառելիքի հետ կապված խնդրիների պատճառով:

Աղբյուրը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում», http://sut.am/archives/768

Կարդալ և դիտել նաև՝

Վարչապետը պնդում է ՝ անորակ վառելիք է եղել. սկանդալային այս թեման դարձել է ներիշխանական լուրջ հակասությունների պատճառ

14/03/2017 13:00

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է անորակ վառելիքի մասին վարչապետի հայտարարությունը (Տեսանյութ)

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անորակ վառելանյութի և դրա պատճառով ռազմական տեխնիկայի չաշխատելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարության հետքերով Aysor.am-ը այդ հարցը հստակեցնող մի քանի հարց էր հղել ՀՀ Պաշտպանության նախարարությանը:

Մասնավորապես, խնդրել էինք տեղեկություն տրամադրել՝ արդյո՞ք անորակ կերոսին է մատակարարվել բանակին, որի հետևանքով ռազմական տեխնիկան լավ չի աշխատել: Իրականում նման բացահայտված փաստեր կա՞ն: Եթե այո՝ կա՞ արդյոք որևէ իրավական գործընթաց այդ կապակցությամբ:

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից Aysor.am-ին պատասխանել են, որ նման դեպքեր չեն արձանագրվել:

«Ի պատասխան Ձեր՝ ՀՀ բանակի համար անորակ վառելիք մատակարարելու վերաբերյալ հարցման, հայտնում ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացի շրջանակներում ձեռք բերված վառելանյութերը մինչև պահպանման բազաներ (պահեստներ) ընդունելը՝

– ՀՀ ՊՆ վառելիքի կենտրոնական լաբորատորիայի կողմից կատարվում է վառելիքի նմուշառում բոլոր ավտոմոբիլային կամ երկաթգծի ցիստեռներից,

– Իրականացվում է վերցված նմուշների լաբորատոր հետազոտություն և դրա արդյունքով որակի համապատասխանության դեպքում տվյալ վառելիքը ընդունվում է, իսկ անհամապատասխանության դեպքում վառելիքը չի ընդունվում:

Ինչ վերաբերում է անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումներին, ապա նման դեպքեր, ներառյալ 2016 թվականին, չեն արձանագրվել», – ասված է ՀՀ ՊՆ պատասխանում:

http://www.aravot.am/2017/03/17/867203/

http://www.azatutyun.am/a/28131047.html

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բարձրաձայնում է ապրիլյան քառօրյայի բացթողումների մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անդամները պնդում են՝ ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմն ավելի քիչ զոհեր կունենար, եթե բանակում զինտեխնիկան սարքին լիներ, զինվորական մեքենաներն ապահովված լինեին վառելիքով, իսկ դիրքապահ զինվորներին աջակցող ուժերը չուշանային։

Բանակում առկա այս ու մյուս բացթողումները գրասենյակի աշխատակիցները ներկայացրել են իրենց պատրաստած զեկույցում։ Զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու նպատակով նրանք հանդիպել են ապրիլ ամսին զոհված 94 զինծառայողից 61-ի ընտանիքի հետ։ Զեկույցի համահեղինակ Արմինե Սադիկյանի խոսքով, այդ օրերին բանակում առկա բացերը զոհվածներից շատերի հարազատները տեսել են սեփական աչքերով։

«Եղել են դեպքեր, երբ ճանապարհին տանկերը անսարք վիճակում են եղել, մարտկոցների հետ կապված խնդիր է եղել: Տեսել են դեպքեր, երբ բենզինի փոխարեն ջուր է լցված եղել տանկերի մեջ կամ իրենց որդիների ծառայակիցների միջոցով հայտնել են, որ փամփուշտները վերջացել են, ձեռնամարտի են բռնվել: Դա խնդիրներ են, որ ծնողները իրենց աչքերով են տեսել», – ասաց Արմինե Սադիկյան:

Համաձայն զեկույցի՝ քառօրյա պատերազմի զոհերի գերակշիռ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են։ Արմինե Սադիկյանն ընդգծում է՝ շփվել են 61 ընտանիքի հետ, բայց նրանցից ոչ ոք բարեկեցիկ պայմաններում չի ապրել։ Զոհված զինծառայողների հարազատներից քչերն ունեն մշտական եկամուտի աղբյուր, ոմանք ապրում են արտագնա աշխատանքի հաշվին, մի մասն էլ՝ ծերության կամ հաշմանդամության թոշակի հույսին։

«Դեպքեր կային, որ այդ զինծառայողները համարվում էին ընտանիքի կերակրողը, դեպքեր կային, որ ոչ, բայց ծնողների միակն հույսը նրանք են եղել, որ երկու տարի հետո պիտի գան, տունը կառուցեն, աշխատանք ունենան ու իրենց ընտանիքը պահեն», – նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը:

Զոհված զինծառայողների հարազատների հետ զրուցելուց զատ, զեկույցում տեղ են գտնել նաև փաստեր ու պատմություններ ԶԼՄ հրապարակումներից։ Արմինե Սադիկյանից հետաքրքրվում ենք, եթե բացի զոհերի մասին թվային տեղեկությունից, այլ պաշտոնական ինֆորմացիա այդտեղ չկա, որքանով են ներկայացված փաստերն արժանահավատ։

«Մենք հարցը բարձրացնողն ենք, արդեն տվյալ մարմիննեըր կարող են հետաքննություն իրականացնել: Փորձել ենք ճշտել, թե քանի հոգու գործով ինչ քրեական գործ է հարուցվել, ինչ որակումներ են տրվել համապատասխան քրեական օրենսգրք հոդվածներով, սակայն դրանք համարվել են գաղտնի տեղեկություն»:

Զեկույցն արդեն ուղարկվել է ՊՆ, Դատախազություն, ՄԻՊ-ին, Քննչական կոմիտե։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ի պատասխան «Ազատության» հարցի նշեց, որ դեռ ծանոթ չէ զեկույցին։

«Առիթ չեմ ունեցել ծանոթանալու զեկույցին ու դրանում բարձրացված խնդիրներին: Դատախազության ստորաբաժանումը կծանոթանա և Դատախազության անելիքների մասով միջամտության դեպքում դուք կտեսնեք էդ արձագանքը», – ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Փոխարենը ՊՆ-ում արդեն հասցրել են կարդալ զեկույցը։ Նախարարի ավագ խորհրդական Ալիկ Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դեռ պետք է մանրամասն ուսումնասիրեն այդտեղ տեղ գտած յուրաքանչյուր տվյալ։

«Զեկույցը հիմնված է որոշ դեպքերում նաև անձնական, սուբյեկտիվ մոտեցումների վրա, բայց հաշվի առնելով դրա հրատապությունը կքննարկվի, և կարձագանքենք», – նշեց Պաշտպանության նախարարի ավագ խորհրդականԱլիկ Ավետիսյանը:

Ավետիսյանը չկարողացավ հստակ ժամկետներ նշել, թե երբ կներկայացվի նախարարության դիրքորոշում զեկույցում տեղ գտած պնդումների վերաբերյալ։ Բայց չբացառեց, որ հնարավոր է որոշ դեպքերում նաև քրեական գործ հարուցվի։