Հաց բերողը բոլորիս ընտրության առջև է կանգնեցրել. Ստեփան Դանիելյան

1787

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

Շատերը գրում են, որ իշխանությունը սպանեց Հաց Բերողին: Իմ կարծիքով իշխանությունը Հաց Բերողին չի սպանել, այլ ճիշտ հակառակը, իրենք փորձում էին պաշտպանվել Արթուր Սարգսյանից:

Արթուրի մեջ զոհ տեսնողները իրեն դրանով նվաստացնում են: Հաց Բերողը զոհ չի եղել: Ինքն է իր ընտրությունը կատարել, ինքն է եղել նախահարձակը: Ինքն է հաց տանելով տապալել մի ողջ ոստիկանության ու հատուկ ծառայությունների ծրագրերը: Ինքն է ընտրել իր ճակատագիրը և հացադուլ սկսել ու ստիպել (ոչ թե խնդրել), որ իրեն բաց թողնեն ու հասել է իր նպատակին: Ինքը երկու անգամ հաղթել է պետական համակարգին:

Սակայն դա իր համար քիչ էր: Բանտից դուրս գալով ասել է, որ իր նպատակն է տապալել այս ընտրություն կոչվող միջոցառումը ու գիտակցված կերպով կատարել է իր վերջին քայլը:

Իր մահը իր գիտակցված ընտրությունն էր:

Իր մահով նա մարտահրավեր է նետել քաղաքական համակարգ համարվող (իշխանություն և ընդդիմություն կոչվող կուսակցությունները) այս ճահճին:
Բոլոր դեպքերում Արթուրը հաղթել է, մնացածը մեր ընտրությունն է` մասնակցում ենք այս ողջ կեղծիքին, թե` ոչ:

***** Այս գրառումը Ստեփան Դանիելյանը թողել է մի քանի օր առաջ

Հաց բերողը Հայաստանի ամենասկզբունքային մարդն է, ով կոմպրոմիսների չի գնում և պատրաստ է քայլ կատարել: Հրաժարվում է բուժօգնությունից և քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց:

Հաց Բերողը հրաժարվում է հաց ուտելուց, մնացել է առանց հացի և նրա քայլով ժամանակին հիացածները իրենք պետք է նրան հաց հասցնեն, բայց դրա համար ստիպված են ավելի դժվար ճանապարհով անցնել, լինել նույնպես սկզբունքային, ինչպես ինքն է:

Այս 25 տարվա ընթացքում Հայաստանի միակ հացադուլավորն է, ով որոշել մինչև վերջ գնալ, կամ էլ իրեն պետք է պատշաճ կերպով բաց թողնեն:

Իր այս քայլով նա մեզ բոլորիս ընտրության առջև է կանգնեցրել, բայց առաջին հերթին ընտրություններին գնացող կուսակցություններին:

ԱԺ-ում կազմակերպված ստորագրահավաքը իշխանության, սակայն առաջին հերթին այդ կուսակցությունների համար դեմքը փրկելու փորձ էր: Նրան կալանքից ազատելով ցանկանում էին խուսափել այդ սկզբունքային հարցադրումից. մասնակցել ընտրություն կոչվող խաբկանքին, թե նույնպես պատրաստ լինել քայլ կատարել ու հրաժարվել այդ խաբեբաությունից:

Հաց Բերողի հարցադրումը դեռ մնում է անպատասխան: