Ադրբեջանը տասը տարվա մեջ առաջին անգամ սկսել է գազ ներմուծել: World Energy Weekly

927

2016 թվականին՝ 2006-ից ի վեր առաջին անգամ, Ադրբեջանը գազ է ներմուծել (294 մլն խորանարդ մետր), Թուրքմենստանը նրա միակ մատակարարն է, գրում է ՍիվիլՆեթը, վկայակոչելով էներգետիկ ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերության World Energy Weekly հանդեսին (մարտի 13-ի համարը)։

Ադրբեջանի առևտրային գազի արդյունահանման ծավալը 2016-ին նվազել է մինչև 18.75 մլրդ խմ՝ 2015թ․ 19.44 մլրդ խմ-ի համեմատ։ Արտահանումը կազմել է ընդհանուր առմամբ 8.06 մլրդ խմ՝ 2015 թ. 8.14 մլրդ խմ-ի համեմատ։

Թուրքմենստանի և Իրանի միջև 2016թ․ հոկտեմբերին կնքված  փոխանակման համաձայնագրով՝ Իրանը տեղափոխում է թուրքմենական գազը իր հյուսիսային տարածքներ, ինչպես նաև Ադրբեջան:

Ըստ Petrostrategies-ի՝ Ադրբեջանում նվազել է նավթի արդյունահանումը։  «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրերում, որի շահագործման միջազգային կոնսորցիումը ղեկավարում է British Petroleum-ը, 2016թ․ արդյունահանվել է օրական 630 000 բարել նավթ՝ 2015թ․ 634 000-ի համեմատ։

2016թ․ Ադրբեջանի նավթի ընդհանուր արդյունահանումը կազմել է 41.03 մլն տոննա, մինչդեռ 2015 թ. այն կազմել էր  41.7 մլն տոննա։

Մյուս կողմից,  «Շահ-Դենիզ» հանքավայրի գազի արտադրությունը 2015թ․ 9.9 մլրդ խմ-ից աճել է 10,7 մլրդ խմ 2016թ.։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը 2016թ․ արդյունահանել է 29.33 մլրդ խմ գազ՝ 2015թ․ 29.72 մլրդ խմ-ի համեմատ։