ՍԴՀԿ-ն և Ծառուկյանը դադարեցնում են դաշինքային քննարկումները

1429

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում դաշինքային համագործակցությունը Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) հետ։

Ավելի վաղ Ծառուկյանը նպատակահարմար չէր համարել նաև դաշինքային համագործակցությունը սփյուռքյան մեկ այլ կազմակերպության՝ ՌԱԿ-ի հայաստանյան գործընկեր ՀՌԱԿ-ի հետ։

«Ինչպես ավելի վաղ ՀՌԱԿ-ի դեպքում առաջ էր եկել սփյուռքյան կառույցների հետ տարաձայնությունների խնդիրը, այս դեպքում էլ առկա են ՍԴՀԿ-Վ[երակազմյալ]ՍԴՀԿ հակասություններն ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումները: Մեծ հարգանք տածելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ էլ՝ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»,- գրել է Տոնոյանը:

Իր հերթին, այսօր ավելի վաղ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը իր Ֆեյսբուքի էջում հետևյալ գրառումն է արել․

«2016 թ֊ի դեկտեմբերի վերջից Գագիկ Ծառուկյանի լիազոր անձանց նախաձեռնությամբ սկսվեցին բանակցություններ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ, որի հիմքում ընկած էր հետևյալը։
1. Առաջիկա նախատեսվող դաշինքում քննարկվում է մեծ քաղաքական պլատֆորմի ստեղծում, որի հիմքում ընկած է քաղաքական առողջ համագործակցության, սոցիալական արդարության հաստատման, երկրում որակական փոփոխություններ կատարելու գաղափարները։
2. ՍԴՀԿ֊ն համաձայնվել էր միանալ այդ պլատֆորմին, որտեղ դաշինք կազմող ուժերը պետք է լինեին ՍԴՀԿ֊ն, ԲՀԿ֊ն, ՌԱԿ֊ը, ՀՀՇ֊ն և Միասնություն շարժումը։
3. Քաղաքական կոնսուլտացիաները ընթացել են բոլոր մակարդակներով` ընդհուպ մինչև Ծառուկյանի հետ, որի հետ անձամբ ձեռք է բերվել քաղաքական պայմանավորվածություն բոլոր հնարավոր հարցերով։
4. ՍԴՀԿ֊ն մասնակցելու էր 8 ռեյտինգային թեկնածուներով` այդ թվում ԲԱՑԱՌԱՊԵՍ սեփական միջոցներով։
5. ՍԴՀԿ համաշխարհային ղեկավարությունն այս պայմաններով պատրաստ է եղել բարոյական աջակցություն ցուցաբերել դաշինքին։

Մի քանի օր է, սակայն, բոլոր հնարավոր առումներով միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները, որի պատճառով Հնչակյան կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները»։

Կարդալ նաև՝

Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից