Բանդիվան գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ամասիայի շրջան

3340

Բանդիվանը գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոնից 28 կմ հեռավորության վրա, Ախուրյան գետի ձախ ափին` ծովի մակարդակից մոտ 1950 մետր բարձրության վրա:

Նախկինում ունեցել է Բանդեվան, Բանդիվան Փոքր, Պենտեվան, Բանդիվան Վերին անվանումները: Ներկայիս գյուղից մոտ 1-1.5 կմ արևմուտք գտնվում է Բանդիվան Ներքին լքված գյուղը, որը 1950-ական թվականներին միացվել է Վերին Բանդիվանին և այդ ժամանակնից կոչվել Բանդիվան:

Գյուղը հիմնադրվել է 1829-ին Կարսի մարզի Տեկոր գյուղից եկած գաղթականների կողմից:

 Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1831 թվականին Բանդիվանը ունեցել է 213 բնակիչ, բոլորը՝ հայ:

Ըստ հաջորդական հաշվառման և կամ մարդահամարի տվյալների, Բանդիվանն ունեցել է.

1831թ. – 213 բնակիչ, բոլորը՝ հայ,

1873թ. – 501 բնակիչ, բոլորը՝ հայ,

1886թ. – 659 բնակիչ, բոլորը՝ հայ,

1897թ. – 806 բնակիչ, բոլորը՝ հայ,

1908թ. – 930 բնակիչ, բոլորը՝ հայ,

1914թ. – 1054 բնակիչ, բոլորը՝ հայ,

1916թ. – 577 բնակիչ, բոլորը՝ հայ,

1919թ. – 540 բնակիչ, բոլորը՝ հայ,

1922թ. – 236 բնակիչ, բոլորը՝ հայ,

1926թ. – 392, որից 391-ը՝ հայ, 1-ը՝ լեհ,

1931թ. – 458, որից 456-ը՝ հայ, 2-ը՝ այլ:

Ամասիա տանող ճանապարհի աջ կողմում`1-1.5 կմ արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին և գյուղի հյուսիսային եզրին են գտնվում մ.թ.ա. II-I հազարամյակների ամրոցների ավերակներ, որոնց շրջակայքում առկա է մ.թ.ա. II-I հազարամյակի դամբարանադաշտ:

Բանդիվան գյուղի հարավարևելյան մասում գտնվող բնակատեղիի տարածքում հայտնաբերվել է մ.թ.ա. III-II հազարամյակի մենհիր՝ մենաքար: Մենհիրները ննջեցյալի հիշատակին գետնի մեջ կանգնեցված նկատելի բարձրությամբ ամբողջական մեծ քարեր են` առանձին և ուղղահայաց: Նույն բնակատեղիի հյուսիսարևմտյան կողմում հայտնաբերվել է նաև դոլմեն, որը համապատասխանում է մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներին: Դոլմենները նույնպես մեգալիթյան մշակույթին պատկանող հնագույն թաղման կառույցներ են` քարարկղի ձևով: Դրանք կառուցված են գետնի մեջ ուղղաձիգ կանգնեցված հսկա քարերից, ունեն մուտք և տանիք` սեղանաձև դրված մեծամեծ սալաքարերով: Այս փոքրիկ քարաշեն տնակները քարարկղային թաղումներից տարբերվում են նրանով, որ դրված են գետնի վրա և ոչ թե հողի մեջ:

Բանդիվանից արևմուտք` Ախուրյանի աջ ափին` ձորի մեջ, կա քարայր-կացարանների համալիր, որին տեղացիները անվանում են «7 մաղարա»: Բանդիվանի հյուսիսային կողմում պահպանվել են V-VI դդ. կոթողներ, որոնցից առանձնանում է Հիսուսի խաչելության տեսարանով կոթողը: Գյուղից հարավ-արևելք, «Մեծ (Ներքին) Բանդիվան» գյուղատեղիում, ամրոցի մեջ պահպանվել են XIX-XX դդ. ձիթհանների և ջրաղացի՝ մոտ 1-1.5 բարձրությամբ պատերի մնացորդներ, իսկ Ախուրյան գետի ափին` XIX դ. ջրաղացի ավերակներ:

Բանդիվան գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում է գտնվում Ս. Զորավոր մատուռը: Պատմում են, որ մատուռի տակից հոսող սառնորակ աղբյուրի ջուրը կտրվել է 1918թ, այն ժամանակ, երբ թուրքերը մտել են գյուղ: Թուրքերի հեռանալուց հետո ջուրը նորից սկսել է հոսել: Նույն երևույթը կատարվել է նաև երկրաշարժի ժամանակ` 1988 թ.:

Ախուրյանի կիրճում, Բանդիվանի մ.թ.ա. II-I հազարամյակների ամրոցի ավերակների մոտ` Ամասիայի ձորի բարձրադիր ձախ ափին, ՊՄՊ մարզային ծառայության կողմից վերջերս հայտնաբերվել է մի յուրօրինակ քարե հուշարձան, որը հանդիսանում է հեռահաղորդակցության ամենահին միջոցներից մեկը: Մոտ 1 մետր լայնություն ունեցող ժայռաբեկորի միջնամասում հատուկ հաշվարկով երկծայր անցք է բացված, որն էլ ծառայել է որպես կապի, այսինքն ձայնա- հեռահաղորդակցության միջոց: Քարի վրա բացված բերանի չափ անցքից արձակված ձայնային ազդանշանի միջոցով լուր-ահազանգեր են հաղորդվել ամրոց-բնակավայրից հեռու գտնվող մարդկանց (որսորդներ, ձկնորսներ, հնձվորներ, հովիվներ): Չորսհազարամյա պատմություն ունեցող հուշարձան-կոթողին տրվել է խորհրդանշական «ՔԱՐ-ՖՈՆ» անվանումը:

 Կարդալ և դիտել նաև նաև՝ 

https://www.aniarc.am/2021/06/10/amasia-ashotsk-1831-aghbaba-korkotian/